Տնտեսագիտության մեթոդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսագիտության մեթոդաբանություն, տնտեսական համակարգի բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվող ճանաչողական մեթոդների և եղանակների ամբողջությունն է։

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները։ Իրական կյանքում մարդիկ գործ ունեն բազմաթիվ երևույթների հետ (գին, փող, աշխատավարձ և այլն), որոնք ունեն մի շարք հատկանիշներ։ Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին՝ ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն։ Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով։ Նույնը վերաբերում է մյուս երևույթներին՝ գնին, փողին, կապիտալին և այլն։ Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո) որոշակի քանակությամբ՝ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն։ Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում։ Մաթեմատիկայում թվերի ցանկացած շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x)։ Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում։

Վերլուծության (անալիզի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է։ Օրինակ՝ մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է։ Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները։ Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն։ Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում։ Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները։ Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ։

Համադրության (սինթեզի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի՝ արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը՝ իբրև մեկ ամբողջություն։ Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն։ Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը։ Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա։ Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա։ Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում՝ նաև տնտեսական) օրինաչափությունները։ Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով՝ ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր։

Մակածության (ինդուկցիայի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին։ Օրինակ՝ ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար։ Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար։ Բոլոր արդյունքները ունեն գին։ Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը։ Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը։

Արտածման (դեդուկցիայի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում։ Ըստ մակածության մեթոդի՝ ընդհանրականից պետք է հանգել մասնավորին։ Այսպես՝ բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները։ Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները՝ ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի։ Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը՝ զուտ տնտեսական։ Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ։

Համանմանության (անալոգիայի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ։ Oրինակ՝ մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների (մաթեմատիկա, փիլիսոփայություն) համապատասխան հասկացությունների հետ։ Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ։ Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի՝ ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F)։ Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն։

Այլ հավասար պայմանների մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ։ Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել։ Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատճառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում։ Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ է պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ։ Այսպիսով՝ կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։

Մաթեմատիկական մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ։ Օրինակ՝ գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման։ Աշխատավարձի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը։ Այսինքն՝ տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն։ Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է գնի փոփոխությունից։ Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից՝ մարդկանց եկամտից, ճաշակից և այլն։ Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար՝ X1 (գին), X2 (եկամուտ), X3 (ճաշակ) և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ(X1, X2, X3 … Xn)։ Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է երևույթների՝ գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները։ Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները։ Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ։ Oրինակ՝ եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք՝ նվազագույն ծախսերով։ Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը։ Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով՝ y=ƒ(x), որտեղ y-ը ծախսերի մակարդակն է՝ կախված արտադրանքի քանակությունից՝ x-ից։ Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են։ Երբ սահմանափակ ռեսուրսի քանակությունը B է, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված՝ F(x), ապա, F(x)≤B։ Միևնույն ժամանակ՝ y=ƒ(x)→min։ Սրանից կազմվում է տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ(x)→min F(x) ≤ B X ≥ O Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի (արտադրանքի) այն քանակությունը (B սահմանափակ ռեսուրսների պայմաններում), որը կարտադրվի նվազագույն ծախսերով։ Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան։ Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը՝ օպտիմալը։

Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով։ Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ՝ կիլոգրամ, վոլտ, օհմ, մետր և այլն։ Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ։ Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից։ Քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից։ Երբ գործազուրկների տեսակարար կշիռը աշխատունակ բնակչության մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում, երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար։ Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և պետությունը փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը։ Այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրաֆիկական սկզբունքների ներդրմամբ։

Պատմականի և տրամաբանականի մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը, ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։ Երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ։ Տարբեր ազգերի և պետությունների գործունեության պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին։ Օրինակ՝ փողի ծագումը բացահայտելու համար ուսումնասիրելով բոլոր երկրների փորձը՝ արդյունքների փոխանակության զարգացման որոշակի փուլում առաջանում է միասնական արժեչափի ձևավորման անհրաժեշտությունը։ Այդ միասնական արժեչափն էլ հենց փողն է։ Միասնական արժեչափի՝ փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր երկրներում եղել է փոխանակության հարաբերությունների զարգացումը։ Պատմական մեթոդը հնարավորություն է տալիս դիտարկելու երևույթի ձևավորման, զարգացման և կերպափոխման ընթացքը պատմական գործընթացների հաջորդականության մեջ, իսկ տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է դրա ներքին պատճառաբանվածությունը։

Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով։ Օրինակ՝ որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև մյուսների պահանջարկի վրա։ Դրանց պահանջարկի փոփոխությունը իր ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է այդ արդյունքների արտադրության վրա։ Ժամանակի և տարածության մեջ դժվար է տարանջատել ուղղակի և հետադարձ ազդեցությունները, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ։ Երևույթների միջև առկա փոխազդեցությունների տարբերակումը ուղղակիի և հետադարձի, կրում է պայմանական բնույթ։ Տվյալ մեթոդի կիրառումը նպաստում է երևույթների հատկանիշների բացահայտմանը։

Վարկածի (հիպոթեզի) մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդների օգնությամբ ուսումնասիրելով երևույթը՝ պատճառահետևանքային կապերի համակարգում կատարվում են որոշակի եզրահանգումներ, որոնց ճշգրտության աստիճանը ստուգվում է գործնականում։ Ճանաչողության այս եղանակը կոչվում է վարկածի մեթոդ։ Վարկածի օրինակ կարող են ծառայել գների, աշխատավարձի, գործազրկության, տնտեսական աճի գնահատումները։ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» տեսության համաձայն՝ տնտեսական արդյունավետության բարձր մակարդակը ապահովվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների կիրառման դեպքում, որի հիմքը տնտեսավարող սուբյեկտների ազատությունն է՝ արտադրանքի թողարկման, սեփականության ձևի ընտրության, գների և աշխատավարձի սահմանման, պայմանագրերի կնքման, իրացման շուկաների ընտրության և այլ գործընթացների առումով։ Այս վարկածը ստուգվում է գործնական քայլերի, փաստերի միջոցով, ինչը հանգեցնում է նոր վարկածների ձևավորման և տարբեր տեսությունների ստեղծման։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։