Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-1911, 1913, 1915-1917, 1921-1922), արտաքին գործերի նախարար (1915-1917, 1921-1922, 1925-1931)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 564)։