Սանգա (Սանգհա)
Սանգա | |
---|---|
Տեսակ | group of protected areas? |
Երկիր | Կամերուն, Կոնգոյի Հանրապետություն և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն |
Մակերես | 746 309 հեկտար և 1 787 950 հեկտար |
Կազմված է | Nouabalé-Ndoki National Park?, Լոբեկե (ազգային պարկ) և Dzanga-Ndoki National Park? |
Ձևավորում | 1990 |
Սանգա (Սանգհա), արևադարձային անտառ և ազգային պարկ, զբաղեցնում է Կոնգո գետի վտակ Սանգա գետի ավազանը։ Արևադարձային անտառը գտնվում է երեք պետությունների սահմաններում՝ ընդգրկելով Կոնգոյի Հանրապետության արևմտյան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության կենտրոնական և Կամերունի արևելյան շրջանները։
Անտառի տարածքում առանձնացնում են 3 ազգային պարկեր.
- Լոբեկե, գտնվում է Կամերունում, ազգային պարկի կարգավիճակ է ստացել 2001 թվականին։ Զբաղեցնում է 2178.54 կմ2 մակերես։
- Դզանգա-Սանգա, գտնվում է Կենտրոնաաֆրիկյան հանրապետության տարածքում, ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1990 թվականին։ Զբաղեցնում է 1715 կմ2 մակերես, որից 495 կմ2 գտնվում է հյուսիսում և 1220 կմ2՝ հարավում։
- Նուբալե-Նդոկի, գտնվում է Կոնգոյի Հանրապետությունում, ազգային պարկի կարգավիճակ ունի 1993 թվականից։ Զբաղեցնում է 3865.92 կմ2 մակերես։
2000 թվականին երեք երկրների միջև ստորագրվեց կենսոլորտային տարածքի ստեղծման մասին համագործակցության համաձայնագիր, իսկ 2007 թվականին հիմնվեց Սանգա ազգային պարկի գիտահետազոտական ինստիտուտը։ 2012 թվականին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ ընգդգրկելով 7542.86 կմ2 մակերես բուն անտառային գոտի և 17879.5 կմ2 բուֆերային գոտի[1][2]։ Ազգային պարկի միջազգային անվանումն է Sangha Trinational, որը թարգմանաբար նշանակում է «երեք ազգերի Սանգա»։
Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանգա անտառը լանդշաֆտային առումով ընդգրկում է «անձրևային» մշտադալար լայնատերև անտառները, արևադարձային անտառները և ճահճուտները, ինչպես նաև՝ սավաննաները։ Հորդացումների և վարարումների ժամանակ մեծ վնաս են կրում հատկապես սավաննաների խոտածածկ տարածքները, որոնք պարբերաբար ջրածածկ են լինում՝ նպաստելով ճահճուտների ընդարձակմանը և հողային էրոզիային։ Ռելիեֆի ցածրադիր մասերում՝ ուանգաներում, հանդիպում են բե կոչվող սավաննաները, որոնք տարածվում են գետի հոսանքի երկայնքով՝ զբաղեցնելով ամբողջ գետավազանը։ Մինչ օրս այդ տիպի սավաննաներից ուսումնասիրվել են ընդամենը 138-ը։ Սավաննային գոտիները իրարից տարբերվում են մեծությամբ, հողային և ջրային ռեժիմով, հետևաբար, նաև՝ ֆլորայով և ֆաունայով։ Սանգայի անտառներն ունեն ոչ միայն գեղագիտական, այլև՝ գիտահետազոտական և տուրիստական նշանակություն։ Ի տարբերություն դժվարանցանելի արևադարային անտառների, այստեղ հնարավոր է իրականացնել տուրիստական արշավներ և հետազոտական աշխատանքներ։
Սանգայի բնական հարստությունը և բազմազանությունը առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ անտառը գտնվում է Կոնգոյի հասարակածային և սավաննաների կենսաշխարհագրական շրջանների միջև՝ անցումային գոտում։ Բացի այդ, սա Կոնգոյի ավազանի եզակի հատվածներից է, որտեղ մարդու ազդեցությունը եղել է նվազագույն։ Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը փոքրաթիվ ցեղախմբերի կողմից իրականացվող բնօգտագործումը սահմանափակվում էր որսորդությամբ և հավաքչությամբ։ Եվ միայն 20-րդ դարի երկրորդ կեսից տարածքի 30%-ն սկսվեց օգտագործվել արդյունաբերական նպատակով։ Այսօր էլ մարդու տնտեսական գործունեությունը այստեղ շատ սահմանափակ է, իսկ բնակչության խտությունը՝ ցածր։
Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանգայի անտառը շատ կենդանիների տարածման բնական միջավայրն է։ Այստեղ տարածված շատ կենդանատեսակներ էնդեմիկ են կամ գտնվում են ոչնչացման եզրին։ Սանգա գետը հատում է անտառը հյուսիսից հարավ։ Այս գետում են տարածված Նեղոսի կոկորդիլոսը և մինչև 1.33 մետր երկարության հասնող Մեծ վագրաձուկը (անգլ.՝ Hydrocynus goliath):
Անտառային բաց և փակ տարածքների առկայությունը, մարդու սահմանափակ ազդեցությունը նպաստել են աֆրիկյան անտառային փղերի, գորիլաների և շիմպանզեների խոշոր պոպուլյացիաների ձևավորմանը[3]։ Հանդիպում են գոմեշներ, վայրի խոզեր, այծքաղների այնպիսի էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են սիտատունգան և բոնգոն։
Այս կենդանատեսակների որոշ պոպուլյացիաներ տարածված են միայն Սանգա գետահովտի որոշակի հատվածներում, որի պատճառով ազգային պարկի արևելյան և հարավարևմտյան շրջանների նույն տեսակին պատկանող տարբեր պոպուլյացիաներն իրարից տարբերվում են հարմարվողականությամբ և վարքագծով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Աֆրիկյան անտառային փղեր
-
Նեղոսի կոկորդիլոս
-
Մեծ վագրաձուկ
-
Գորիլա
-
Շիմպանզե
-
Սիտատունգա այծքաղ
-
Բոնգո այծքաղ
-
Աֆրիկյան գոմեշ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sangha Trinational». UNESCO. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Gerken, James (2012 թ․ հուլիսի 9). «Sangha Tri-National Protected Area Declared A World Heritage Site». huffingtonpost. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Central African Republic». Africa's Eden. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.