31328-րդ համարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
31328-րդ համարը
հուն․՝ Το Νούμερο 31328
ՀեղինակԻլիաս Վենեզիս
Տեսակպարբերական և գրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհունարեն
Հրատարակման տարեթիվ1931

«31328-րդ համարը», հույն ականավոր գրող Իլիաս Վենեզիսի ինքնակենսագրական վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին։ Վեպում նկարագրված են Վենեզիսի ապրումները, որը թուրք-հունական պատերազմի տարիներին գերի է ընկել թուրքերին և մասնակցել մահվան քայլերթին դեպի Անատոլիայի խորքերը։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերը իրագործեցին միլիոնավոր քրիստոնյաների, այդ թվում՝ նաև հույների ցեղասպանություն, որից փրկվելով՝ Վենեզիսների ընտանիքը իր բնօրրանից՝ Այվալըքից փախավ Լեսբոս կղզին։ 1919 թվականին, երբ հունական զորքն ազատագրեց Զմյուռնիան ու շրջակա բնակավայրերը, Վենեզիսները վերադարձան Փոքր Ասիա։ Բայց 1922 թվականի ամռանը թուրքերը վերագրավեցին Այվալըքը, Զմյուռնիան ու շրջական, և 18-ամյա Վենեզիսը գերի ընկավ թուրքերին։ Սրանք պատանուն, ինչպես և քրիստոնյա բնակչության հազարավոր տղամարդ ներկայացուցիչների, նետեցին այսպես կոչված բանվորական գումարտակ, որն ամռան կիզիչ արևի տակ տաժանակիր աշխատանքներ կատարելով՝ պիտի հասներ Անատոլիայի խորքերում թուրքերի հիմնած համակենտրոնացման ճամբարը։ Գերյալներից շատ-շատերը զոհվեցին ճանապարհին. մի մասին գնդակահարեցին շարասյանն ուղեկցող թուրքերը, մի մասին բռնաբարեցին ու կտտանքների ենթարկեցին, մի զգալի մասին էլ ոչնչացրին հիվանդությունները, սովը, անտանելի, անմարդկային պայմանները։ Երեք հազարից ավելի գերյալներից ողջ մնաց ընդամենը 23 մարդ[1]։ Տասնչորս ամիս անց Վենեզիսն ազատ արձակվեց և կարողացավ վերադառնալ Լեսբոս, որտեղ ծանոթացավ «Կամպանա» («Զանգ») շաբաթաթերթի խմբագիր Ստրատիս Միրիվալիսի հետ։ Վերջինս համոզեց Վենեզիսին, որ գրի առնի և թերթում հրատարակի թուրքական գերության մեջ իր դառնադառը ապրումների, իր անցած տառապալից ուղու պատմությունը։ 1924 թվականին վեպը լույս տեսավ թերթում, իսկ 1931 թվականին դրա ընդլայնված տարբերակը տպագրվեց առանձին գրքով՝ գրական մեծ համբավ բերելով հեղինակին։

1978 թվականին անվանի կինոռեժիսոր Նիկոս Կունդուրոսը էկրանավորեց վեպը (խոսքը «1922» կամ «Զմյուռնիա 1922» կինոնկարի մասին է[2]։ Կինոռեժիսորը ֆիլմի վերնագրում ցանկացել է ընդգծել թուրքերի կողմից Զմյուռնիայի գրավման տարեթիվը)։ Հունաստանում մինչև 1982 թվականը այս կինոնկարի ցուցադրումն արգելված էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պահանջով. Թուրքիան պնդում էր, որ ֆիլմի ցուցադրումը կվնասի թուրք-հունական հարաբերություններին։

Վեպի դիպաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողություններն սկսվում են թուրքերի կողմից Այդինի բնակավայրի գրավման նկարագրությամբ։ Զավթիչները գրավյալ տարածքների բոլոր տղամարդկանց քշում են բանվորական գումարտակ (թուրքերեն՝ «ամելե թաբուրու»)։ Մեկ-երկու օր անց գերյալներից շատերի դեմքերը գունատվում են, բոբիկ ոտքերը, կիսամերկ մարմինները արյունոտվում քարերից, թուրք վերակացուների անգութ մտրակահարումներից[3]։

Մահվան քայլերթի մասնակիցների կյանքը նկարագրվում է ականատեսի շուրթերով։ Ընթերցողի աչքերի առջև հառնում են սեհմռկելի տեսարաններ. ահա թուրք վերակացուները մեռցնելու աստիճան ծեծում են գերիներից մեկին, մեկ ուրիշին ծանր վիրավոր, անօգնական լքում են, թողնում ամայի ճանապարհին, երրորդին խմբով բռնաբարում են, հետո դարձյալ խմբով կտտանքների ենթարկում, զվաճանում, հրճվում՝ դիտելով, թե ինչպես է տանջամահ լինում... Իսկ վեպի տասնութերորդ գլխում հեղինակը նկարագրում է, թե ինչպես թուրքերը հարկադրում են մի խունբ գերյալների, որ հողի տակ թաքցնեն ցեղասպանությանը զոհ գնացած զմյուռնիացի և մագնեզիացի տասնյակ հազարավոր քրիստոնյաների դիակների մնացորդները[3]։

Վեպի սկզբում Վենեզիսը ցույց է տալիս, որ մարդկային հարաբերությունների, հույսի դեռևս պահպանված նշույլները գնահատվում են դաժան պայմաններում հայտնված մարդկանց կողմից, բայց աստիճանաբար հույսը ցնդում է, դժբախտության մեջ գտնվող մարդկանց՝ միմյանց օգնության ձեռք մեկնելու հուսահատ ճիգերը կանաց-կամաց մարում են, և նրանք հարյուրավոր սարսափներ տեսնելուց հետո վերջիվերջո անտարբեր են դառնում իրենց ընկերների ճակատագրի նկատմամբ՝ ինչպես բացարձակ քարսիրտ էակներ։

Վեպի վերնագիրը դարձած թվանշանը հենց այն համարն է, որ թուրքական գերության մեջ տրվել է Վենեզիսին[3]։ Վեպը թարգմանվել ու հրատարակվել է բազմաթիվ ժողովուրդների լեզուներով՝ դառնալով ցեղասպան թուրքերի վայրագ, անմարդկային, սահմռկելի ոճիրները մերկացնող գեղարվեստական ցնցող արտացոլումներից մեկը։

Վեպի թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945: La grande pitié, ֆրանսերեն
  • 1947: La grande pietá, իտալերեն
  • 1947: A grande jornada, պորտուգալերեն
  • 1969: Nummer 31328, Leidensweg in Anatolien, գերմաներեն
  • 1996: БРОЈ 31328, սերբախորվաթերեն
  • 2004: Numǎrul 31 328, Cartea robiei, ռումիներեն
  • 2005: El número 31328, իսպաներեն (έκδοση στο Σαντιάγκο Χιλής).
  • 2006: El numero 31328, El libro del cautiverio իսպներեն (έκδοση στην Σεβίλη Ισπανίας).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clark, Bruce (2006). Twice a stranger : the mass expulsion that forged modern Greece and Turkey. Cambridge (Massachusetts): Harvard University Press. էջ 25. ISBN 9780674023680.
  2. Смирна 1922(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  3. 3,0 3,1 3,2 «To Noumero 31328». Greek Genocide. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.