Պոզիտիվ տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոզիտիվ տնտեսագիտություն (հակադրվում է նորմատիվ տնտեսագիտությանը), տնտեսագիտության ճյուղ, որը զբաղվում է տնտեսական երևույթների սահմանմամբ և բացատրությամբ[1]։ Այն կենտրոնանում է փաստերի և պատճառահետևանքային փոխհարաբերությունների վրա և ներառում է տնտեսագիտական տեսությունների զարգացումն ու փորձարկումը[2]։ Վաղ շրջանի տերմինը եղել է «առանց արժեքի» տնտեսագիտություն (գերմաներեն՝ wertfrei)։ Պոզիտիվ տնտեսագիտության խնդիրն է վերլուծության միջոցով տալ գիտելիք կամ եզրակացություն որոշակի իրավիճակի փոփոխության հետևանքների վերաբերյալ։

Պոզիտիվ տնտեսագիտությունը, որպես գիտություն, զբաղվում է տնտեսական վարքի վերլուծությամբ[3]։ Պոզիտիվ տնտեսագիտության ստանդարտ տեսական պնդումները, որպես գործնականում իմաստալից թեորեմներ, ամփոփված են Պոլ Սամուելսոնի «Տնտեսական վերլուծության հիմքերը» աշխատությունում (1947)։ Պոզիտիվ տնտեսագիտությունը, որպես այդպիսին, խուսափում է տնտեսական դատողություններից։ Այսպես օրինակ, պոզիտիվ տնտեսագիտությունը կարող է նկարագրել, թե ինչպես է փողի առաջարկի աճը ազդում գնաճի վրա, բայց չի տալիս որևէ ցուցում, թե որ քաղաքականությունը պետք է կիրառել։

Պոզիտիվ տնտեսագիտությունը ընդհանուր առմամբ համարվում է անհրաժեշտ՝ տնտեսական քաղաքականությունների դասակարգման և ընդունելի արդյունքների որոշման համար[1], որն էլ իր հերթին ներկայացնում է նորմատիվ տնտեսագիտությունը։ Պոզիտիվ տնտեսագիտությունը պատասխանում է այն հարցին, թե «ի՞նչ կա», իսկ նորմատիվ տնտեսագիտությունը՝ թե «ի՞նչ պետք է լինի»։ Այս տարբերակումը առաջարկվել է Ջոն Նեվիլ Քեյնսի կողմից (1891)[4] և մշակվել է Միլթոն Ֆրիդմենի կողմից՝ 1953 թվականի իր հայտնի աշխատությունում[5]։

Պոզիտիվ/նորմատիվ տարբերակման մեթոդոլոգիական հիմքը փիլիսոփայության մեջ տարածված փաստ-արժեք տարբերակումն է (fact-value distinction)․ այսպիսի տարբերակման գլխավոր կողմնակիցներն էին Դեյվիդ Հյումը և Ջորջ Էդուարդ Մուրը։ Այսպիսի երկակիության տրամաբանական հիմքը քննարկվում է փիլիսոփայական գրականության մեջ։ Նման բանավեճերը արտացոլվում են պոզիտիվ գիտության, հատկապես տնտեսագիտության քննարկման մեջ, որտեղ քննադատները, ինչպիսիք են Գուննար Մյուրդալը (1954), Ֆեմինիստական տնտեսագիտության կողմնակիցներ Ջուլի Նելսոնը[6], Ջեֆֆ Շնայդերը և Ժան Շակելֆորդը[7], ինչպես նաև Դիանա Ստրասմանը[8] վիճարկում են այն գաղափարը, որ տնտեսագիտությունը կարող է լինել ամբողջովին չեզոք և օրակարգից զուրկ։

Ինչպես արդեն նշվեց, պոզիտիվ տնտեսագիտությունը մտահոգվում է, թե ինչ կա։ Դա կարելի է ցույց տալ պոզիտիվ տնտեսագիտության հետևյալ պնդմամբ՝ «Ֆրանսիայում գործազրկության մակարդակը ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում»։ Մեկ այլ նմանատիպ պնդում է՝«Պետական ծախսումների ավելացումը կհանգեցնի գործազրկության մակարդակի կրճատմանը»։ Այս պնդումները պոտենցիալ հերքելի են։ Ի հակադրություն դրա՝ նորմատիվ պնդումը կլինի, օրինակի համար՝ «Պետական ծախսումները պետք է ավելացվեն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stanley Wong (1987). "positive economics," The New Palgrave: A Dictionary of Economics, v. 3, pp. 920-21
  2. Richard G. Lipsey (2008). "positive economics." The New Palgrave Dictionary of Economics. Second Edition. Abstract.
  3. Lionel Robbins (1932). An Essay on the Nature and Significance of Economic Science.
  4. John Neville Keynes (1891). The Scope and Method of Political Economy
  5. Milton Friedman (1953). "The Methodology of Positive Economics," Essays in Positive Economics.
  6. Nelson, Julie A. (Spring 1995). «Feminism and Economics». The Journal of Economic Perspectives. 9 (2): 131–148. doi:10.1257/jep.9.2.131. JSTOR 2138170.
  7. Schneider, Geoff; Shackelford, Jean. «Ten Principles of Feminist Economics: A Modestly Proposed Antidote». Dept. of Economics, Bucknell University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին. «2. Արժեքները տնտեսական հետազոտություններում հանդես են գալիս տարբեր մակարդակներում։ Երբ տնտեսագետները ուսումնասիրում են տնտեսությունը, նրանք բազում ընտրություններ են կատարում, որոնց վրա տարբեր աստիճաններով ազդում են իրենց արժեքները։ Խնդիրները, որոնք տնտեսագետները ընտրում են հետազոտության համար, հարցերը, որոնք տալիս են և հետազոտությունը, որը կատարում են իրենց վրա կրում են բազմաթիվ գործոնների, որոնցից որոշները կարող են լինել անհատական, ազդեցությունը։ ․․․ Արժեքների դերը հասկանալը հատկապես կարևոր է, քանի որ տղամարդակենտրոն տնտեսագիտության մեջ պարբերաբար անտեսվում են կանանց, երեխաների և ընտանիքի խնդիրների կարևորությունը- այլ խնդիրներ, քան մոդելների փոփոխականները։»
  8. Strassmann, Diana (1997 թ․ հունվարի 20). «Editorial: Expanding the Methodological Boundaries of Economics». Feminist Economics. 3 (2): vii–ix. doi:10.1080/135457097338771a. «Տնտեսական ողջ վիճակագրությունը հիմնված է սահմանումների վրա։ Այս ձևով պատմողական կառույցները անհրաժեշտաբար պարունակում են փոփոխականների և վիճակագրության բոլոր սահմանումները։ Ուստի, տնտեսական հետազոտությունները չեն կարող ի սկզբանե որակական չլինել՝ անկախ նրանից, թե ինչպես են դրանք պիտակվում։»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]