Դիալեկտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոն

Դիալեկտիկա (հին հունարեն՝ διαλεκτική -վիճելու արվեստ), փիլիսոփայական ուսմունք բնության, հասարակության և մտածողության (իմացության) զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին։ «Դիալեկտիկա» տերմինը ծագել է հունարեն διαλεκτική τέχνη արտահայտությունից, որ նշանակում է բանավիճելու արվեստ, որևէ դրույթի ճշմարտության մեջ համոզելու այն եղանակը, երբ հարց ու պատասխանի միջոցով աստիճանաբար ճշգրտվում է քննարկվող դրույթը, որոշակիացվում են օգտագործվող հասկացությունները։ Այսպիսով, ճշմարտությունը ներկայանում է ո՛չ միանգամից տրված՝ բացարձակ ու վերջնական, այլ որպես ընթացք՝ հակասությունների առաջացման ու հաղթահարման միջոցով ծնվող, այսինքն՝ ոչ վերջնական, հարաբերական։ Հարաբերականության, ընթացքի ու հակասականության այս հատկանիշներով է ընդհանրացվել «դիալեկտիկա» տերմինը՝ վերագրվելու ամեն մի ուսմունքի, որն այդ հատկանիշներով է բնութագրում մեր մտածողությունը՝ մեր պնդումներն աշխարհի մասին, կամ հենց աշխարհը։ Աշխարհի նկատմամբ այդպիսի հայացք է մշակել Հերակլիտը․ սա «տարերային» դիալեկտիկա է, քանի որ հիմնված է անմիջական հայեցողության (դիտումների) վրա։ Ի տարբերություն Հերակլիտի, էլեական դպրոցի ներկայացուցիչները՝ կշռադատության հարց ու պատասխանի եղանակի հայտնաբերողները, աշխարհի իսկական էությունը համարել են նրա ամբողջականությունը, միասնականությունը, որը պետք է ընդունել իբրև նախապես տրված՝ այս իմաստով «անշարժ», քանի որ անվերջը (ամբողջը) չի կարող ստացվել որպես վերջավոր մասերի գումար, անընդհատը՝ դիտվել ընդհատի միակցություն, շարժումը՝ դադարի պահերի շարք։ Զենոն Էլեացու ձևակերպած համապատասխան ապորիաները գնահատվել են որպես «բացասական» դիալեկտիկա։ Սոփեստներն առավել ուշադրություն են նվիրել ճշմարտության հարաբերականությանը (հասկացությունների ճկունությանն ու պնդումների ոչ բացարձակությանը), օգտագործել այս հանգամանքն իրենց «համոզման արվեստում»։ Տրամաբանական ռելյատիվիստական այս ուսմունքը Հեգելն անվանել է «սուբյեկտիվ», «արտաքին» դիալեկտիկա, իսկ Սոկրատեսի ու Պլատոնի դիալեկտիկան՝ «իսկական», «օբյեկտիվ», քանի որ հասկացությունների վերլուծությունը և մտքի առաջընթացը հակասությունների միջոցով ծառայում են ո՛չ թե պարզապես համոզմանը, այլ բուն առարկաների ընդհանրական էության («օրենքի», «սկզբունքի») հայտնաբերմանը։ Ստեղծված ավանդույթին համապատասխան, Արիստոտելի տրամաբանության մեջ դիալեկտիկան առնչվում է այնպիսի մտահանգումների հետ, որոնց սոսկ տրամաբանական ձևն է ճշմարիտ (կանոնավոր), իսկ նախադրյալների ճշմարտությունն անհրաժեշտաբար չի հիմնավորված (հարաբերական է՝ պատահական, անկայուն, անցողիկ), ի տարբերություն անալիտիկայի, որը հետազոտում է ապացուցողական՝ բացարձակ ճշմարիտ կանխադրույթներից ելնող կշռադատությունը․ այս ըմբռնումն արտացոլել է նաև Դավիթ Անհաղթը՝ Արիստոտելին մեկնելիս (Դաւիթ Անյաղթ, «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի»)։

Դիալեկտիկան միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանուիլ Կանտ

Միջնադարում, երբ նախադրյալների ճշմարտության հարցը հանվեց տրամաբանության իրավասությունից, «դիալեկտիկա» տերմինով երբեմն նշանակում էին տրամաբանությունն առհասարակ՝ որպես ուսմունք մտածողության ձևական պայմանների մասին։ Այս իմաստով «դիալեկտիկա» տերմինը գործածվել է մինչև XVIII դարը։ XIX դարի հայ տրամաբաններից Պողոս Էմմանուելյանը ևս այն օգտագործել է իբրև ձևակաև տրամաբանության համանիշ։ Անալիտիկայի և դիալեկտիկայի համանման հարաբերակցություն կա Կանտի ուսմունքում։ Անալիտիկայի բնագավառը հայեցողության մեջ տրված (փորձով հավաստվող) առարկաների նկատմամբ դատողականության (ձևական տրամաբանություն) կիրառումն է (որ համընկնում է փորձնական բնագիտության ոլորտին), իսկ դիալեկտիկայի բանականության հավակնությունն է՝ տրամաբանական մտահայեցողական ճանապարհով պնդումներ արտածելու առարկաների (աշխարհի) արտափորձային («վերֆիզիկական») էության մասին, բայց դրա քննական վերլուծությունը՝ «տրանսցենդենտալ» դիալեկտիկան, ցույց է տալիս, որ այդ դեպքում անխուսափելի է դառնում անլուծելի հակասությունների առաջացումը, որովհետև բանականությունը, դուրս գալով առանձինի և վերջավորի ոլորտից, հավակնում է ճանաչելու համընդհանուրն ու անվերջը (վերջավո՞ր, թե՛ անվերջ է աշխարհը, կա՝ արդյոք աշխարհի վերջնական սուբստանցային հիմք և այլն)։ Ի տարբերություն Կանտի, Հեգելը գտնում էր, որ այդ հակասություններն ամենևին չեն վկայում բանականության համար աշխարհի ճանաչելիության սահմանափակությունը։ Դրանք օբյեկտիվ են․ հակասական է աշխարհի ընդհանրական էությունն ինքը, և բանականության խնդիրը հենց այն է, որ քննի իրականությունն իր հակասական բնորոշումների (վերջավորի ու անվերջի, ընդհատի ու անընդհատի) միասնության մեջ։ Այս առումով Հեգելը դիալեկտիկան հակադրում էր մետաֆիզիկային, որը, իբրև դատողականության համար բնորոշ ձևական-տրամաբանական մոտեցում, առարկաները դիտում է դրանց խիստ որոշակի ու միակողմանի բնութագրումներով։ Մետաֆիզիկայի այս տեսակետը հաղթահարվում է զարգացման դիալեկտիկական ըմբռնման (պատմականության սկզբունքի) շնորհիվ, աշխարհը զարգացող ամբողջականություն դիտելիս պարզվում է, որ առարկաների անջրպետվածությունը միմյանցից (դրանց խստիվ բաժանումը տեսակների ու սեռերի՝ ըստ որոշակի հատկանիշների) հարաբերական է․ որակները փոխարկվում են միմյանց։ Զարգացման աղբյուրը հակասությունն է․ որակական ամբողջականության (աշխարհի կամ նրա հարաբերականորեն ինքնուրույն որևէ ոլորտի) ներսում տարբերակվում են հակասական հատկանիշներ (կողմեր, պրոցեսներ), որոնք հանգեցնում են նրա ինքնաբացասմանը։ Հեգելի այս գաղափարները նոր իմաստ են վերագրում «դիալեկտիկա» տերմինին։ Դրանք կազմում են Հեգելի դիալեկտիկական մեթոդը՝ մոտեցումը աշխարհի նկատմամբ, նրա ըմբռնումն ու մեկնաբանումը, ուստի և շարադրվում են, ամենից առաջ, իբրև հասկացությունների դիալեկտիկական տրամաբանության ոլորտում՝ համընդհանուր կատեգորիաների համակարգի զարգացում հակասությունների ծավալման, որակական անցումների ու ինքնաբացասման ուղիով։ Բայց քանի որ այդ համակարգն առարկայանում («օտարվում») է աշխարհի իրական ծավալման մեջ, այն հանդես է գալիս նաև իբրև բնության դիալեկտիկա։

Մարքսիստական դիալեկտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարքս

Կարլ Մարքսի մատերիալիստական դիալեկտիկան շրջում է հարաբերությունը։ Բնության դիալեկտիկան, որը տրվում է աշխարհի գիտական պատկերի մեջ, իր իսկ գիտական իմացության ապրած էվոլյուցիան և, հատկապես, հասարակական զարգացումն ու սոցիալական հեղափոխությունները ելակետ են դառնում դիալեկտիկական մեթոդի և, մասնավորապես, պատմականության սկզբունքի մշակման համար։ Մարքսի «Կապիտալ»-ում հասկացությունների համակարգի ծավալումը համընդհանուր վերացականից կոնկրետը՝ հակասությունների առաջացման ու ինքնաբացասման միջոցով, արդեն ներկայացնում է իրական պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերումը։ Մարքսյան դիալեկտիկան, այդպիսով, մի կողմից տրամաբանական ուսմունք է, իմացության տեսություն և ճանաչողության մեթոդ, մյուս կողմից՝ իրականության տեսություն, դրանով վերանում է իմացաբանության և գոյաբանության ավանդական բաժանումը։ Վլադիմիր Լենինը հատկապես ընդգծել է, որ «․․․դիալեկտիկան, Մարքսի ըմբռնումով, նաև համաձայն Հեգելի, ներառում է այն, ինչ այժմ կոչում են իմացաբանություն, գնոսեոլոգիա, որն իր առարկան պետք է քննի հավասարապես պատմականորեն, ուսումնասիրելով և ընդհանրացնելով իմացության ծագումն ու զարգացումը, անցումը չիմացությունից իմացության»։ Մարքսիստական դիալեկտիկայի համակարգված շարադրանքը, մասնավորապես բնագիտության դիալեկտիկական մեկնաբանությունը տվել է Ֆրիդրիխ Էնգելսը «Անտի-Դյուրինգ», «Բնության դիալեկտիկա» երկերում։ Նա ցույց է տվել դիալեկտիկական մեթոդի անհրաժեշտությունը մատերիալիստական հետևողական աշխարհայացքի համար։ XX դարում անհրաժեշտություն առաջացավ դիալեկտիկորեն ըմբռնելու հատկապես իմացաբանական ու մեթոդաբանական այն հարցերը, որոնք ծագեցին գիտության հիմունքների հետազոտման կապակցությամբ (պարադոքսներ, ակտուալ և պոտենցիալ անվերջություն), բնագիտության ապրած հեղաշրջման հետևանքով (ֆիզիկական ռեալության հարցը, գիտության մաթեմատացումը, դիտողականության պրոբլեմը, վերացական կոնստրուկտների հարաբերությունը փորձին ու իրականությանը, հավանականության հասկացությունը և ժամանակակից դետերմինիզմը), հետազոտության նոր բնագավառների ու եղանակների ստեղծման շնորհիվ («միտքը և մեքենան», նշանային համակարգեր, մոդելավորում)։ Ուստի և իմացության պրոցեսի դիալեկտիկայի հարցերը մեծ տեղ են գտել Վլադիմիր Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ», «Փիլիսոփայական տետրեր» երկերում, խորհրդային փիլիսոփաների՝ բնագիտության փիլիսոփայական հարցերին նվիրված գործերում, իմացաբանական, մեթոդաբանական հետազոտություններում։ Հասարակական կյանքի մարքսիստական ըմբռնման մեջ անմիջականորեն կիրառվում են դիալեկտիկայի սկզբունքները՝ զարգացումը ներքին հակասությունների առաջացման ու լուծման միջոցով՝ հասարակական-տնտեսական հիմքից մինչև դասակարգային հակամարտություն, որակական անցումները՝ հատկապես հասարակական-տնտեսական մի ֆորմացիայից մյուսը։ Դիալեկտիկան դիտվում է որպես գործողության ուղեցույց, երբ ընդունվում է հնի բացասումը և նորի կազմավորումը հեղափոխական ճանապարհով՝ հեղափոխական կուսակցությունների կազմակերպման և դրանց կողմից դասակարգային պայքարի ղեկավարման, հասարակական-տնտեսական հին կացութաձևերի վերացման և տնտեսության ու հասարակական կյանքի սոցիալիստական ձևերի գիտակցական արմատավորման միջոցով։ Մատերիալիստական դիալեկտիկան որպես տեսություն շարադրվում և ավանդվում է համակարգված՝ իբրև մատերիալիստական դիալեկտիկայիի կատեգորիաների և օրենքների ամբողջություն։

Դիալեկտիկան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Տաթևացի

Դիալեկտիկական մտածելակերպի տարրեր կան հայ միջնադարյան փիլիսոփաների և մինչմարքսյան մտածողների (Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու, Անանիա Շիրակացու, Հովհան Երզնկացու, Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, Գրիգոր Տաթևացու, Հովհան Որոտնեցու, Ստեփանոս Լեհացու, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Կոստանդյանի և ուրիշների) հայացքներում, նկատի ունենալով դիալեկտիկայի այս կամ այն առանձին դրսևորումներ՝ զարգացման գաղափարը, հակադիր ուժերի (երևույթների, հատկությունների) պայքարն ու փոխներթափանցումն է, համապատասխանաբար, հասկացությունների ճկունությունը և այլն։ Այսուհանդերձ, դրանք դիալեկտիկական ուսմունք չեն կազմել։ Դիալեկտիկայի՝ որպես ուսմունքի, ըմբռնումը, շարադրումն ու մշակումը հայ իրականության մեջ կապված է մարքսիզմի տարածման ու զարգացման հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Երևան, 1954 (ւոես երկրորդ հրա․ վերջաբանը)։
  • Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Երևան, 1967։ Նույնի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։
  • Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։
  • Լենին Վ․, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։
  • Гегель, Соч․, т․ 1—3, М․, 1929—56 Асмус В․ Ф․, Очерки истории диалектики в Новой философии, в его кн․։ Избр․ философские труды, т․ 2, М․, 1971
  • История марксистской диалектики․ От возникновения марксизма до ленинского этапа, М․, 1971
  • История марксистской диалектики․ Ленинский этап, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 370