Սիրիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրիայի հայկական տպագրություն, Սիրիայում հայերեն գրքերի ու պարբերականների հրատարակության պատմությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում լույս տեսած հայերեն առաջին տպագիր հրատարակությունը «Ֆռաթ» («Եփրատ», Հալեպ, 1868-1877) եռօրյա թերթն է, որը օսմաներենի, արաբերենի, արաբատառ թուրքերենի հետ ունեցել է նաև հայատառ թուրքերեն բաժին։

Սիրիահայ համայնքն ստվարացել է հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ բազմահազար արևմտահայեր ապաստանել են Հալեպում, Դամասկոսում և այլուր։

Տպարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալեպը Սփյուռքի հրատարակչական կարևորագույն կենտրոններից է, որտեղ գործել են շուրջ 3 տասնյակ հայկական տպարաններ։ Տեղի հայկական առաջին տպարանը՝ «Հայ ձայնը» (տնօրեն՝ Սեդրակ Կեպենլյան), 1918-1919 թվականներին տպագրել է նույնանուն պարբերականը։ 1918-1965 թվականներին Հալեպում գործել է «Սեպաթ» տպարանը (տնօրեն՝ Հովսեփ Աճեմյան, տպագրել է Մ. Նաճարյանի «Էջ մը Տիգրանակերտի տարեգրութենէն» (1919) և այլ գրքեր), 1922-1926 թվականներին՝ «Սուրիական մամուլ»-ի (տնօրեն՝ Բյուզանդ Թոփալյան, համանուն թերթը, Հայ որբանոցի «Տեղեկագիրը», «Գիտական շարժում» ամսագիրը), 1922-1945 թվականներին՝ «Քոլեջ» (տնօրեն՝ Սարգիս Լալայան, տպագրել է հիմնականում հայատառ թուրքերեն գրականություն, նաև Տ. Անդրեասյանի «Զէյթունի տարագրութիւնը եւ Սուէտիոյ ապստամբութիւնը» (1935) երկը, Ժ. Խրլոպյանի «Բառարան գաղղիերէնէ հայերէն»-ը (1936), Ա. Արմանի «Խաչբուռ» (1944) բանաստեղծությունների ժողովածուն և այլն, նաև Ամերիկյան քոլեջի ուսանողական «Գրասէր» պաշտոնաթերթը), 1922-1963 թվականներին՝ ավետարանական հոգևոր եղբայրության «Մարանաթա» (տնօրեն՝ Բ. Թոփալյան, տպագրել է հայերեն և հայատառ թուրքերեն հոգևոր թերթիկներ, օրացույցներ, քարոզտետրեր, գրքույկներ, համանուն ամսաթերթը), 1924-1930 թվականներին՝ «Արաքս» (տնօրեն՝ Բ. Թոփալյան, տպագրել է «Օրագրութիւն ուղեւորութեան յԵւրոպա Սահակ Բ կաթողիկոս Կիլիկիոյ» (1928), «Ցրոնքցի Մուրատ Պետրոսեան» (կազմ.՝ Ա. Արշակունի, 1929), Գ. Հովսեփյանի «Մի էջ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութիւնից» (1930) գրքերը, Բ. Թոփալյանի «Այգահանդէս» (1930) բանաստեղծությունների ժողովածուն և այլն], 1924-1942 թվականներին՝ «Արարա» (տնօրեն՝ Եղիազար Պենլյան, տպագրել է Վարուժնակի «Դեղին երգեր» (1927) բանաստեղծությունների ժողովածուն, Ս. Բյուրատի «Վերջին բերդը» (1929) վեպը և «Արիւնի ձորը» (1932) վիպակը, Հ. Մուրադյանի «Կեանքի մէջ» (1934) բանաստեղծությունների ժողովածուն և այլն, նաև «Եփրատ» (1927-1949) պարբերականը, թարգմանական և հայատառ թուրքերեն գրականություն), 1929 թվականից՝ «Անի» (հիմնադիր-տնօրեն՝ Ավետիս Էքմեքճյան, տպագրել է Ա. Երեցյանի «Մրրիկներ» (1937) բանաստեղծությունների ժողովածուն, Ա. Կիտուրի «Հոգին եւ նիւթը» (1938), Ա. Սյուրմեյանի «Պատմութիւն Հալէպի հայոց» (հ. Ա, 1938) երկերը, «Հայերէն երգէ» (պր. 8–13, 1943–47) պատկերազարդ երգարանը, Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» (1946) ժողովածուն, «Ակնայ բարքերն ու գաւառաբարբառը» (կազմ.՝ Մ. Գալենտեր, 1948), Պ. Ճիզմեճյանի «Հայերէն արշխարհաբար լեզուի լիակատար բառարանը» (հ. Ա–Բ, 1954), Ս. Կապուտիկյանի «Քերթուածներ» (1954) բանաստեղծությունների ժողովածուն, Թլկատինցու «Ընտիր երկերը» (1958), Մ. Սեպուհի «Հաճընի ողբերգութիւնը» (1960) և այլն, նաև դասագրքեր, «Սուրիա», «Նոր սերունդ» պարբերականները], 1930-1949 թվականներին՝ «Տեր-Սահակյան» («Արաքսի» հիմքի վրա, տնօրեն՝ Ավետիս Տեր-Սահակյան, տպագրել է Վ. Թեքեյանի «Երեք փունջեր» (1934) բանաստեղծությունների ժողովածուն, Ա. Սյուրմեյանի «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի եւ Անթիլիասի ու մասնաւորաց» (հ. Բ, 1936), «Կոմիտաս։ Ժողովրդային երգարան» (կազմ.՝ Ա. Տեր–Սահակյան, 1937), Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» (1942) պոեմը, Ա. Ծառուկյանի «Առագաստներ» (1939), Զ. Մելքոնյանի «Ես եւ մարդիկ» (1942-1943) բանաստեղծությունների ժողովածուները, դասագրքեր, բառարաններ, պարբերականներ), 1934 թվականից՝ «Րոթոս» (առաջին օֆսեթ տպարանը Հալեպում, տնօրեն՝ Թորոս Թերճանյան, տպագրել է Ա. Արարատի «Կրակէ արդարութիւն» (1946) պատմվածքների ժողովածուն, «Սուրբ Անտոն...» (թարգմ.՝ Հ. Չամիչյանի, 1964) և այլն], 1936-1941 թվականներին՝ «Պոզոքլյան» (տնօրեն՝ Մինաս Պոզոքլյան, տպագրել է հոգևոր գրքեր, թերթիկներ, օրացույցներ), 1937 թվականից՝ «Տիգրիս» (տնօրեն՝ Վարդգես Գրիգորյան, տպագրել է Հ. Թումանյանի «Սասունցի Դաւիթ» (1939) պոեմը, Ս. Ալաջաջյանի «Վշտի ծաղիկներ» (1942), Պ. Պարգևի «Մշուշոտ կատարներ» (1944), Ա. Տոնճոյենցի «Սրտի կայլակներ» (1948) բանաստեղծությունների ժողովածուները և այլն), 1938-1939 թվականներին՝ «Արձագանք» (տնօրեններ՝ Հրանտ Տևեճյան, Վարդան Երեմյան, տպագրել է Հ. Տևեճյանի «Հայ ազգի ծագումը», Հ. Սողոմոնյանի «Հայ դպրութիւնը հեթանոսական շրջանին», Խ. Գաբիկյանի «Հայկական հարցը», Վ. Երեմյանի «Հայկական ոսկեդար» (բոլորը՝ 1938) և այլն), 1941 թվականից՝ «Ճիզմեճյան» (տնօրեն՝ Դանիել Ճիզմեճյան, տպագրել է հիմնականում հոգևոր գրքեր, թերթիկներ, օրացույցներ, նաև Ժյուլ Վեռնի «Աշխարհի շրջանը ութսուն օրուայ մէջ» (թարգմ.՝ Մ. Ճիզմեճյանի, 1965) և այլն), 1942-1949 թվականներին՝ «Եփրատ» («Եփրատ» թերթը), 1944-1946 թվականներին՝ «Սևան» (նախաձեռնող՝ Հալեպահայ ուսուցչական միություն, տնօրեն՝ Ջորջ Մակարյան, տպագրել է «Աշակերտին բարեկամը» և «Անմահ քերթողներ» մատենաշարերի մի շարք գրքեր, Լ. Բաշալյանի «Պատմւածքներ», Հ. Քեշիշյանի «Արշալոյսէն առաջ» պատմվածքների, Վ. Տերյանի «Ընտիր քերթուածներ», Մ. Թոլոլյանի «Մթնոլորտ» (բոլորը՝ 1945) բանաստեղծությունների ժողովածուները, նաև «Սեւան» (2 համար) գրականության և արվեստի պարբերագիրքը), 1945-1955 թվականներին՝ «Նայիրի» (տնօրեն՝ Անդրանիկ Ծառուկյան, 1951 թվականից՝ Սամուել Քյուրեճյան, տպագրել է «Նայիրի» գրական ամսագիրը, «Նայիրի» մատենաշարով մի շարք գրքեր, նաև Կ. Մկրտչյանի «Կապոյտ ձայն» (1946), Մուշեղ Իշխանի «Հայաստան» (1946) բանաստեղծությունների, Է. Պոյաճյանի «Հողը» (1948) պատմվածքների ժողովածուները, «Յեղափոխական երգեր» (1950), «Հայ գրողներ» (1951) ժողովածուները, բառարաններ, դասագրքեր և այլն), 1946 թվականից՝ «Արևելք» (տնօրեն՝ Օննիկ Մելիքսեթյան, 2007 թվականից՝ Ասատուր Արամյան, տպագրել է «Արեւելք» օրաթերթը, Ա. Երեցյանի «Գէորգ Չաւուշ» (1952) դրաման, Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» (1954) ժողովածուն, Ռ. Լ. Սթիվենսոնի «Գանձերու կղզին» (թարգմ.՝ Հ. Պարսումյանի, 1954), Գ. Թագվորյանի «Պահակը պատնէշին վրայ» (1956) վեպերը, Հ. Չոլաքյանի «Քեսապ» (հ. Ա–Գ, 1995–2004) աշխատությունը և այլն), 1949 թվականից՝ «Ոսկետառ» (տնօրեն՝ Գառնիկ Մանուշակյան, 1958 թվականից՝ Գրիգոր Պուրճլյան, տպագրել է Ա. Իսահակյանի «Հատընտիրը» (1955), Ռ. Ճեպեճյանի «Մտերիմ զրոյց ուղղագրութեան հարցին շուրջ» (1970), Հ. Պարոնյանի «Մեծապատիւ մուրացկաններ» (ա. թ.), Թ. Թորանյանի «Հաւատամքի կամուրջ» (2010) և այլն, նաև «Նոր Մարաշ» և այլ պարբերականներ), 1951 թվականից՝ «Շիրազ» (տնօրեն՝ Անդրանիկ Արարատ (Նաճարյան), տպագրել է Մ. Գուշագճյանի «Կեանքի կարօտ» (1957) բանաստեղծությունների, Ա. Արարատի «Ծիլ մը անապատի մէջ» (1965) պատմվածքների ժողովածուները, Թ. Թորանյանի «Վերստին կարդալով Շահան Շահնուրը» (1971) և այլն, «Գրասէր», «Հայ պատանի», «Փունջ», «Երկիր» պարբերականները, «Մշակոյթ» պարբերագիրքը), 1951-1954 թվականներին՝ «Արփի» (տնօրեններ՝ Արա Տեմիրճյան և Ներսես Նալբանդյան, 1954 թվականից՝ «Հալեպ», տպագրել է Հ. Պարիկյանի «Այգեկութք» (1962) բանաստեղծությունների, Լ. Սյուլահյանի «Թափառող հոգիներ» (1970) պատմվածքների ժողովածուները, «Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու» (կազմ.՝ Հ. Պարիկյան, Հ. Վարժապետյան, 1973) և այլն), 1955 թվականից՝ «Մասիս» (տնօրեն՝ Գեղամ Ատուրյան, տպագրել է Ռ. Սևակի «Ծաղկեփունջ» (1956) նորավեպերի ու պատմվածքների, Մ. Սևանի «Երդում» (1959), Ս. Քեշիշյանի «Իմ երգը» (1963) բանաստեղծությունների ժողովածուները, բառարաններ և այլն), 1956 թվականից՝ «Հրապո» (առաջին օֆսեթ տպարանը, տնօրեններ՝ Հրանտ Գազանճյան, Հակոբ Ղազարոսյան, Պողոս Գաբիկյան, տպագրել է գեղարվեստական գրականություն, գունավոր ալբոմներ, դասագրքեր), 1959-1963 թվականներին՝ «Գարուն» (հայտնի է նաև արաբերեն «Րապի» անունով, տնօրեն՝ Անդրանիկ Այվազյան, տպագրել է գեղարվեստական գրքեր, ալբոմներ, բառարաններ և այլն), 1992–2012 թվականներին՝ «Կիլիկիա» (տնօրեն՝ Մաթիկ Էպլիղաթյան) և այլ տպարաններ։

Հալեպում հայերեն գրքեր տպագրվել են նաև արաբական «Մարոնիթ», «Էլ Մաարէֆ», «Ահրամ», «Ֆեճըր», «Ֆընուն», «Շեպեպ», «Էլ Շարըք», «Վագըթ», «Հուրիէ», «Սաատ» և այլ տպարաններում։

Դամասկոսում գործել է «Եվրիքյան» (1933 թվականից), Ալեքսանդրետում (այժմ՝ Թուրքիայում)՝ «Ալեքսանդրետ» (1924-1925) հայկական տպարանները։

Պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում 1918 թվականից ցայսօր տպագրվել են շուրջ 150 անուն հայերեն պարբերականներ, մեծ մասը՝ Հալեպում։

Կարևոր հրատարակություններից են ՌԱԿ-ի Կիլիկիայի շրջանային վարչության «Հայ ձայն» (1918–22) քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթը, ՍԴՀԿ Հալեպի մասնաճյուղի «Եփրատ» (1919) շաբաթաթերթը, ՍԴՀԿ Սիրիայի շրջանի «Սուրիական մամուլ» (1922– 1927), ՌԱԿ-ի «Եփրատ» (1927-1949), ՀՅԴ Սիրիայի շրջանի «Արեւելք» (1946–63) պաշտոնաթերթերը, «Յեղափոխական ալպոմ» (1949-1961, 1962-1975 թվականներին՝ Բեյրութում) պարբերաթերթը, «Արեւելք–Մարզաշխարհ» (1957-1963) շաբաթաթերթը, «Նոր աւետաբեր» (1927-1934) կրոնական երկշաբաթաթերթը, «Տաթև» (1925-1930) կրոն. տարեցույցը, ազգային, գրական «Նայիրի» (1941 թվականից, 1952 թվականից՝ Բեյրութում) պարբերականը, «Նոր Մարաշ» (1946-1961), «Բարձունք» (1958–71) տարեգրքերը, «Սուրիա» (1946–60) անկախ օրաթերթը, «Բուրաստան» (1950–58) մանկապատանեկան պարբերաթերթը, «Հայ ծերանոց» (1952–2012) եռամսյա տեղեկատու հանդեսը, «Լրատու» (1964-1980) կրոնական շաբաթաթերթը, «Մշակոյթ» (1967, 1970, 1972) պարբերագիրքը, «Գեղարդ» (1975–2000) տարեգիրքը, «Ցոլքեր» (1991-1992, 1995-1997) աշակերտական պարբերաթերթը և այլն։ Ներկայում լույս են տեսնում Հայ կաթողիկե առաջնորդարանի «Պարբերաթերթ» (1960 թվականից) կրոնական, ազգային, գեղարվեստական, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» (1978 թվականից) պաշտոնաթերթերը, Քարեն Եփփե ազգային ճեմարանի «Ծիլեր» (1961–64, 1972 թվականից) պարբերաթերթը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու (կազմ.՝ Հ. Պարիկան, Հ. Վարժապետյան), Հալեպ, 1973։
  • Չոլաքեան Հ., Հալէպի պարբերական մամուլի համառօտ նկարագրութիւն, Հալեպ, 1978։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։