Տալլինի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալլինի ռատուշա
Տեսակքաղաքապետարան
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրՎանալին
ՓողոցՌատուշայի հրապարակ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված է1404
Բացված1404
Ժառանգության կարգավիճակճարտարապետական հուշարձան[1] և պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Տալլինի ռատուշա (էստ․՝ Tallinna raekoda), միջնադարյան Ռևալի (1919 թվականից՝ Տալլին) քաղաքային կառավարման շենքը։ Գտնվում է Հին քաղաքի կենտրոնում՝ Ռատուշայի հրապարակում։ Միջնադարյան ռատուշայի առավել լավ պահպանված շենքերից մեկն է Հյուսիսային Եվրոպայում[2][3]։ 2014 թվականին լրացել է Տալլինի ռատուշայի 610-ամյակը[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողմացույց

Տալլինի ռատուշան Հյուսիսային Եվրոպայում պահպանված միակ ռատուշան է՝ գոթական ոճով[6]։ Այն առաջին անգամ հիշատակվել է 1322 թվականին։ Այդ ժամանակ ռատուշայի շենքը եղել է կրաքարից կառուցված միահարկ շինություն։ 14-րդ դարի վերջին, երբ հանզայական միության մեջ մեծացել է Ռևալի առևտրական նշանակությունը, ռատուշան ընդարձակել են։ 15-րդ դարը Ռևալի մշակութային ու առևտրական ծաղկման շրջան է եղել։ Ռատուշան վերանորոգելիս 1402-1404 թվականներին ընդարձակել են նրա կամարաշարը, երկրորդ հարկում կառուցել են հանդիսությունների սրահներ, և շենքը ներկայանալի աշտարակի տեսք է ստացել։ Այս տեսքով այն արդեն համապատասխանել է հանզայական հարուստ քաղաքի պահանջներին և հարյուրամյակներ անց մեզ հասել՝ փոխանցելով վարպետների նուրբ ճաշակն ու տեղի քարագործ վարպետների հմտությունները[5]։

1530 թվականին ռատուշայի աշտարակում տեղադրել են հողմացույց, որը քաղաքացիներն անվանել են Ծեր Թոմաս։ Քաղաքի պահապան Թոմասը Տալլինը հսկում է գրեթե 500 տարի։ Ռևելցի երկաթագործ վարպետների բարձր մակարդակի մասին են վկայում վիշապների տեսքով ջրհորդանները։ Նրանք կառուցվել են 1627 թվականին տեղի պղնձագործ Դանիել Պյոպելի կողմից։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապի գլխի տեսք ունեցող ջրհորդաններից մեկը

Նկուղային հարկ և առևտրի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուղային հարկը կիրառվել է որպես գինու մառան (veinikelder)։ Մագիստրոսությունը ցանկացել է, որ գինու վաճառքն իրականացվի իր խիստ հսկողության ներքո։ Գինու ակցիզը քաղաքային գանձարանի համար մեծ եկամուտ է ապահովել։ Միջնադարում գինին համարվել է թանկ ըմպելիք, որ կիրառել են միայն մեծ տոների և եկեղեցական պահանջմունքների համար։ Նկուղային հարկում են գտնվում ռատուշայի ամենահին պատուհանները, որոնք կարելի է ճանաչել աստիճանաձև պատուհանագոգերից[7]։ Շինության մի ծայրում պահպանվել է քարե հին ելանցքը։

Նկուղային հարկի վերևում գտնվող շինությունը, որ առևտրի սրահ է եղել, հին աղբյուրներում նույնպես նշվում է որպես գինու մառան, չնայած այն ակնհայտորեն կիրառել են որպես պահեստի սրահ և առավել թանկ ապրանքների ներկայացման վայր։

Ամենաշքեղ սրահները գտնվում են ռատուշայի գլխավոր հարկում։ Դա բյուրգերական սրահն է կամ շքամուտքը, իսկ ամենից կարևոր սրահը եղել է մագիստրոսության սրահը։

Բյուրգերական սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրգերական սրահը կամ շքամուտքը միջադարում ծառայել է որպես հանդիսավոր ընդունելությունների և տոնական սրահ։ Այստեղ են ելույթ ունեցել քաղաք ժամանած թափառական երաժիշտներն ու դերասանները։

Բյուրգերական սրահն աչքի է ընկնում լույսի առատությամբ։ Քանդակազարդ սյուները, որոնց վրա հենված է կամարակապ սրահը, զարդարված են հարուստ գույներով եղեևնազարդով։ Սյուների ինքնատիպ նկարազարդումը տեսանելի է սյուների երկու կողմերում գլխավոր աստիճանի կողմից։ Սրահում ուշադրություն են գրավում քաղաքային հրաշալի զինանշանները, որոնք գտնվում են մագիստրոսություն տանող դռան վերևում։ Դրանք ունեն մակագրություն․

Տիրոջ 1651 թվականի ամառ։ Ռաթման [տեղական ինքնակառավարման մարմինի պաշտոնատար անձ], ով էլ որ դու լինես, մտնելով այս տուն՝ հիշի՛ր, որ մուտքի մոտ պետք է թողնես քո տագնապները՝ չարությունը, վիրավորանքը, թշնամությունը, ընկերությունը, շողոքորթությունը․ քո անձն ու քո հոգատարությունը նվիրի՛ր հասարակությանը, քանի որ ինչպես դու հանդես կգաս ուրիշների համար՝ արդար կամ անարդար, այնպես էլ կկանգնես Տիրոջ դատաստանի առջև։

Մագիստրոսության սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիստրոսության սրահը քաղաքային մագիստրոսության կամ քաղաքային իշխանության ամենակարևոր սրահն է եղել։ Քաղաքային մագիստրոսության մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Էրիկ V արքայի պատվոգրին և թվագրվում է 1248 թվականի մայիսի 15-ին։ Իր որոշումներում Ռևալի մագիստրոսությունն առաջնորդվել է հանզայական քաղաքներում լայն կիրառում գտած Լյուբեկյան իրավունքով։ Մագիստրոսությունը բոլոր խնդիրները որոշել է Ռևալում՝ հարկերից մինչև զարդարանք, հագուստ՝ սահմանելով, թե ով ինչ կարող է հագնել։ Միջնադարում ռաթմանին պարգևատրում չեն հատկացրել աշխատանքի համար, այդ պատճառով էլ մագիստրոսությունում կարող էին աշխատել ամենաազդեցիկ առևտրականները՝ Մեծ գիլդիայի անդամները։ 15-րդ դարում մագիստրոսությունը բաղկացած էր 14 ռաթմաններից և չորս բուրգոմիստրից կամ մագիստրոսության ներկայացուցիչներից։

Քանի որ քաղաքի սահմաններում դատական իշխանությունը ևս պատկանել է մագիստրոսությանը, ապա Մագիստրոսական սրահը ծառայել է նաև որպես դատարան։ Դա ընդգծում են սրահի պատերի կարմիր գույնը և դատական թեմատիկայով նկարազարդումները։

Մագիստրոսության սրահն աչքի է ընկնում խորհրդանիշների առատությամբ։ Արվեստի ամենից կարևոր գործերը ռատուշայում խոսում են բարոյականության, արդարադատության, ազնվության, իմաստնության և արդարադատության մասին։ Անմիջականորեն արդարադատության հետ են կապված լյուբեկցի նկարիչ Յոհան Ակոնի՝ աստվածաշնչյան թեմաներով վեց նկարները, որոնք վերաբերում են 17-րդ դարին։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոցում պատրաստվել են ուտեստներ մեծ տոների համար։ Խոհանոցային անկյունում գտնվել է ծխնելույզը, որը քանդվել է 19-րդ դարում և վերականգնվել 2004 թվականին։

Խոհանոցային հատվածում է նաև գտնվել ձեռքերի լվացման համար նախատեսված ոչ մեծ խորշը՝ փոքրիկ պատուհանով։ Բնական քարից ոչ մեծ ջրհորդանը բացվել է ուղիղ փողոցի վրա։ Ռատուշան ջուրը ստացել է շուկայի հրապարակի ջրհորից, անձրևաջրերը նույնպես հավաքել են մեծ տակառներում։

Խոհանոցի պատի վերջում գտնվել է ռաթմանների համար նախատեսված արտաքնոցը։ Կոյուղու միջնադարյան համակարգը միասնական է եղել ամբողջ տան համար և համեմատաբար լավ է պահպանվել մինչ օրս։ Աշտարակի մուտքի մոտ է գտնվում արտաքնոցի փոքրիկ սենյակը՝ նախատեսված պահակի համար։

Գանձարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ռաթմանի վրա դրվել է հստակ տարորոշված պարտականություն՝ կապված քաղաքային կյանքի այս կամ այն բնագավառի հետ։ Ռաթմանները, որոնք զբաղվել են քաղաքային հաշվետարությամբ ու տնտեսական հարցերով, աշխատել են քաղաքային գանձարանում։ Ավելի ուշ ներկայացուցչական շինությունը վերածվել է քաղաքապետի աշխատասենյակի։ Քաղաքային գանձարանում գտնվող երկու նկարներ Տալլինի ռատուշայի նվերն են։ Դրանցից մեկը ներկայացնում է շվեդ թագուհի Քրիստինային մանուկ հասակում, իսկ մյուսը՝ Կառլ XI-ին երիտասարդ տարիքում։ Մյուս նկարները ևս ներկայացնում են Եվրոպայի թագակիրներին և ընդգրկվել են Սևագլուխների ընկերության հավաքածուի մեջ։ Սրահի անկյունում հրապարակի կողմից տեսանելի է միջնադարյան հատակի մի մասը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
  2. «Tallinn Town Hall». Tallinn. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  3. Eesti arhitektuuri ajalugu 1965, p 176
  4. «Tallinna keskaegne vanalinn» (Estonian). Puhkaeestis.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Tallinn Town Hall». Tallinn. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  6. Лившиц, 2014, էջ 145
  7. Masso Tiit (1983). 100 ehitist. Tallinn: Valgus

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мяэвяли С. Историко-архитектурные памятники Таллина / Перевод с эст. Т. Верхнеустинской, Е. Ракеевой. Худ.-оформ. Т. Тали. — Таллин: Периодика, 1981. — 96 с.
  • Лив Л. О чём рассказывают дома и улицы Старого Таллинна. — Таллинн: PtP International, 1996. — 216 с.
  • Лившиц Л. Из истории улиц Таллинна. — Таллинн: КПД, 2014. — 416 с. — ISBN 978-9949-545-02-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալլինի ռատուշա» հոդվածին։