Քարագյոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջիվաթ (ձախից) և Քարագյոզ (աջից)

Քարագյոզ (թուրքերեն՝ Karagöz, բառացիորեն՝ «սևաչյա»), 1) թուրքական ստվերային թատրոնի կերպար, որը հանդիսանում է ազգային հումորի, բնական իմացողականության մարմնավորում, 2) տիկնիկային թատրոն Թուրքիայում, որը կոչվել է ի պատիվ ներկայացումների գլխավոր հերոսի։ Ի հայտ է եկել 16-րդ դարում։ Բացի գլխավոր դերակատարից՝ ներկայացմանը մասնակցել են նաև Քարագյոզի գործընկեր Հաջիվաթը, քաղաքացիներ, անատոլիական գյուղացիները, խաբեբա դերվիշը և այլն։ Հաճախ թատերական ներկայացումների միջոցով արտահայտվել է ուղղակի բողոք՝ կառավարության և գործող կարգերի նկատմամբ[1]։

«Քարագյոզ» թատրոնի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Քարագյոզի մասին խոսվել է Հին Հունաստանում։ Վերջինս զբաղեցրել է «կատակերգու ստրուկի» կարգավիճակ, ունեցել հումորի սուր զգացում, եղել խորամանկ և հետևողական։ Նա ազատ կարող էր արտահայտել իր կարծիքը ոչ կատարյալ աշխարհի վերաբերյալ, քանի որ կորցնելու բան չուներ։ Նա բազմիցս հանդես է եկել հունական, այնուհետև բյուզանդական տախտակամածերի վրա, մինչև այն պահը, երբ Կոստանդնուպոլիսը դարձավ Օսմանյան կայսրության մայրաքաղաք։

Կան նաև այն տեսակետի կողմնակիցները, ովքեր կարծում են, որ Թուրքիայում ստվերների թատրոնը եկել է Եգիպտոսից, իսկ դրանից հետո թատրոնում ներդրվել են թուրքական մոտիվներ և սցենարային ուղղվածություններ։ «Քարագյոզ» ստվերների թատրոնը վերջնականապես ձևավորվել է 17-րդ դարում։

Իսլամական հոգևորականությունը մերժողական մոտեցում է ունեցել թատերական ներկայացումների նկատմամբ, սակայն ստվերների թատրոնը չի ընկել կղերական արգելքի տակ։ Հենց սա է հիմք դարձել, որ նախկին ստրուկը դառնա թուրք և իրեն անվանի Քարագյոզ։ Այս ժամանակաշրջանում է ի հայտ եկել Քարագյոզի ընկերոջ՝ Հաջիվաթի կերպարը։ Թատրոնն ունեցել է աճող հեղինակություն, սուլթանի պալատում պարբերաբար կազմակերպվել են ներկայացումներ։

Կերպարների բնավորություն և դրվագային գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումների գլխավոր հերոսը՝ սևաչյա խաբեբա և կնամոլ Քարագյոզն է, որի կերպարը համադիր է Պետրուշկայի և Պոլիշինելի հետ։ Իր սիրառատության պատճառով նա ընկնում է կատակերգական և տրագիկոմեդիկ իրավիճակներում։ Ամենակատակերգականը համարվում է «Քարագյոզ՝ սեփական կուսության զոհը» պիեսը, որտեղ հերոսի ընկերը հանձնարարում է նրան տիրություն անել կնոջը, իսկ վերջինս փորձում է գայթակղել հենց Քարագյոզին։

Ներկայացման մեկնարկն ազդարարել է կլառնետը, որից հետո հայտնվել է Քարագյոզի ընկեր Հաջիվաթը։ Իր մուտքը Հաջիվաթն սկսում էր տխուր երգով։ Պիեսի սցենարը եղել է բավականաչափ պարզունակ, սակայն բավականաչափ գրավիչ՝ այն ժամանակվա հանդիսատեսի համար։ Քարագյոզը մի քանի անգամ փորձում է գայթակղել Հաջիվաթի կնոջը, իսկ ամուսինը ամեն անգամ կանխում նրան։

Կերպարները, որոնք եղել են ներկայացումների բաղկացուցիչ մաս, պատրաստված են եղել գոմեշի կամ ուղտի կաշվից։ Մասնիկները միմյանց կապված են եղել այնպես, որպեսզի համընկներ կերպարների հետ։ Այնուհետև այդ մասնիկները ներկել են հատուկ ներկերով։

Քարագյոզ թատրոնը մեծապես տարածված է եղել Օսմանյան կայսրության ողջ տարածքում, որի կազմում եղել է նաև Հունաստանը։ Հունաստանում Քարագյոզը կերպարը եղել է ազգությամբ հույն և անվանումը նմանեցվել հունականի՝ Քարագյոզիս։ Իսկ Հաջիվաթի կերպարը կոչվել է Հաջիավատիս։ Հենց այսպես է կերպարը վերադարձել իր հունական արմատներին՝ արդեն օսմանացված տարբերակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Карагёз и Хадживат». turkrus.ru (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kudret, Cevdet. 2004. Karagöz. İstanbul: Yapı Kredi Yayınları. 119., Sanat, 2111. ISBN 975-08-0862-2
  • Георг Гоян. «2000 лет Армянского театра. Том первый: Театр древней Армении», Государственное издательство «Искусство», Москва 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարագյոզ» հոդվածին։