Վենգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վենգեն
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես36,4 կմ²
ԲԾՄ1274 մետր
Հեռախոսային կոդ033
Փոստային դասիչ3823
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքlauterbrunnen.ch(գերմ.)
Վենգեն (Շվեյցարիա)##
Վենգեն (Շվեյցարիա)

Վենգեն (գերմ.՝ Wengen), գյուղ Շվեյցարիայում՝ Բեռնի Ալպերում, որը մտնում է Լաուտերբրուննեն կոմունայի մեջ[1]։ Վենգենը կոմունայի ամենախոշոր բնակավայրն է, այն գտնվում է 1274 մետր բարձրության վրա, Էնգեր, Մյոնխ և Յունգֆրաու լեռների ստորոտում, Լաուտերբրուննեն հովտից 400 մետր ավելի բարձր[2]։

Վենգենը Յունգֆրաու Տոպ Ռեգիոն տուրիստական շրջանի մի մասն է։ Լաուտերբրուննենից գնացքով կարելի է հասնել գյուղ։

Վենգենն ամռանը

Բուն Վենգենի բնակչությունը կազմում է 1300 մարդ, բայց ձմեռային սեզոնին գագաթնակետին է հասնում՝ մինչև 10000 մարդ, ամռանը՝ 5000[2]։

Վենգենն իրենից ներկայացնում է տիպիկ ալպյան գյուղ, կոլորիտային շալեներով և ամբողջ լանջով սփռված «ամառային բնակարաններով»։ Գյուղակում կա 1953 թվականին կառուցված կալվինիստական եկեղեցի, որը գտնվում է պետության հսկողության տակ։

Ավտոմեքենաների երթևեկությունը բացակայում է, միայն փոքր էլեկտրամեքենաներն են Վենգենի հյուրերին տեղափոխում կայարանից դեպի հյուրանոցներ։ Վենգենն անվանում են «Յունգֆրաույի գյուղ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենգենն առաջին անգամ հիշատակվում է 1268 թվականին պատմական փաստաթղթերում։ Անվան ստուգաբանությունը հստակ հայտնի չէ։ Այն կարող է առաջացած լինել Wange (այտ) կամ Wengen (խիտ մարգագետիններ) բառերից[3]։

Գյուղի բնակիչները վարել են մեկուսացված, հանգիստ կյանք։ Չնայած դրան 1669 թվականին ժանտախտի համաճարակը հասավ նաև այս խուլ գյուղակին։ Բնակիչները տուժել են նաև բնական աղետներից։ 1770 թվականին ձնազանգվածը տարավ ութ մարդու կյանք։ 1791 թվականին փլվածքը լեռներում իր տակ թաղեց մարդկանց և կենդանիների։ Բացի դրանից, շատ անգամ ֆիոնների և աշնանային փոթորիկների հետևանքով տներ են քանդվել և տեղանքի անտառներն են վնասվել։

Առաջին զբոսաշրջիկները հայտնվեցին Վենգենում 18-րդ դարում, անցնելով Վենգերվալտով Լաուտերբրուննենից։ 1859 թվականին Վենգենում հայտնվեց առաջին հյուրանոցը։ 1890 թվականին կառուցվեց երկաթգիծ, որը ձգվում էր մինչև Վենգերնալպ, այն ժամանակների համար ամենատարածված տրանսպորտի միջոցը, և մինչ օրս միակը։ Ավտոճանապարհներ և ավտոմեքենաներ այստեղ այսօր էլ չկան։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Վենգեն են տեղափոխել ամերիկացի և անգլիացի օդաչուների, ինչպես նաև լեհ զինվորների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեց զարգանալ զբոսաշրջությունը։ Ներկայում՝ Վենգենն ապրում է շինարարական վերելք։

Վենգենում աշխատում և ապրում են մարդիկ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանցից շատերը զբաղված են սպասարկման ոլորտում՝ հատկապես զբոսաշրջային սեզոնին։ Մյուս խոշոր գործատուները «Յունգֆրաու» երկաթգիծը և Լաուտերբրուննեն էլեկտրակայանն են։

Ձմեռային սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենգենում ամեն տարի հունվարին անց է կացվում հանրահայտ «Լաուբերհորն» մրցարշավը։ Սա լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի փուլերից մեկն է։

Վենգենի «Վենգեն-Մեննլիխեն» ճոպանուղին

Տեղի դահուկային արագընթաց ճանապարհներին, աշխարհի գավաթակիրները, կարողանում են զարգացնել մինչև 150 կմ/ժ արագություն։ Այժմ այդ «սև» մրցուղին բաց է նաև սիրողական դահուկորդների համար։ Մրցուղու երկարությունը 4260 մետր է, բարձրությունների անկումը՝ 3000 ոտնաչափ, իսկ հաղթահարման ժամանակը՝ 2,5 րոպե։

Վենգերնալպի երկաթգծով դահուկորդները հասնում են Ալմենդա, Վենգերնալպ և Կլյայնե-Շայդեգ մրցուղիներ։ «Վենգեն-Մեննլիխեն» ճոպանուղով կարելի է բարձրանալ Մեննլիխեն, այնտեղից լեռնադահուկներով իջնել՝ Գրինդելվալդ և Կլյայնե-Շայդեգ։

Ինչպես Մեննլիխեն, այնպես էլ Կլյայնե-Շայդեգ կարելի է հասնել ոտքով, դա մոտավորապես երեք ժամվա ճանապարհ է։ Սակայն Մեննլիխեն տանող ճանապարհի վրա շատ հաճախ անսպասելի թանձր մառախուղ է իջնում, որը նեղ և զառիթափ ճանապարհի տեսանելիությունը մոտեցնում է զրոյականի։ Նման դեպքերում գլխավորը խուճապի չմատնվելն է։ Կլյայնե-Շայդեգ տանող ճանապարհն ավելի հեշտ ու անվտանգ է։ Մինչև Լաուտերբրուննեն ոտքի ճանապարհը կազմում է 3,5 կիլոմետր։

Քաղաքական կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենգենը, Մյուրրենը, Իզենֆլուն, Գիմմելվալդը և Լաուտերբրուննենը մտնում են Լաուտերբրուննենի կոմունայի մեջ։ Այնուամենայնիվ՝ շատ հարցերում Վենգենը պահպանել է ինքնուրույնությունը, որն առաջին հերթին պայմանավորված է Լաուտերբրուննենի հետ ունեցած երկաթուղային կապով։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջային սեզոնին (ամառ, ձմեռ) Վենգենում անցկացվում են մի շարք մշակութային միջոցառումներ։ Կալվինիստական եկեղեցում ելույթ է ունենում կամերային նվագախումբը, երգում է երգչախումբը, անց են կացվում երգեհոնային երաժշտության երեկոներ։ Կայարանում հանդես են գալիս փողային նվագախմբերը, յոդլ կատարողները և այլ ազգագրական խմբեր։

Եկեղեցի Վենգենում

Մենդելսոնի անվան երաժշտության շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 4-ին Մենդելսոնի հուշարձանի բացումից և դրան հաջորդող համերգից հետո, որոշվեց ամեն տարի օգոստոսին անցկացնել երաժշտության շաբաթ։

2005 թվականի օգոստոսի 20-27-ը Վենգենում անցկացվեց առաջին՝ Մենդոելսոնի անվան երաժշտության շաբաթը[4]։

Վենգենի խամաճիկների թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի՝ ձմեռային խաղաշրջանից սկսած մինչև Զատիկը, Վենգենում կարելի է տեսնել խամաճիկների թատրոնի ներկայացումները, իսկ ամռանը թատրոնը մեկնում է հյուրախաղերի երկրի ներսում և դրա սահմաններից դուրս, ցուցադրելով ներկայացումներ՝ Բեռնի կանտոնի լեգենդների, պատմությունների և համաշխարհային հեքիաթների մոտիվներով Freie Marionettenbühne Wengen:

Սպորտային մրցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Լաուբերհորնի» լեռնադահուկային սպորտի մրցումից, ամեն սեպտեմբերին Վենգենով է անցնում Յունգֆրաու մարաթոնը, որն ամեն տարի հավաքում է հազարավոր հանդիսատեսներ և 4000 մասնակից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենգեն» հոդվածին։