Արքոնտ
Արտաքին տեսք

Արքոնտ (հուն․՝ ’άρχων ),
- պետ, առաջնորդ, կառավարիչ, տիրակալ, արքա Հին Հունաստանում և հելլենիստական մի շարք պետություններում։
- Մինչև մ․ թ․ ա․ 5-րդ դարի սկիզբը Աթենքում կառավարման բարձրագույն մարմնի ինն անդամներից յուրաքանչյուրը։ Մ․թ.ա․ 8-րդ դարի կեսից արքոնտի իշխանության ցմահ ժամկետը իջեցվել է 10 տարվա։ Մ․թ․ա․ 7-րդ դարի առաջին կեսից արքոնտն ընտրվել է մեկ տարի ժամկետով։ Առաջին արքոնտը կոչվել է անվանադիր (եպոնիմոս) և գլխավորել գործադիր իշխանությունը (նրա անունով է կոչվել տարին)։ Երկրորդը կոչվել է թագավոր(բասիլևս) և վարել պաշտամունքային ծիսակատարությունները, երրորդը՝ զորավար (պոլեմարքոս)։ Մնացյալ վեց արքոնտները կոչվել են օրենսդիրներ (թեսմոթետներ), որոնք չեն եղել բառիս բուն իմաստով օրենսդիրներ, այլ նախագահել են դատական այն գործերը, որոնք պետական մյուս աստիճաններում ենթակա չեն եղել դատաքննության։ Նրանց պարտականությունն է եղել նաև ամեն տարի աթենական օրենքների վերանայումն ու թերությունների վերացումը։ Մ․թ․ա․ 7-րդ դարից աթենական արեոպագոսը կազմվել է գլխավորապես նախկին արքոնտներից։ Սոլոնի բարենորոգումներից (մ․թ․ա․ 6-րդ դարի սկիզբ) հետո արքոնտ են ընտրվել ունևոր խավերի ներկայացուցիչները։ Կլիսթենեսի բարենորոգումներից (մ․թ․ա․ 6-րդ դարի վերջ) հետո արքոնտը կորցրել է քաղաքական դերը՝ վերածվելով պատվավոր կոչման։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 157)։ |