ISO 3103

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ISO 3103 (ԻՍՕ 3103), Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) հրապարակած ստանդարտ, որով որոշվում է թեյի թրմեցման եղանակը։ Ստանդարտն ստեղծել է ԻՍՕ-ի թիվ 34 տեխնիկական կոմիտեի թիվ 8 ենթակոմիտեն (թեյ) 1980 թվականին[1]։

Ստանդարտը ներկայացնում է կավե սափորների կամ ճենապակյա ամանների մեջ թեյի չոր տերևներից լուծվող նյութերի ստացման եղանակը՝ սպիտակ կավե կամ ճենապակյա ամանների մեջ թարմ եռացրած ջուր լցնելու միջոցով։ Դրանից հետո ուսումնասիրվում են տերևների և ստացված հեղուկի օրգանոլեպտիկ հատկությունները՝ կաթով կամ առանց դրա։

Սույն ստանդարտով որոշվում է թեյի թրմեցման եղանակը՝ իրականացնելով դրա համտեսումը[2][3]։

Հակիրճ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թրմեցման համար պատրաստված թեյնիկը պետք է լինի սպիտակ կավից կամ հախճապակուց՝ ծածկված ջնարակով, ինչպես նաև պետք է ունենա մասնակիորեն ատամնավոր եզրեր։ Թեյնիկի կափարիչը պետք է ունենա փոքրիկ անցք, որպեսզի օդի որոշակի մաս կարողանա դուրս գալ, երբ պատրաստվում է թեյի թուրմը։
  • Եթե օգտագործվում է մեծ թեյնիկ, ապա այն պետք է տեղավորի ամենաշատը 310 մլ (±8 մլ) և ունենա 200 գրամ (±10 գրամ) զանգված։
  • Եթե օգտագործվում է փոքր թեյնիկ, ապա այն պետք է տեղավորի ամենաշատը 150 մլ (±4 մլ) և ունենա 118 գրամ (±10 գրամ) զանգված։
  • Թեյնիկի մեջ լցվող եռացրած ջրի ամեն 100 մլ‐ին ավելացվում է 2 գրամ թեյ (չափման 2% անճշտությամբ)։
  • Թարմ եռացրած ջուրը թեյնիկի մեջ պետք է լցվի եզրերից 4-6 մմ մակարդակի վրա։
  • Ջուրը չպետք է լինի կոշտ։
  • Թրմեցման տևողությունը՝ 6 րոպե։
  • Թեյը պատրաստելուց հետո այն պետք է լցվի սպիտակ կավից կամ հախճապակուց պատրաստված բաժակի մեջ, որը պետք է ծածկված լինի ջնարակով։
  • Եթե օգտագործվում է մեծ բաժակ, ապա թեյը պետք է ունենա 380 մլ ծավալ և լինի 200 գրամ (±20 գրամ)։
  • Եթե օգտագործվում է փոքր բաժակ, ապա թեյը պետք է ունենա 200 մլ ծավալ և լինի 105 գրամ (±20 գրամ)։
  • Եթե պատրաստման ընթացքում օգտագործվելու է կաթ, ապա այն կարող է բաժակի մեջ ավելացվել ինչպես թրմեցված թեյը լցնելուց առաջ, այնպես էլ՝ հետո։
  • Կաթը, որն ավելացվելու է բաժակի մեջ թեյից հետո, ավելի լավ է լցվի թեյի 65 — 80 °C ջերմաստիճանում։
  • Մեծ բաժակում պետք է ավելացվի 5 մլ կաթ, իսկ փոքր բաժակում՝ 2.5 մլ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտը քննադատվել է թեյնիկը նախապես տաքացնելու կարևոր փուլը անտեսելու համար[4]։ Իռլանդիան միակն էր, ով քվեարկել էր դեմ՝ տեխնիկական հարցերում անհամաձայնությունների պատճառով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արքայական կանոններ և օրենքներ, 1981, Բրիտանական ստանդարտացման ինստիտուտ
  2. «Fancy a quick cuppa - in 5,000 words?». The Guardian. 1999 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «1999 թվականի Նոբելյան մրցանակակիրներ». Annals of Improbable Research. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Feedback column». New Scientist Magazine. No. 2207. 1999 թ․ հոկտեմբերի 9. «Սակայն որևէ տեղ նշված չէ բրիտանական թեյախմության կարևոր մաս կազմող թեյնիկը նախապես տաքացնելու քայլը անգլ.՝ Nowhere, however, is there mention of the ritual of warming the pot, central to the mystical British Tea Ceremony.»
  5. «ISO 3103:1980(en) Tea — Preparation of liquor for use in sensory tests». ISO. «The member body of the following country expressed disapproval of the document on technical grounds: Ireland»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]