Մսի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մսի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, իրականացնում է կենդանիների, թռչունների, ճագարների մթերումն ու սպանդը, արտադրում միս, երշիկեղեն, մսի պահածոներ, կիսաֆաբրիկատներ, կենդանական չոր կեր, բժշկական պատրաստուկներ (ինսուլին, հեպարին, լիպոկաին և այլն), ինչպես նաև սոսինձ, դոնդողանյութ, փետրաաղվամազային արտադրանք։ ԽՍՀՄ մսի արդյունաբերությունը բարձր զարգացած է, տեխնոլոգիական պրոցեսները հիմնականում մեքենայացված են։ Մսի հզոր կոմբինատներ կան Մոսկվայում, Լենինգրադում, Բաքվում, Սեմիպալատինսկում, Օրսկում և այլուր։ 1980-ին արտադրվել է 9,2, ներառյալ բնակչության անձնական տնտեսություններում արտադրվածը՝ 15,0 (1940-ին՝ 4,7) մլն միս, 3,1 (0,4) մլն կգ երշիկ և 1․2 (0,03) մլն կգ մսի կիսաֆաբրիկատ։ Սոցիալիստական մյուս երկրներից մսի խոշոր արտադրողներ են Լեհաստանը, ԳԴՀ-ն, Հունգարիան, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ-ը, Արգենտինան, Նոր Զելանդիան, Ավստրալիան։ Նախահեղափոխական Հայաստանում մսի արդյունաբերություն չի եղել Երևանում ու Ալեքսանդրապոլում կային միայն փոքր սպանդանոցներ։ Սննդային, հատուկ և տեխնիկական նշանակության ենթամթերքների մեծ մասը չէր օգտագործվում կամ մասնակիորեն վերամշակվում էր այլ արտադրություններում։ Ճյուղի ձևավորումն ու զարգացումը սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո։1935-ին շահագործման հանձնվեցին Լենինականի մսի-պահածոների կոմբինատը (հզորությամբ 4-րդը ԽՍՀՄ-ում), 1932-ին՝ Երևանի մսի կոմբինատը (1959-ին՝ նոր համալիրը), 1953-ին՝ Կիրովականի ու Ղափանի, 1980-ին՝ Կամոյի մսի կոմբինատները։ Կառուցվեցին նաև թռչնաբուծական (հնդկահավաբուծական՝ 1, հավաբուծական՝ 13) ֆաբրիկաներ, խոզաբուծական համալիրներ (Սովետաշենում, Թալինում և այլն), Երևանի սառցակոմբինատը։ Ձեռնարկություններում ներդրված են բարձրարտադրողական մեքենաներ ու սարքավորումներ։ Թողարկվում է ավելի քան 200 տեսակի արտադրանք։ 1980-ին, 1940-ի համեմատ, մսի արտադրությունն ավելացվել է 6․3 անգամ, կազմել 54,6 հզ․ տ, երշիկինը՝ 23 անգամ և կազմել 20,8 հզ.։ Նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման հարցերով զբաղվում է ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության նախագծային-կոնստրուկտորական բյուրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png