Փշատերև արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշատերև արևելյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Փշատազգիներ
Ցեղ Փշատենի
Տեսակ Փշատերև արևելյան
Լատիներեն անվանում
Elaeagnus orientalis
Linneus

Փշատերև արևելյան (լատին․՝ Elaeagnus orientalis), փշատազգիների ընտանիքի, փշատենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 10 մ բարձրությամբ և 30-50 սմ բնի տրամագծով։ Տերևները էլիպսաձև են, էլիպսանշտարաձև, երկարավուն ձվաձև կամ շեղանկյուն, 3-7 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ։ Ծաղկապատը համեմատաբար խոշոր է, 7,5-8 մմ երկարությամբ, երկար բլթակներով և ավելի խոշոր պտուղներով, որոնց երկարությունը հասնում է 2-3 սմ-ի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, հյուսիսային Իրանում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում, Արաքս գետի հովում, նախալեռնային գոտում, գետերի և առուների ափերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները պարունակում են մինչև 90 % չոր նյութեր (շաքարներ՝ 60 %, սպիտակուցներ՝ 11 %, վիտամին C 200 մգ/տոկոս) և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ արժեքավոր նյութեր ու վիտամիններ։ Ունեն բուժիչ հատկություն, օգտագործվում են աղեստամոքսային հիվանդությունները բուժելու, արյունը մակարդելու համար և այլ նպատակներով։

Բազմանում է սերմերով, կտրոններով, բնային մացառներով և անդալիսով։ Պտղաբերում է 3-4-րդ տարում։ Չորադիմացկուն է, բավական ցրտադիմացկուն։ Ապրում է 35-40 տարի։ Լավ զարգացած, առողջ մեկ ծառի բերքատվությունը հասնում է 40-50 կիլոգրամի։ Լավ է աճում փուխր, պարարտ հողերում։ Ծաղիկները բուրումնավետ են ու մեղրատու։

Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել նաև բնակավայրերի կանաչապատման բնագավառում, քանի որ դեկորատիվ են ոչ միայն ծաղիկներն ու պտուղները, այլև արծաթափայլ տերևները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 82։