Վարդաս Սկլերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդաս Սկլերոսի կայսր հռչակումը (պատկեր բյուզանդական ձեռագրից)
Ճակատամարտ Վարդաս Սկլերոսի և Վարդաս Փոկասի բանակների միջև (պատկեր բյուզանդական ձեռագրից)

Վարդաս Սկլերոս (նաև՝ Վարդ Սկլերոս (հին հուն.՝ Βάρδας Σκληρός ), ծննդյան թիվն անհայտ - 991թ․), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր Բարսեղ Բ դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976 թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում։ Բյուզանդական պատմիչ Սկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս։ Սկլրոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար Սահակ-Վահրամը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ նրանց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին։ Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979 թվականին Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ։ 987 թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ 988 թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս։ Մահանում է 991 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել]

Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 305։