Օֆսեթ տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆսեթ տպագրության Man Roland մամլիչ

Օֆսեթ տպագրություն, օֆսեթ (անգլ.՝ offset - բառացի՝ ճյուղավորում), հարթ տպագրության եղանակ, որի դեպքում ներկը տպագրական տպաձևից թղթի վրա փոխադրվում է միջանկյալ Էլաստիկ (ռետինե) շերտի միջոցով։

Օֆսեթ տպագրության սկզբունքն առաջադրվել է ԱՄՆ-ում 1905 թ., երբ ստեղծվել է առաջին օֆսեթ տպագրական մեքենան։

Տեքստը և գրաֆիկական տարբեր բարդության պատկերազարդումները վերարտադրվում են մեկ լրիվ չափսի տպագրական տպաձևից (ստացվում է մինչև 1 մլն տպվածք)։ Օֆսեթ տպագրությունը լայնորեն կիրառվում է բազմագույն հրատարակությունների (պլակատներ, հանդեսներ, մանկական գրքեր, աշխարհագրական քարտեզներ, բացիկներ, վերարտադրանկարներ և այլն) համար, օպերատիվ պոլիգրաֆիայում (ինֆորմացիոն նյութերի, փաստաթղթերի, համեմատաբար ոչ մեծ տպաքանակներով արագ բազմացման պոլիգրաֆիական տեխնիկայի պայմանական անվանումը), հազվադեպ՝ թերթերի համար։ Հիմնականում տպարաններն օգտագործում են տպագրության օֆսետ եղանակը։ Գոյություն ունեն նաև այլ տեսակի տպարաններ՝ փոքր տպաքանակի տպարանները օգտագործում են թվային/լազերային/ կամ շիթային/թանակային/տպող սարքեր, ռիզոգրաֆ և այլն։ Լայն տարածում են ստացել լայնաֆորմատ տպագրությունը, տպագրությունը բաժակների, շապիկների, գրիչների և ցանկացած այլ իրերի վրա։ Մեր օրերում ստեղծվել են նաև օնլայն տպարաններ։ Համացանցի զարգացումը Հայաստանում այսօր թույլ է տալիս ՀՀ յուրաքանչյուր բնակավայրից, am տիրույթում այցելելով տպարան, պատվիրել տպագրական արտադրանք համակարգչի մեկ սեղմումով և կարճ ժամկետներում ստանալ պատրաստի տպագրական արտադրանքը։

Հայաստանում օֆսեթ տպագրությունը ներդրվել է 1950-ին Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատում։։

Օֆսեթ տպագրության եղանակով են տպագրվել նաև Հայկական սովետական հանրագիտարանի տեքստը և գունավոր ներդիրների մի մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png