Տետեյան եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տետեյան եղբայրներ (Տիգրան Հարություն, Արամ Կարապետ, Հայկ Հակոբ, Ստեփան, Սարգիս), զմյուռնիահայ տպարանատեր-հրատարակիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, խմբագիրներ, թարգմանիչներ։ Սովորել են Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում։

Տետեյան եղբայրների հայրը՝ Հովհաննես Կարապետի Տետեյանը (17951878 թվականներ), զբաղվել է Անատոլիայից Եվրոպա գյուղատնտեսական ապրանքների արտահանությամբ։ 1867 թվականին Փարիզում կայացած բուսատեսակների համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրած 54 տեսակ մրգերի և պտուղների, ինչպես նաև վարդայուղի համար արժանացել է Մեծ ոսկյա մեդալին և այլ պարգևների։

1853 թվականին Տիգրան Հարությունը վաճառական հոր, ինչպես նաև հանգանակությամբ ձեռք բերված միջոցներով և եղբայրների աջակցությամբ հիմնադրել է տպարան «Տպարան Տետեյան եղբարոց» դրոշմատիպով, որը գործել է շուրջ 40 տարի։ Տպարանը մեծ դեր է կատարել արևմտահայ նոր ինքնուրույն և թարգմանական գրականության ավանդույթների ստեղծման ու զարգացման գործում։ Այստեղ են տպագրվել «Արփի արարատյան», «Ծաղիկ» հանդեսները, ավելի քան 208 հատոր ինքնուրույն և թարգմանական գրականություն, դասագրքեր, ձեռնարկներ, Ս. Տեր-Գասպարյանի, Դ. Չիլինգիրյանի, Մ. Մամուրյանի, Գ. Մսերյանի, Մ. Նուպարյանի, Մ. Միրզայանի և այլոց, ինչպես նաև Տտեյանների բազմաթիվ թարգմանություններ անգլերենից և ֆրանսերենից, այդ գրքերից շատերը առաջին հայերեն թարգմանություններ են և մեծ դեր են կատարել հայ մշակույթի պատմության մեջ։ Տտեյանների աշխատասիրությամբ է հրատարակվել «Օսմանյան պատմություն» աշխատությունը։ Նրանց տպարանում է լույս տեսել նաև հայատառ թուրքալեզու Նարեկը։

1859 թվականին Արամ Կարապետ, Տիգրան Հարություն Տետեյանների, Տ. Սավալանյանի, Գ. Կոստանյանի, Ս. Վանանդեցու և այլոց նախաձեռնությամբ հիմնադրվել է կրթական-մշակութային «Հաշտենից ընկերություն»-ը, 1860 թվական՝ նրա օրգան «Միություն» «Հանդես Հաշտենից»-ը, որն իր առջև նպատակ էր դրել հսկել ազգային վարժարանների գործունեությանը, օգնել որբ ու անտեր երեխաների ուսումնառությանը, ծավալել կրթալուսավորական գործունեություն։ 1861 թվականի նոյեմբերին Կալկաթայից վերադարձի ճանապարհին Մ. Նալբանդյանը կանգ է առել Զմյուռնիայում, հանդիպումներ ունեցել զմյուռնիահայ մտավորականության հետ, այցելել Տտեյանների տպարանը, ծանոթացել «Հաշտենից ընկերության» գործունեության ու նրա ղեկավարների հետ, ներկա եղել Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում բեմադրված ներկայացմանը։

Տետեյան Տիգրան Հարություն Հովհաննեսի (10.3.1832 թվական, Զմյուռնիա – 27.12.1868 թվական, Զմյուռնիա), հրատարակիչ, թարգմանիչ, լեզվաբան։ Աշակերտել է ժամանակի նշանավոր մանկավարժ Ա. Փափազյանին։ Սովորել է նաև Տրիեստի Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է մի քանի օտար լեզուների։ Աշակերտական տարիներին զբաղվել է քարտեզագրությամբ։ 1852 թվականին ձեռնարկել է նոր տպարանի հիմնադրմանը։ Այդ նպատակով նախապես օգտագործել է Մեսրոպյան դպրոցի տպագրական սարքերը, այնուհետև Եվրոպայից ձեռք է բերել տառեր ձուլելու սարքավորում, մեքենաներ, զարդագրեր, զարդագծեր են։ Մայր տառերը գնել է Փարիզից, Վիեննայից։ Եղբայրների աշակցությամբ հրատարակել է «Արփի արարատյան» պարբերականը։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել թարգմանական և հրատարակչական գործունեությամբ։ Տեղեկատվակա Համակարագչային Տեխնոլոգիաների թարգմանությամբ լույս է տեսել Ա. Դյումայի, Ժ. Բ. Մոլիերի, Ք. Շմիդտի և այլոց երկերի թարգմանությունները։ Կազմել է «Այբբենարան» (1854 թվական) և «Ընթերցարան» (1864 թվական) աշխարհաբար ձեռնարկները։ Տետեյան Տիգրան Հարություն գրչին է պատկանում նաև «Քերականություն հայերեն լեզվի» (1870 թվական) աշխատությունը, որն աշխարհաբարով գրված գրաբարի քերականություն է, որտեղ զուգահեռաբար տրվում է նաև արևմտահայերենի և թուրքերենի ձևաբանությունը։

Տետեյան Արամ Կարապետ Հովհաննեսի (1822-1901), Զմյուռնիա -25.2.1901 թվական, Զմյուռնիա), հրատարակիչ, թարգմանիչ, հրապարակագիր։ 1853 թվականից զբաղվել է գրական-հրատարակչական աշխատանքով։ «Բարեկենդանի անցաժամեր» (1853 թվական) ուսումնասիրության մեջ Ա. Կ. Տ.–ն քննել է հայկական ժողովրդական հանելուկների և ռեբուսների ծագումն ու բնույթը, բառախաղերը, առածները։ Գրել է երգիծական բանաստեղծություններ («Թիվ մեկ ապրիլ», «Անվանակոչություն»)։ 1853 Տետեյան Արամ Կարապետի թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով լույս է տեսել Ու. Շեքսպիրի «Սխալների կատակերգություն»-ը (անավարտ), 1862 թվականին՝ «Վենետիկի վաճառականը» պիեսը՝ Ու. Շեքսպիրի ստեղծագործության համառոտ բնութագրով, 1866 թվականին՝ «Ռոմեո և Զուլիետ»-ը, 1879 թվականին՝ Ժ. Մոլիերի «Տարտյուֆ»-ը։ Մեփական գործերն («Ումպք զրասիրության», 1863 թվականին) ունեն ուսուցողական բնույթ (հանելուկներ, ռեբուսներ, խորհուրդներ են)։ Հրատարակել է «Դիմակ» (1862 թվական) պարբերականը[1]։

Տետեյան Հայկ Հակոբ Հովհաննեսի (ծննդյան թվականը անհայտ – 1909 թվական), 19–րդ դար թարգմանիչ, հրատարակիչ։ Թղթակցել է «Բուրաստան Ս. Սահակյան» և «Ծաղիկ» հանդեսներին։ Հակոբ Հովհաննեսի Տետեյանի թարգմանությամբ (1854 թվական) լույս է տեսել «Երեսուն իրեք ծաղրաբանությունք Նասրեդդին խոշայի» (1858 թվականին) աշխատությունը, ապա «Հասկաքաղ աղջիկը» (1855 թվական) թատերախաղը, Վ. Հյուգոյի «Անշելո» (1863 թվականին) դրաման, Է. Սյուի «Փարիզի գաղտնիքները» (1863 թվականին)։ Հորինել և նոտագրել է զինվորական «Օսմանական քայլերգ»-ը («Մարշ Օսմանիե»)։ Թարգմանել և մամուլում հրատարակել է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների առաջին մասերը։

Տետեյան Ստեփան Հովհաննեսի (1823 թվական), Զմյուռնիա – 2.10.1906 թվական, Զմյուռնիա), հասարակական գործիչ։ Ստեփան Տետեյանը նպաստել է Տետեյան տպարանի գործունեությանը, զմյուռնիահայ գրողների ստեղծագործությունների տպագրությանը։ Հայերեն է թարգմանել Ժ. Ժ. Ռուսոյի գործերից։ Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է Փարիզի և Լոնդոնի թուրք, դեսպանություններում թարգմանիչ, Զմյուռնիայի գավառական և քաղաքային ժողովների, տնտեսական և ուսումնական խորհուրդների անդամ, օժանդակել է Աղքատասհրաց ընկերությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արամ-Կարապետ Տետեյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։