Նիկոլայ Ժուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլայ Ժուկովսկի (1847-1921), գիտնական, մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ։ Նրան Լենինն անվանել է «ռուսական ավիացիայի հայր»: Ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել։ Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի։ Վլադիմիր քաղաքի մոտ գտնվող Օրեխովո գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ։ Մեկ էլ տեսար պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը։ Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանիվով։ Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը։ Իսկ Մոսկվայի համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ)։ Նիկոլայ Եգորովիչն այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում։ Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը։ Նա դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը։ Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցովթռչել։