Սուրբ Պողոս-Պետրոս տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պողոս-Պետրոս տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, մշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասն էՏաթևի վանք
Կազմված էԽաչքար և Խաչքար Հայրապետ եպիսկոպոսի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՊողոս առաքյալ և Պետրոս առաքյալ
Քարտեզ
Քարտեզ
 Tatev (dome) Վիքիպահեստում

Սուրբ Պողոս-Պետրոս տաճար (Պողոս և Պետրոս սուրբ առաքյալները), Տաթևի վանական համալիրի ամենամեծ շինությունը։ Եկեղեցին կառուցվել է 895-906 թվականներին[1] Տեր Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությանբ, ավերված հին եկեղեցու տեղում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տաճարը պետք է համապատասխանեցվեր Սյունիքի եպիսկոպոսության Մայր տաճարի կարգավիճակին և հուսալիորեն պահպաներ Պողոս և Պետրոս առաքյալների սուրբ մասունքները։ Կառուցումը տևել է մոտ 10 տարի, և 906 թվականին օծվել է տաճարը։ Օծման արարողությանը ներկա էին կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին և Սմբատ Ա Բագրատունիի թագավորը։ Լինելով կառուցված արաբական տիրապետության «մայրամուտին», տաճարը հանդիսացել է վերածնված Հայկական թագավորության հզորության և հավակնությունների վկան, որին հասնելու նշաձողը այդ ժամանակաշրջանում սահմանվել էր հայկական բարձրագույն տաճարի մակարդակում։ Տաճարի գմբեթի և արևելյան պատի ներքևի հատվածում փորագրված են երեցփոխների անունները` սյունիքի իշխան Աշոտի և նրա կնոջ Շուշանի, Գեղարքունիքից իշխան Գրիգոր Սուփան Ա-ի, նրա որդու Վասակ Գաբուռի և Բաղիքից իշխան Ձագիկը[3]։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարները հատուկ ուշադրություն են արժանացրել եկեղեցու հարդարանքին, որը հանդիսանում էր Սյունաց իշխանության գլխավոր տաճարը։ Հակոբ Դվինեցի եպիսկոպոսի նախաձեռնությամբ 930 թվականին տաճարի ներքին պատերը զարդարվել են որմնանկարներով։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ եկեղեցին նկարազարդելու համար Եվրոպայից «ֆռանգ» նկարիչներ են հրավիրել[4],բայց Լիդիա Դուռնովոն գտել է, որ որմնանկարների ստեղծմանը մասնակցել են նաև տեղացի նկարիչներ[5]։ Որմնանկարները այսօր գրեթե ամբողջությամբ անհետացել են։ Գլխավոր ապսիդայում պատկերված էր գահին նստած Հիսուսը, շրջապատված մարգարեներով և սրբերով։ Արևմտյան պատին պատկերված է «Ահեղ դատաստանի» հսկայական կոմպոզիցիան, իսկ հյուսիսային պատին` «Սուրբ Ծննդյան» տեսարանը[6][7]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս Պողոս-Պետրոս եկեղեցու հատակագիծ (895-906)

Սուրբ Պողոս-Պետրոսը վանքի գլխավոր տաճարն է, կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից։ Շինությունը հատակագծում ուղղանկյուն է (16,4 X 27,2 մ), արևելյան և արևմտյան կողմից ավանդատներ կան՝ արևելյան կողմից կիսաշրջանխորաններով[1]։ Ավանդատները կրկնահարկ չեն, բայց վերևում կան թաքստոց ծառայած դատարկություններ[7]։

Հորինվածքով, բայց որոշ տարբերությամբ նման է վաղ միջնադարյան գմբեթավոր բազիլիկ՝ Սուրբ Գայանե եկեղեցուն, Օձունի, Մրենի և Բագավանի տաճարներին։ Քառանկյունի աղոթասրահում, արևելյան կողմից ավագ խորանից երեք մետր հետ միայն մեկ զույգ մույթեր են տեղադրված։ Արևմտյան կողմից նույն դերը կատարում են ավանդատան աղոթասրահի անկյունները։ Գմբեթատակ քառակուսուց անցումը կատարված է առագաստների օգնությամբ, որոնք եռաստիճան գմբեթակիր կամարների հետ հասնում են մինչև գմբեթի թմբուկի օղակաջև հիմքի քիվը։ Սկզբնական գմբեթը կործանվել է 1138 թվականի երկրաշարժի ժամանակ։ Թմբուկը և հովհարաձև վեղարով գմբեթը վերականգնվել են 1274 թվականին, որն էլ իր հերթին ավեչվել է 1931 թվականի երկրաշարժից[7]։

Տաճարի գլխավոր մուտքը արևմուտքից է։ Մի մուտք է կա հարավային կողմից, որին հետագայում մատուռ է կցակառուցվել։ Եկեղեցին ունի բավականին մեծ լուսամուտներ՝ մեկը ավագ խորանում, երեքը արևմտյան ճակատին, չորսական էլ երկայնական ճակատներին։ Ավերված հին զանգակատան փոխարեն արևմտյան կողմից, եկեղեցուն կից կառուցվել է նորը[7]։

Տաճարի արևելյան պատին, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների նմանությամբ կան զույգ որմնախորշեր։ Հյուսիսային պատի չորս լուսամուտները տեղադրված են կենտրոնում։ Լուսամուտների կամարունքները զարդարված են հնամենի բուսական զարդամոտիվներով, մարդապատկերներով և դեպի նրանց ուղղված օձերի պատկերներով, որոնց պաշտպանիչ էակների նշանակություն էր վերագրվում[7][8]։

Տաճարի մուտքի վերևում կա բացված անցք, որը տանում է դեպի մի որմնախորշ։ Այստեղ, համաձայն ավանդության, պահվել է մենաստանի գանձերի մի մասը։ Այն հայտնաբերվել և թալանվել է թշնամու հերթական արշավանքի ժամանակ[6]։

Գրիգոր Տաթևացու դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Տաթևացու գերեզմանը Տաթևում

Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում, ապսիդիայից աջ, գտնվում է Գրիգոր Տաթևացու շիրիմը, Հայկական Առաքելական եկեղեցու սրբադասված վերջին սուրբը, և մեկը երկրպագված սրբերից Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Փիլիսոփա, գեղանկարիչ, մանկավարժ, եկեղեցիական գործիչն իր անունը ստացել է ի պատիվ համայն հայության մկրտիչ սուրբ Գրիգոր Լուսավորիչի։ Նրա իմաստուն, խորիմաստ և ճարտարախոս քարոզների համար ստացել է Հովհաննես Ոսկեբերան և Գրիգոր Աստվածաբան անունը։ Գրիգորը ծնվել է 1346 թվականին, 14 տարեկանում դարձել է Տաթևի համալսարանի հիմնադիր Հովհան Որոտնեցու աշակերտը, որը 28 տարի շարունակ դաստիարակել և կրթել է նրան։ Հենց նա էլ ձեռնադրել է Գրիգորին որպես վարդապետ, իսկ հետո` 40 տարեկան հասակում ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ Ուսուցչի մահից հետո Գրիգորը փոխարինել է նրան հովվապետական գործնեության մեջ, անցկացնելով Տաթևի մենաստանում ավելի քան 20 տարի, մինչ իր վախճանը։

Մեծ է եղել սուրբ Գրիգոր Տաթևացու վաստակը ոչ միայն ինչպես Տաթևի համալսարանի ռեկտոր, այնպես էլ որպես մանկավարժ, որը դաստիարակել է շատ աշակերտներ որոնց շարքում եղել են անվանի աստվածաբաններ, փիլիսոփաներ և եկեղեցական առաջնորդներ[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Պատմութիւն Նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնյաց, Թիֆլիս, 1911, էջեր՝ 202-340
  2. «Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի». ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՒՄ (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Համբարձում, Տեր (2016 թ․ նոյեմբերի 29). «Տաթևի վանքի պատմությունը (նկարներ) • Հոգևոր կայքէջ». Հոգևոր կայքէջ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Պատմութիւն Նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնյաց, Թիֆլիս, 1911, էջեր՝ 256-257
  5. Лидия Александровна Дурново (1979). Очерки изобразительного искусства средневековой Армении. Москва: Искусство. էջեր 144–148, (ռուս.).
  6. 6,0 6,1 «Տաթև 6: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին (13), Զանգակատունը (12) - Տաթև - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վարազդատ Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն․ Քաղաքաշինությունը և ճարտարապետությունը զարգացած միջնադարում. Երևան: «Լույս» հրատարակչություն.
  8. Якобсон А. Л. Очерк истории зодчества Армении V—XVII веков / А. Л. Якобсон; Под общ. ред. Н. М. Бачинского. — М.; Л.: Стройиздат, 1950. — 168 с. — 5000 экз. (ռուս.)
  9. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.