Վալյա Սամվելյան
| Վալյա Սամվելյան | |
|---|---|
ժողովրդական երգչուհի |
|
| ԱԱՀ՝ | Վալյա Սամվելյան |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 12, 1937 |
| Ծննդավայր՝ | Երևան |
| Վախճանի օր՝ | դեկտեմբերի 3, 1990 |
| Վախճանի վայր՝ | Երևան |
Վալյա Սամվելյան (օգոստոսի 12, 1937 - դեկտեմբերի 3, 1990), ժողովրդական երգչուհի, մի շարք կատարումների հեղինակ:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1937 թ. օգոստոսի 12-ին Երևանում: Հայրը՝ Վարդան Սամվելյանը եկեղեցական խորհրդի նախագահ էր, մայրը՝ Վերգինե Բադալյանը երգում էր Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Դեռ մանկուց ապագա երգչուհին լսում էր Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Շողիկ Մկրտչյանի, ապա` Օֆելյա Համբարձումյանի և Հովհաննես Բադալյանի կատարմամբ հայկական ժողովրդական ու գուսանական երգերը և ցանկանում էր դառնալ ժողովրդական երգչուհի: Ծնողներն իրենց հերթին դստեր մեջ սերմանում էին սեր դեպի հայ երգարվեստը: Նրանց տանը պահպանվում էր վանեցի հայրիկի` իր հորից ժառանգություն ստացած երգարանը, որտեղից էլ նա ընտրում է իր առաջին կատարումները: Որոշ ժամանակ անց նա աշխատանքի է անցնում «Հայէլեկտրո», այնուհետև սարքաշինական գործարանում` շարունակելով երգել ինքնագործ անսամբլում: Հենց այդտեղ էլ նա հանդիպում է իր ապագա ամուսնուն` «Ժողգործիք» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և թառահար Կարլեն Գևորգյանին: Աշխատել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբում, որպես մենակատար երգչուհի: Նա մնաց անսամբլի կազմում 38 տարի` մինչև կյանքի վերջին օրերը: 1957 թ. արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի: Ունի չորս ոսկե մեդալ և դիպլոմներ: Թողարկվել է ձայնասկավառակեր Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում: Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: Վախճանվել է 1990 թ. դեկտեմբերի 3-ին՝ դժբախտ պատահարից: Նրա որդին է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր և երաժիշտ Արա Գևորգյանը:
Գործունեություն [խմբագրել]
Երգի ասպարեզում առաջին քայլերը Վալյա Սամվելյանը կատարել է դպրոցական երգչախմբում: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով նրան չի հաջողվում ստանալ երաժշտական կրթություն: Ավտոդողերի գործարանում աշխատելու և զուգահեռ երգի-պարի անսամբլում ստեղծագործելու տարիներին նա շրջագայում և ելույթներ է ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, նաև Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում: 1957 թ. նա մասնակցում է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցնում երգի ասպարեզում առաջին տեղը` պարգևատրվելով ոսկե մեդալով: Դրան հաջորդում են ևս երեք ոսկե մեդալ: Սակայն Վալյա Սամվելյանը չի բավարարվում այս ձեռքբերումներով և փորձում է նվաճել նոր բարձունքներ երգարվեստի ասպարեզում: Վալյա Սամվելյանն իբրև երգչուհի վերջնականապես կայացավ պետական ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում: Այնտեղ էին երգում Հայաստանի նշանավոր երգիչներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Մանիկ Գրիգորյանը: Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսան Աշոտի, գուսան Շահենի և ուրիշների ստեղծագործությունները: Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները: Երգչուհու մահից հետո որդու՝ Արա Գևորգյանի ջանքերով թողարկվել են նրա երկու երաժշտական ալբոմները՝ <Թողեցիր ինձ մենակ> և <Անուշիկ իմ քույրիկ>: