Լեո Միլոնաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իլիաս Լեո Միլոնաս
անգլ.՝ Elias Leo Milonas
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1936
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 1, 2024(2024-01-01) (87 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԲրուքլինի իրավաբանական դպրոց
Գիտական աստիճանիրավունքի բակալավր
Մասնագիտությունփաստաբան
 E. Leo Milonas Վիքիպահեստում

Իլիաս Լեո Միլոնաս (անգլ.՝ Elias Leo Milonas, հոկտեմբերի 23, 1936, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, որը դատավոր է աշխատել Նյու Յորք նահանգում (1972-1998): Նյու Յորք քաղաքի փաստաբանական պալատի նախագահ (2002-2004), «Pillsbury» իրավաբանական ընկերության գործընկեր (1999 թվականից)[1]: Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի անդամ է[2]: Սուրբ Անդրեաս առաքյալի միաբանության անդամ, կրում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նոմոֆիլակոսի արքոնտի տիտղոս[3]:

Կենսագրություն

Ծնվել է հույն ներգաղթյալի ընտանիքում: Նրա հայրը ռեստորանատեր էր Հարլեմում (Նյու Յորք)[2][4]։ Ավարտել է Նյու Յորքի Քաղաքային քոլեջը (1957) և Բրուքլինի իրավաբանական դպրոցը իրավագիտության բակալավրոսի աստիճանով (1960)[1]: 1960-1972 թվականներին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ 1972 թվականի դեկտեմբերին Միլոնասը սկսել է աշխատել Նյու Յորքի քրեական դատարանում։ 1976-1978 թվականներին եղել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնակատար։ 1978-1979 թվականներին՝ Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավոր։ 1979-1981 թվականներին նա աշխատել է Նյու Յորք քաղաքի դատարանների կառավարչի տեղակալի պաշտոնում։ 1982-1993 և 1996-1998 թվականներին Միլոնասը Նյու Յորքի Գերագույն դատարանի վճռաբեկ բաժնի կրտսեր դատավոր էր (առաջին դատական դեպարտամենտ)։ 1993-1995 թվականներին նա Նյու Յորք նահանգի դատարանների կառավարիչն էր:

1999 թվականից գործընկեր է «Pillsbury» իրավաբանական ընկերությունում։ Նա մասնագիտանում է առևտրային բարդ դատավարությունների, բողոքների և վեճերի այլընտրանքային կարգավորման ոլորտում։ Նրա հաճախորդներն են «General Electric», «Viacom», «Pfizer», «Schering-Plough», «Bombardier», «Deutsche Bank», «BNY Mellon», «Marubeni America Corp.», «American Express», «Petróleos de Venezuela, SA» և «The Bank of Cyprus» ընկերությունները[1][5]։

2003 թվականից Միլոնասը Նահանգների դատարանների ազգային կենտրոնի (NCSC) տնօրենների խորհրդի անդամ է։ 1974-1980 թվականներին եղել է այդ կազմակերպության անդամ[2]:

Իրավագիտության ոլորտում բազմաթիվ հեղինակավոր պարգևների և մրցանակների դափնեկիր է[1]։

Ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ քաղաքացիական և կառավարական հաստատությունների գործունեության մեջ։ «Legal Aid Society», «Fund for Modern Courts», «New York Urban League», «Fund for the City of New York», «Judges & Lawyers Breast Cancer Alert» և այլ կազմակերպությունների անդամ է[1][6]։

Անձնական կյանք

Ամուսնացած է Հելենի հետ, նրանք ունեն երկու երեխա[2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Honorable E. Leo Milonas». Pillsbury.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «E. Leo Milonas». nycourts.gov.
  3. «The Archon». Архонты Вселенского Патриархата. 2008.
  4. Carmody, Deirdre (December 29, 1972). «Three Represent 'New Breed' of Judges». The New York Times.
  5. «E. Leo Milonas». Newton Arbitration.
  6. «E Milonas». Bloomberg.