Սոֆյա Գալաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Գալաչյան
Ծնվել է1889
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1950
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց
Մասնագիտությունբժիշկ և մանկագիր

Սոֆյա Մելիքի Գալաչյան (1889, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1950), հայ բժիշկ, մանկագիր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակում զրկվել է հորից։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում, առաջին իգական գիմնազիայում և Պետերբուրգի գիմնազիայում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնել է Ցյուրիխ և ընդունվել տեղի համալսարանը։ Այնուհետև տեղափոխվել է Բեռն։ Ուսումը կիսատ թողնելով՝ վերադառնում է Թբիլիսի։ Մի քանի տարի ուսուցչություն է անում։ Դառնում է մանկական պատկերազարդ «Հասկեր» ամսագրի աշխատակից, հետաքրքիր պատմվածքներ գրում մանուկների համար («Կապիկները», «Այգեպանի մոտ» և այլն)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որոշ ժամանակ բուժքույր է եղել հոսպիտալում, հետո գնում է Էջմիածին՝ օգնելու եղեռնից փրկված հայ գաղթականներին։ Այնուհետև մեկնել է Մոսկվա, ավարտել բժշկական ինստիտուտը և Վահան Տերյանի, որն այդ ժամանակ Ազգությունների ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարի տեղակալն էր, ստորագրությամբ գրությունը ձեռքին գալիս է Հյուսիսային Կովկաս՝ հայ գաղթականներին բժշկական օգնություն ցույց տալու համար։ Վլադիկավկազում բուժարան է բացում, բայց ինքն էլ վարակվում է տիֆով և հազիվ մահից փրկվելով՝ վերադառնում Շուլավեր։ Ապաքինվելուց հետո աշխատել է Վրաստանի առողջապահության նախարարությունում որպես համաճարակագետ, իսկ 1924 թվականին՝ վերադարձել Երևան։ 1937 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 59-60։