Ֆրանչեսկո Ռիվոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրանչեսկոս Ռիվոլաից)
Ֆրանչեսկո Ռիվոլա
Դիմանկար
Ծնվել է1570
ԾննդավայրՄիլան
Մահացել է1655
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան

Ֆրանչեսկո Ռիվոլա (իտալ.՝ Francesco Rivola, (1570, Միլան - 1655), 16-րդ դարի վերջի -17-րդ դարի առաջին կեսի իտալացի կանոնիկոս, լեզվաբան-հայագետ։ Եղել է Միլանի Ամբրոսյան դպրոցի դասախոս-հայագետը։

1621 թվականին Ամբրոսյան դպրոցի տպարանում լույս է տեսել հայերեն առաջին տպագիր բառարանը՝ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց. Dictionarium armeno-latinum» («...Բառարան հայ-լատինական») գիրքը, որի հիմնական բառացանկը հեղինակը կազմել է իրեն անձամբ ծանոթ ջուղայեցի վաճառական հայերի բառապաշարից, ինչպես նաև Սուլթանշահ Թոխատեցուց[1], ով Հռոմ էր ժամանել 1564 թվականին Միքայել Ա կաթողիկոսի հրամանով։ Դրանով է պայմանավորված է բառարանի ավելի աշխարհաբար-խոսակցական, քան գրաբար բնույթը։

Պարունակում է մոտ 11000 բառ, որտեղ կան նաև հատուկ անուններ։ Տրված են հայերեն գրաբառի զանազան ձևերը (մասամբ՝ հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն), ոճական կիրառությունները են։ 1624 թվականին նույն տեղում տպագրվել է Ռիվոլաի լատիներեն երկրորդ աշխատությունը՝ «Հայկական քերականություն»-ը, որը նույնպես առաջինն էր իր տեսակի մեջ։ Այն կառուցված է վերածնության շրջանում տարածված գործնական քերականությունների օրինակով, բաղկացած է 4 գրքից, քննության են առնված հայկական տառերը՝ ըստ ձևի, անվան և արժեքի (հնչյունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն), անվան և դերանվան քերականական կարգերը, բայի քերականական հատկանիշները, արված են դիտողություններ հայերենի շարահյուսության վերաբերյալ։

Ռիվոլան անդրադարձել է գոյականների, բայերի և ածականների կապակցությանը, սպասարկու բառերի գործածությանը, տրվել բառակազմական տեղեկություններ ևն։ Ֆրանս, կրոնական, քաղաքական ազդեցությունն Արևելքում, մասնավորապես Հայաստանում, տարածելու նպատակով կարդինալ Ա. Ռիշեչյեի հրամանով և ծախսով Ֆրանսիայում առաջին անգամ ձուլվել են հայկական տառեր, և Ռիվոլաի վերոհիշյալ գործերը երկրորդ անգամ տպագրվել են Փարիզում, 1633 թվականին։ Ռիվոլաի բառարանն ու քերականությունը կարևոր նյութ են պարունակում հայոց լեզվի պատմության ուսումնասիրման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Stone, Dickran Kouymjian, Henning Lehmann (2002). Album of Armenian Paleography, 2002. էջ 17.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։