Սուրբ Փրկչի խաչքար (Նովի Սադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Փրկչի խաչքար (Նովի Սադ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակխաչքար
Ստեղծում1992
Բացումհունվարի 15, 1993
Երկիր Սերբիա
ԲնակավայրՆովի Սադ
Նյութտուֆ

Սուրբ Փրկչի խաչքար (սերբ.՝ Хачкар Светог спаситеља), խաչքար Սերբիայի Նովի Սադ քաղաքում, քաղաքի Սերբահայ բարեկամության ընկերության նվերն է, որը տեղադրվել է այն վայրի մոտ, որտեղ ժամանակին կանգնած է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Խաչքարը տեղադրելով Չենազիների ընտանիքի դամբարանի և եկեղեցու գծանշված հիմքերի անմիջական հարևանությամբ՝ երախտագիտություն է ցուցաբերվել 1739 թվականին քաղաքում հայ փախստականներին ապաստան տրամադրելու համար, ինչպես նաև հարգանքի տուրք է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան օգնություն առաքելու ժամանակ հարավսլավացի զոհված օդաչուներին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Նովի Սադում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 17-րդ դարի վերջը ներկայիս Սերբիայի տարածքում հայկական համայնքներն ավանդաբար պատկանել են Հայ Առաքելական եկեղեցուն, որի այս տարածաշրջանի ամենակարևոր ծխական համայնքը գտնվել է Բելգրադում։ Այնուամենայնիվ, ավստրո-թուրքական հետագա պատերազմների ժամանակ հայ համայնքը բախվել է այն նույն անախորժություններին, որոնց այն ժամանակ բախվել են ուղղափառ սերբերը, ինչի հետևանքով տեղի է ունեցել քայքայում և տեղահանում, որին Հաբսբուրգների իշխանության ներքո անցած շրջաններում հաջորդել է կրոնափոխության արշավը, այնպես որ հայերի մի զգալի մասը թողել է իր ավանդական հավատքը և անցել Հայ Արևելյան կաթողիկե եկեղեցուն[2]։

Թուրքերի հետ պատերազմում 1739 թվականին Ավստրիայի պարտությունից հետո հայ կաթոլիկները չեն ցանկացել մնալ Բելգրադում։ Հայերը Բելգրադից Պետրովարադինի Շանաց են եկել 1739 թվականին Հակոբ Էրզրումցի քահանայի գլխավորությամբ, որն իր հետ բերել է եկեղեցական պարագաները[3]։ Հակոբը նախկինում եղել է Մլեչցիմի հայկական վանքի վանական, և Նովի Սադում մնացել է մինչև 1744 թվականը, երբ վերադարձել է իր վանք։ Նովի Սադում նա ապրել է կաթոլիկ քահանայի հետ, ինչպես նաև ծառայել է կաթողիկե եկեղեցում[4]։

Հայերի հետ Նովի Սադ են եկել նաև հույներ, գերմանացիներ, առումիններ և որոշ առնաուտներ։ Թուրքերը նրանց կոչ են արել վերադառնալ Բելգրադ՝ երաշխավորելով անվտանգությունը և խոստանալով փոխհատուցում պատերազմի ժամանակ կրած կորուստների համար։ Բայց նրանք չեն համաձայնել և մնացել են Ավստրիայում։ 1741 թվականին Նովի Սադում կար 150-ից ավելի հայ, բայց որոշ ընտանիքներ գնացել են ավելի հեռու, և 18-րդ դարի վերջին Նովի Սադում մնացել էր 40-ից 100 հայ։ Նրանք բնակություն են հաստատել Նովի Սադի Գլխավոր փողոցում[5]։

Հայկական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1743 թվականի վերջին որոշվել է կառուցել հատուկ տաճար, որն արժանացել էր արքեպիսկոպոս Կալոչե Պատաչիչի հավանությանը։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1746 թվականին, իսկ շուրջը բացվել է հայկական գերեզմանատուն։ Եկեղեցին օծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ[6]։

Հայերը, որոնց պատկանում էր եկեղեցին, կաթոլիկներ էին։ Հայկական եկեղեցին ավերվել է Նովի Սադի ռմբակոծության ժամանակ 1849 թվականի հունիսի 12-ին։ Նրա ավերակները մնացել են կանգնած քաղաքի կենտրոնում երկու տասնամյակ։ 1872 թվականին եկեղեցին վերականգնվել է, որի համար գումար է նվիրաբերել բարերար Մարիա Տրանդաֆիլը Նովի Սադից։ Վերականգնումը կատարվել է ճարտարապետ Ջերջե Մոլնարի նախագծով[7]։

1948 թվականին մահացել է եկեղեցու վերջին հավատացյալը՝ տարեց հայուհին։ Այդ ժամանակվանից եկեղեցին փակ է եղել։ Հայկական եկեղեցին քանդվել է Մարշալ Տիտոյի բուլվարի (այժմ՝ Միխայիլ Պուպինի բուլվար) ընդարձակման ժամանակ 1963 թվականին[7]։

Խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հակառակ կողմը՝ հարավսլավացի օդաչուների անուններով և հայերեն գրությամբ

Խաչքարը տեղադրվել է 1992 թվականին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարի 15-ին։ Խաչքարը Սերբահայ բարեկամության ընկերության նվերն է, որով շնորհակալություն է հայտնել Նովի Սադ քաղաքին՝ 1739 թվականին հայ փախստականներին ապաստան տրամադրելու համար և գնահատանքի տուրք է հարավսլավացի զոհված օդաչուներին[5]։

Այս հուշարձանը մեկն է այն երկու հուշարձաններից, որոնք Հարավսլավիայի համար պատրաստել են հայ հեղինակներ Ա․ Մկրտչյանը, Փայլակ Մակարյանը և Հայկ Սողոմոնյանը[1]։ Երկրորդը տեղադրվել է Բելգրադի Զեմուն թաղամասում[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովի Սադի խաչքարը պատրաստված է կարմիր տուֆի երկու առանձին միաձույլ կտորներից՝ անհամաչափ ձևով։ Խաչքարը հուշարձանի մի մասն է, որը նայում է դեպի բերդ։ Այն պատկերում է Քրիստոսի խաչելության տեսարանը՝ նրբարվեստ փորագրության ֆոնի վրա[1]։

Խաչքարի վերևի մասում հայերեն փորագրված է․

Սբ Խաչս հարավսլավացի յոթ օդաչուների հոգու փրկության
Սա է երկիրն Հայոց

Հակառակ կողմ նայող մյուս քարի վրա փորագրված են զոհված օդաչուների անունները և հայերեն արձանագրություն, որը հիշեցնում է 18-րդ դարում Նովի Սադում հայերի բնակվելու մասին[8]։

Հուշարձանին հայերեն գրված է․

Հավիտյան փակված
Ձեր աչքերի մեջ
Այն հեռու երկրի
Չքնաղ գալիքն է։

Վոևոդինայի տարածքում արվեստի եզակի այս նմուշը 1997 թվականին ներառվել է պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лазић, Љиљана (2014.). Јерменска црква у Новом Саду (PDF). Нови Сад: Музеј града Новог Сада. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29. 09. 2020-ին. Վերցված է 1. 6. 2020-ին.
  2. Храбак, 1998, էջ 21-51
  3. "Правда", Београд 1933. године
  4. Душан Поповић: "Београд пре 200 година", Београд 1935. године
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ЈЕРМЕНИ У НОВОМ САДУ - Културни центар Новог Сада - Културни центар Новог Сада». www.kcns.org.rs (սերբերեն). 2023 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  6. Љ. Лазић, Јерменска црква у Новом Саду-избрисана баштина, Нови Сад 2014.
  7. 7,0 7,1 «ЈЕРМЕНИ У НОВОМ САДУ - Културни центар Новог Сада - Културни центар Новог Сада». www.kcns.org.rs (սերբերեն). 2023 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Odakle jermenska crkva u Novom Sadu?». Danas. Վերցված է 1. 6. 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]