Վահե Սեթյան (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Սեթյան

Վահե Սեթյան, տպարան-հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1931 թվականին Բեյրութում՝ Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանին կից։ Մինչև 1947 թվականը կոչվել է «Հույս», 1947-1967 թվականներին՝ «Համազգային տպարան»։ 1965 թվականին Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ և ցմահ պատվո նախագահ Վահե Սեթյանի նյութական հովանավորությամբ տպարանը վերակահավորվել է ժամանակակից սաքավորումներով (1967 թվականից՝ նրա անվան)։ Տպագրում է հայ գրողների գործեր, մանկապատանեկան և թարգմանչական գրականություն, դասագրքեր, գիտություններ, գաղափարներ, հուշագրեր և այլ գրքեր։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են Լևոն Շանթի երկերի ամբողջական ժողովածուն (հատոր Ա–Թ, 1946-1952 թվականներ, 2008 թվական), «Թէհլիրեան։ Արդարահատոյցը» (1981 թվական, 2014 թվական), Ծերենցի «Թէոդորոս Ռշտունի» (1982 թվական), Հայկ Պերպերյանի «Ոսպնեակ» (1984 թվական), Վալյա Սամվելյանի «Վիլյամ Սարոյեանի «Լաթաքիոյ գիշերը»» (1985 թվական), Հոմերոսի «Իլիականը» (մաս Ա-Գ, 1955 թվական) և «Ոդիսականը» (մաս Ա-Դ, 1955 թվական, վերահրատարակչություն՝ երկուսն էլ՝ 2004 թվական, մանկապատանեկան տարբերակ), Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դէմ» (2005 թվական), Մուշեղ Իշխանի «Հացի եւ լոյսի համար» (2007 թվական), Պողոս Սնապյանի «Ստորագրութիւններով պատիժներ» (2008 թվական) և այլ գրքեր։

Տպարանի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1944-1950 թվականներին տպարանում լույս է տեսել «Ակօս» պարբերագիրքը, 1962 թվականից՝ «Բագին» հանդեսը։ 2003 թվականին՝ Ֆրանսիայի «Էմփրիմերի» տպարանի սարքավորումները ձեռք բերելուց հետո, հրատարակչության տպագրական հնարավորություններն զգալիորեն ընդլայնվել են։ Համագործակցում է արտերկրի կրթական և մշակութային հաստատությունների և գրահրատարակչական մի շարք ընկերությունների հետ։ Ունի գրախանութ, կայքէջ, որտեղ սպառիչ տեղեկություններ են տրվում հրատարակված գրքերի մասին։ Հիմնադիր-տնօրենը Նիկոլ Աղբալյանն է, տնօրեններն են Գասպար Իփեկյանը, Երվանդ Մոնոֆորյանը և Հակոբ Հավաթյանը (1998 թվականից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։