Մոնտեագուդոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտեագուդոյի ամրոց
իսպ.՝ Castillo de Monteagudo
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
ՏեղագրությունMonteagudo?[1]
Վարչական միավորՄուրսիա[1]
Երկիր Իսպանիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Monteagudo Վիքիպահեստում

Մոնտեագուդոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Monteagudo), պաշտպանական կառույց Իսպանիայում։ Տեղակայված է կրաքարային ժայռի վրա, որի ստորոտներին գտնվում է Մոնտեագուդո գյուղը։ Տեղակայված է Մուրսիայից 5 կմ և Օրիուելայից 10 կմ հեռավորության վրա։ Ամրոցի մոտով է անցնում «Մոնտեագուդոյի հին ճանապարհը» (իսպ.՝ camino viejo de Monteagudo), որն իրար է միացնում Ալիկանտեի ու Կաստիլիայի ճանապարհները։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտեագուդոյի ամրոցը կոչվել է այն լեռան անվամբ, որի վրա տեղակայված է։ Ուշ միջնադարում այն ուներ տարբեր անվանումներ. արաբական գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է «Muntaqud», իսպանական աղբյուրներում՝ «Montagut» անուններով։ Անվանումը ծագում է լատիներեն «Monte acutum» բառակապակցությունից և նշանակում է «Սրածայր բարձունք» կամ «Սուր լեռ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարենպաստ տեղադրության շնորհիվ լեռան վրա մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզի դարում (մեր թվարկությունից 2000 տարի առաջ)։ Հետագայում, ըստ պատմաբանների, Մոնտեագուդոյի ստորոտին եղել է հռոմեական քաղաք, որ կործանվել է Բյուզանդիայի ու վեստգոթերի պատերազմների ժամանակ։

Պիրենեյան թերակղզի եկած արաբներն ու բերբերները մի շարք ամրոցներ են կառուցել կարևոր ճանապարհների վրա, որպեսզի պաշտպանեն Մուրսիան։ Ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունները հանդիպում են 1078 թվականին, երբ այդտեղ իր ազատազրկումն է կրել Սևիլյայի Ալ-Մուտամիդ թագավորի վեզիր Իբն Տաիրը։

Արաբական գրավոր աղբյուրներից հայտնի է, որ իր ներկայիս տեսքն ամրոցն ստացել է 12-րդ դարում՝ Մուհամեդ իբն Մարդանիշի կառավարության տարիներին, ում մականունն էր Գայլ թագավոր։ Ամրոցն ուներ ռազմավարական նշանակություն, քանի որ տեղակայված լինելով լեռան զառիվայրի լանջին՝ այն ծառայել է որպես հսկողության կետ ու պաշտպանական կառույց։ Ամրոցը ծառայել է որպես բանտ, ունեցել է հացահատիկի պահեստ և աղբյուրներ, որոնք կարող էին զինվորներին պետք գալ պաշարման դեպքում։ 1165 թվականին Գայլ թագավորը պարտություն է կրում նեղուցն անցած Ալ-Մոհադների դեմ հակամարտության ժամանակ և ստիպված է լինում թողնել ամրոցը, որը շուտով թալանվում է։ Ռեկոնկիստայից հետո ամրոցն անցել է Իսպանիայի թագավորական տան վերահսկողության տակ, և այնտեղ ապրել են թագավորի հարազատները։

Մուրսիայի՝ Կաստիլիայից առանձնանալուց հետո Մոնտեագուդոյի ամրոցը դարձել է սահմանային բաստիոն հակամարտող երկու թագավորությունների՝ Կաստիլիայի ու Արագոնի միջև։ Այդ իրավիճակը չի փոխվել մինչև 15-րդ դարը, երբ կաթոլիկ թագավորները միավորվել են և գրավել Գրանադան (1492 թվական

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պատերը ծածկված են կրաքարային լուծույթով և ունեն ուղղանկյունաձև պատվարներ, որոնք տեղակայված են միմյանց շատ մոտ։ Միջնաբերդի հիմքը կառուցված է տեղանքի անհարթություններին համապատասխան. միջնաբերդը տեղակայված է անհավասար բարձրություններ ունեցող երկու զառիթափերի վրա։ Միջնաբերդի ներքին մասը կարելի է մտնել հարավային կողմից՝ անցնելով որոշակի ճանապարհ և բարձրանալով սանդուղքով։ Միջնաբերդի հյուսիսարևմտյան կողմի ողջ երկարությամբ տեղակայված են աղբյուրներ, շտեմարաններ ու այլ կառույցներ։

Հիսուս Քրիստոսի արձան Մոնտեագուդոյի ամրոցում

Մոնտեագուդոյի ամրոցը Մուրսիայի մշակութային հուշարձան է։ Միջնաբերդում կատարվել են վերակառուցման աշխատանքներ ու պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել են բրոնզի դարի աճյունասափորներ ու կերամիկայի մնացորդներ, ինչպես նաև Իբերիայի ու Հռոմեական կայսրության մշակութային հուշարձաններ։

Լեռան ամենաբարձր կետում տեղադրված է Հիսուս Քրիստոսի արձանը (իսպ.՝ Corazon de Jesus, բառացի՝ Հիսուսի սիրտ), որն ունի 14 մետր բարձրություն և տեղադրվել է 1951 թվականին։ Քանդակը, որ ստեղծվել է Նիկոլաս Մարտինեսի կողմից (իսպ.՝ Nicolás Martínez Ramón), 1926 թվականին ստեղծված և Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակ ավերված արձանի պատճենն է[3]։

Առաջարկներ են արվել հանելու արձանը՝ պատճառաբանելով, թե այն հարիր չէ աշխարհիկ պետությանը, խախտում է մշակութային հուշարձանների պահպանման մասին օրենքը և այլն։ Սակայն Մադրիդի Արդարադատության բարձրագույն դատարանը (իսպ.՝ El Tribunal Superior de Justicia (TSJ)) որոշում է ընդունել թողնել արձանը, քանի որ այն Մուրսիայի մշակույթի մի մասն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտեագուդոյի ամրոց» հոդվածին։