Մինչև 2 մ տրամագծով, խիտ բարձիկներ առաջացնող բույսեր։ 1-4 մմ երկարությամբ, 1 մմ լայնությամբ, կղմինդրաձև միմյանց վրա դասավորված տերևները լայնակի կտրվածքում եռանկյուն են։ 2-3 մմ երկարությամբ բաժակը բութ ատամիկներով է։ Պսակաթերթերը բաժակից երկար են, ամբողջական, սպիտակ կամ վարդագույն[1]։
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա և ժայռոտ վայրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին։ Հաճախ երկրորդ ծաղկումը նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[1]։
Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգը աճելավայրերի խախտումն է՝ ճանապարհային ցանցի զարգացման հետ կապված։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընգրկված չէ[1]։