Պորտալ:Լոռու մարզ/Ընտրված շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակի շրջան (մինչև 1949 թվականը՝ Համամլուի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 544 կմ² է, բնակչություն՝ 42 800 (1983)։

Սպիտակի շրջանի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների (մամոնտ, հնադարյան ձի և այլն) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիմայական նպաստավոր պայմանների մասին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքներ, աղորիքներ, արձանիկներ և այլն) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ.թ.ա. 4-3 հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլն)։ Սպիտակի շրջան տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ.թ.ա. 1 հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (մ.թ.ա. 7-րդ դար)։

Պարսկական տիրապետության ժամանակ Սպիտակի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Սպիտակի շրջանի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ Լոռի-Փամբակի, ապա՝ Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1918 թվականի մայիս-սեպտեմբերին և 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի ապրիլը մասամբ թուրքական զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը 1921 թվականին Աղբուլաղ (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանափոսեր, որտեղ թաղված Էր 11886 դիակ (80%ը սառը զենքով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։

Հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են քարեդարյան կացարանները (Սպիտակ, Մեծ Պարնի, Գոգարան, Ջրաշեն), բրոնզեդարյան բնակատեղիները, բերդապարիսպները, դամբարանները (Շիրակամուտ, Արևաշող, Գեղասար), Շենավանի միանավ բազիլիկը (6-7 դարեր) միջնադարյան վանքերը (Շիրակամուտում, Չիչխանավանք, 7 դար, Ղուրսալիում՝ վանք, 7 դար)։ Ուշագրավ պատմական հուշարձան է 1977 թվականին Գեղասարի տարածքում հայտնաբերված 12-13 դարերում ժայռափոր բնակավայրը, որը վկայում է տեղի բնակչության մոտ արհեստների, հատկապես մետաղի մշակման բավական բարձր մակարդակի մասին (տես Սպիտակի վիմափոր բնակավայր)։ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակի առթիվ Սարալ գյուղի մոտ, ռուսական բանակի մայոր Մոնտրեզորի ջոկատի և պարսկական գերազանց ուժերի միջև 1804 թվականի օգոստոսին տեղի ունեցած ճակատամարտի վայրում կառուցված է հուշարձան֊կոթող (1978Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ են կանգնեցվել շրջկենտրոնում և շրջանի գյուղերում։