Սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկզբունք, որևէ տեսության, ուսմունքի, գիտության, աշխարհայացքի, առհասարակ ամեն մի գործունեության, վարքի, քաղաքականության, կուսակցական ղեկավարման և ելակետային դրույթը, որևէ սարքի, մեխանիզմի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը։ Փիլիսոփայության մեջ կեցության ելակետը, սկիզբը, առաջնահիմքը, որի գոյությունը ենթադրվել է մտահայեցողաբար՝ աշխարհի երևույթների բազմազանությունը միասնության (միևնույն հիմքին) հանգեցնելու համար։ Հին հույները սկզբունք անվանում են արխե (архц — սկիզբ), լատիներեն՝ համանիշն է պրինցիպը (principium—սկիզբ, առաջին)։ Մետաֆիզիկայում սկզբունքը համընկնում է, այսպես կոչված, «վերջնական պատճառի» հետ։ Նոր ժամանակի դիալեկտիկական, հակամետաֆիզիկական փիլիսոփայության մեջ սկզբունքն ըմբռնվում է որպես հիմունք, որից, եթե առկա են անհրաժեշտ և բավարար պայմանները, գոյանում է երևույթը։ Բոլոր դեպքերում, այս կամ այն կերպ առանձնացված և ըմբռնված սկզբունքները դառնում են, միաժամանակ, նաև առարկաների ճանաչողության և բացատրության ելակետ։ Տեսական գիտելիքն ամբողջական, համակարգված տեսք է ստանում, երբ հաջողվում է ձևակերպել այն սկզբունքները, որոնք ի մի են բերում փորձից հայտնի երևույթների բազմազանությունը և էմպիրիկական օրինաչափությունները։ Գիտության մեթոդաբանության մեշ բանավեճի առարկա է սկզբունքների վրա հիմնված տեսությունների հարաբերությունը աքսիոմատիկ-դեդուկտիվ համակարգերի նկատմամբ։ Մեթոդաբանության ձևապաշտական ուղղությունը հանիրավի փորձում է «սկզբունքների մեթոդով» կառուցված գիտական տեսություններն առավելագույն չափով մոտեցնել ձևական տրամաբանական ճշգրտության իդեալին, այնինչ իրականում Սկզբունքները, աքսիոմների նման, դեդուկցիայի նախադրյալներ չեն, որոնցից անմիջականորեն տրամաբանական ձևափոխությունների միջոցով արտածելի լինեին փորձնական ընդհանրացումները (բնության օրենքները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png