Ցրտահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի վեգետացիայի շրջանում ցերեկային դրական ջերմաստիճաններից հետո երեկոյան և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր: Ցրտահարությունները լինում են ուշ գարնանային և վաղ աշնանային:

Ցրտահարության տեսակները[խմբագրել]

Տարբերում են ցրտահարության 3 տեսակ, ադվեկտիվ՝ առաջանում է օդի սառը հոսանքների ներխուժման հետևանքով (որի դեմ պայքարելը գրեթե անհնար է), ճառագայթային՝ ուժեղ ճառագայթման հետևանքով հողի մակերևույթն արագ կորցնում է ջերմությունը. իջնում է 0°C-ից ցածր, խառը՝ առաջանում է նախնական սառը օդի ադվեկցիայի և հաջորդող պարզկա ու ուժեղ ճառագայթումով գիշերվա եղանակների հետևանքով: Ցրտահարությանը նպաստում են անտիցիկլոնային եղանակները, ուժեղ ճառագայթումը: Ցրտահարությունը ավելի ուժեղ է ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ սառած օդը, լանջերով հոսելով, կուտակվում է՝ առաջացնելով «ցրտի լճակներ»: ՀՀ-ում, հատկապես Արարատյան դաշտում, ցրտահարությունների 80-85 %-ն ունի խառը ծագում: Ցրտահարության աստիճանը կախված է ռելիեֆի ձևից, բույսերի զարգացման փուլից և բույսերի ցրտադիմացկունությունից: Ցրտահարության դեմ պայքարի ձևերն են ծխածածկույթ ստեղծելը, բույսերը թանզիֆով կամ մոմլաթով ծածկելը, տաքացնելը և այլ: Այդ միջոցներն ավելի արդյունավետ են ճառագայթային ցրտահարությունների ժամանակ: Ամենատարածված և մատչելի եղանակը բուսական մնացորդներից այրելի կույտերի ստեղծումն է: ՀՀ-ում կատարվել են նաև փորձեր՝ ծիրանի այգիները օդափոխիչներով և ուղղաթիռներով պաշտպանելու համար (դրանք խառնում են գետնամերձ շերտի սառը օդը, որը շատ ավելի արդյունավետ է):

Արարատյան դաշտի ցրտահարությունը[խմբագրել]

Արարատյան դաշտում ցրտահարությունների հավանականությունը կազմում է 45- 50%, ամենաուշ ցրտահարությունները դիտվել են մայիսին և նույնիսկ հունիսի վերջերին, իսկ ամենավաղը՝ 1941 սեպտեմբերի սեպտեմբերի 27-ին: ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվում են 10-15% հավանականությամբ: Ցրտահարությունից ավելի շատ տուժում են գոգավորությունում աճող բույսերը, կուտակվում է սառը օդը (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան և այլ գոգավորություններ), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերին, բարձունքների գագաթներին սառը օդի կուտակում չի լինում: Խոտաբույսերը և վաղ գարնանային հացաբույսերը դիմանում են -7-ից -10°C կարճատև ցրտերին, սոյան՝ -3-ից -4°C սառնամանիքներին, եգիպտացորենը, կարտոֆիլը, կորեկը, սորգոն վնասվում են -2-ից 3°C-ում: Ոչ դիմացկուն բույսերից լոբին, բրինձը, բանջարանոցային մշակաբույսերը վնասվում են -0,5-ից -1,5° C-ում: Շատ շուտ վնասվում են հատկապես ծաղկած մրգատու ծառերը, խաղողի վազը և այլն , որոնք ցրտահարվում են 0-ից -1°C-ում: Լինում են նաև ձմեռային ցրտահարություններ, երբ ջերմաստիճանն իջնում է գյուղատնտեսական մշակաբույսերի դիմացկունության (հատկապես մրգատու ծառերի) կրիտիկական ջերմաստիճանից ցած: Ձմեռային ցրտահարություններ ավելի հաճախ տեղի են ունենում ձմռան սկզբին, երբ բույսերը հարմարված չեն ուժեղ ցրտերին: 2001 թվականի դեկտեմբերին եղան աննախադեպ ցրտեր, ջերմաստիճանը որոշ վայրերում իջավ մինչև -30-ից -32°C, և մրգատու ծառերը, չթաղված խաղողի այգիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվեցին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png