Ցեզար Կունիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեզար Կունիկով
ռուս.՝ Це́зарь Льво́вич Ку́ников
հունիսի 23, 1909(1909-06-23) - փետրվարի 14, 1943(1943-02-14) (33 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԳելենջիկ
ԳերեզմանՆովոռոսիյսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակծովային հետևակազոր
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ցեզար Լվովիչ Կունիկով (ռուս.՝ Цезарь Львович Куников, հունիսի 23, 1909(1909-06-23), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1943(1943-02-14), Գելենջիկ), Երկրորդ համաշխարահին պատերազմի մասնակից խորհրդային սպա, «Մալայա զեմլյա» պլացդարմը գրաված դեսանտային ջոկատի հրամանատար, Խորհրդային Միության հերոս[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեզար Կունիկովը ծնվել է 1909 թվականի հունիսի 29-ին, Դոնի Ռոստով քաղաքում, հրեական ընտանիքում։ Հայրը՝ Լև Մոիսեևիչը, ինժեներ-մեքենաշինարար էր[2][3][4]։ 1918 թվականին նրանց ընտանիքը, հետևելով նահանջող կարմիր բանակին, Ռոստովից հասել է Էսենտուկի։ 1920 թվականին այդտեղից տեղափոխվել են Բաքու, այնուհետև անցել Պարսկաստան։

1924 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ հայր ու որդի Կունիկովները մասնակցել են Մակեևկայի դոմնային վառարանների վերականգնման աշխատանքներին։ Այնուհետև պատանի Ցեզարը աշխատանքի է անցել «Յունիոն-Յուգոստալ» մետալուրգիական գործարանում. սկզբում լաբորանտի օգնական էր, ապա՝ լաբորանտ, փականագործ, խառատ...

1925 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը. այդ նույն տարվա վերջին նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Այստեղ Ցեզարը ընդունվել է Մ. Վ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարան, բայց հինգ ամիս անց ծանր հիվանդացել և դուրս է մնացել ուսումնարանից։ Ապաքինվելուց հետո պարտադիր զինվորական ծառայության է անցել նավատորմում, 1930 թվականին վերադարձել Մոսկվա, ընդունվել Բաումանի անվան տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատություն։

1932 թվականին նշանակվել է կոմերիտմիության Մոսկվայի կոմիտեի պաշտպանական արդյունաբերության սեկտորի վարիչ։ Առանց աշխատանքից կտրվելու՝ շարունակել է սովորել։ Ավարտել է մոսկովյան երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ արդյունաբերական ակադեմիան և Բուբնովի անվան մեքենաշինական ինստիտուտը, ստացել մեքենաշինական արտադրության կազմակերպիչ-ինժեների և տեխնոլոգ-ինժեների որակավորումներ։

26-ամյա Ցեզարը այնուհետև աշխատանքի է անցել հղկող հաստոցների մոսկովյան գործարանում. սկսելով հնարավոր ամենացածր՝ խառատային բաժանմունքի վարպետի աշխատանքից՝ 1938 թվականին արդեն հասել էր գործարանի գլխավոր տեխնոլոգի պաշտոնին։ Այդ նույն տարվա վերջին նշանակվել է մեքենաշինության, ապա՝ ծանր մեքենաշինության ժողկոմատի (նախարարության) տեխնիկական վարչության պետ, որոշ ժամանակ անց՝ մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, համամիութենական «Машиностроение» թերթի պատասխանատու խմբագիր։ Ընդ որում՝ աշխատանքում աչքի ընկնելու համար պարգևատրվել է մեդալով։

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945), պահեստազորի ավագ քաղղեկ Կունիկովը կամավոր մեկնեց առաջնագիծ, թեև հիվանդության պատճառով ազատված էր զորակոչից։ Հասավ նրան, որ գաղափարաքաղաքական-քարոզչական աշխատանքից փոխադրվի մարտական հրամանատարի պաշտոնի, և նշանակվեց ռազմածովային նավատորմի ազովյան մի ստորաբաժանման հրամանատար։ Նրա հրամանատարության տակ գտնվող նավերը մասնակցեցին Տագանրոգի, Մարիուպոլի մատույցներում մղված մարտերին։ Այնուհետև Ցեզար Կունիկովը, արդեն որպես ծովային հետևակի գումարտակի հրամանատար, մասնակցեց Տեմրյուկի, Կերչի պաշտպանությանը, որից հետո նշանակվեց սևծովյան զորախմբի կազմում ծովային հետևակի առանձին՝ 305-րդ գումարտակի հրամանատար։

1943 թվականի սկզբներին խորհրդային հրամանատարությունը պլանավորել էր սևծովյան նավահանգիստ Նովոռոսիյսկն ազատագրելու նպատակով իրականացնել «Море» օպերացիան, որի համաձայն՝ հիմնական գրոհային զինուժը պետք է գիշերը ծովով տեղափոխվեր ու, ափ հանվելով քաղաքի հյուսիսում, անակնկալ գրոհեր գերմանացիների վրա։ Բայց թշնամու ուշադրությունը շեղելու նպատակով մի փոքր զորաջոկատ պետք է նախապես ափ իջեցվեր ու մարտի բռնվեր քաղաքի հարավում՝ ձգտելով ստեղծել պլացդարմ՝ հետագայում հարձակումը զարգացնելու համար։

Այդ փոքր ջոկատը, որի կազմում ընդգրկվել էին 275 կամավորներ, մայոր Կունիկովի հրամանատարությամբ փալուն կերպով կատարեց իր մարտական առաջադրանքը. անակնկալ գրոհով, կրելով ոչ մեծ կորուստներ (մեկ զոհ և երեք վիրավոր), ոչնչացրեց կամ ետ շպրտեց հենակետերում ամրացած թշնամական զորաջոկատները, ինքն ամրացավ գրավված հենակետերում՝ ստեղծելով մի ոչ մեծ պլացդարմ, որը հետագայում համբավվեց իբրև «Մալայա զեմլյա»։

Առավոտյան, ուշքի գալով, գերմանացիները կատաղի մարտի բռնվեցին թվով իրենց շատ ու շատ անգամ զիջող դեսանտայինների դեմ, որոնք ետ շպրտեցին թշնամու տասնութ հարձակում։ Բայց խիզախ մարտիկների զինամթերքը օրվա վերջին արդեն գրեթե սպառվել էր։ Թվում էր՝ դրությունն անելանելի է։ Սակայն դեսանտայիններն արեցին անհնարինը. անսպասելի հարձակում գործեցին թշնամու հրետանային մարտկոցի վրա, ոչնչացրին ոսոխի ողջ հաշվարկը և իրենց գրաված հրանոթներով շարունակեցին հարվածել թշնամուն։

Քանի որ հիմնական զինուժի ափհանումը, դժբախտաբար, ձախողվեց, Կունիկովի ջոկատի գրաված պլացդարմը կողմնակիի փոխարեն դարձավ հիմնական։ Անձնազոհաբար ու հնարամտորեն մարտնչելով՝ դեսանտայինները յոթ օր շարունակ ետ մղեցին իրենց բազմակի գերազանցող թշնամու՝ մեկը մյուսին հաջորդող կատաղի գրոհները, արյան ու կյանքի գնով պահեցին իրենց ազատագրած տարածքը և նույնիսկ Ստանիչկա ավանի բազմահարկ շենքերը մաքրեցին ֆաշիստներից։ Բազմաթիվ սխրանքներ գործեցին, ծովային հետևակի մարտական պրակտիկայում բազում նորամուծությունների հեղինակ դարձան, քանզի շատ ու շատ բաներ, որ անում էին նրանք այդ ահեղ պայմաններում, պրակտիկայում ընդհանրապես կիրառվում էր առաջին անգամ;

1943 թվականի փետրվարի 12-ի գիշերը Ցեզար Կունիկովը՝ ծովային հետևակի խիզախ ու հմուտ հրամանատարը, «Մալայա զեմլյա»-ում մահացու վիրավորվեց ականի պայթյունից։ Նրան տեղափոխեցին Գելենջիկ, բայց հերոսի կյանքը, ցավոք, չհաջողվեց փրկել։ Երկու օր անց նա Գելենջիկում կնքեց իր մահկանացուն՝: Նրա աճյունը հողին հանձնվեց Գելենջիկի գերեզմանատանը, իսկ պատերազմի ավարտից հետո վերահուղարկավորվեց Նովոռոսիյսկի Հերոսների հրապարակում[5][6]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի ապրիլի 17-ի հրամանագրով Ցեզար Լվովիչ Կունիկովին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Цезарь Куников. Художник А. Г. Кручина, 1969
Цезарь Куников на советской почтовой открытке
Герой Советского Союза майор Цезарь Куников. Художник Павел Кирпичёв
Герой Советского Союза майор Цезарь Куников. Художник Л. Ф. Голованов

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь. Т. 1. М.: Воениз. — 1987.
  • Л. И. Брежнев, «Малая земля».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեզար Կունիկով» հոդվածին։