Մինաս Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինաս Վելիջանյան
Դիմանկար
Ծնվել է1610-ական թվականներ
ԾննդավայրՆոր Ջուղա
Մահացել է1670-ական թվականներ
Մահվան վայրանհայտ
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Գործունեությունորմնանկարիչ, մանրանկարիչ, նկարազարդող
Ծնողներհայր՝ խոջա Պետրոս Վելիջանյան
ԵրեխաներՄաթևոս

Մինաս Ջուղայեցին կամ Մինաս Վելիջանյան (1610, Նոր Ջուղա - 1670), Նոր Ջուղայի դպրոցի նկարիչներից[1][2][3][4][5]։ Ծննդյան և մահվան թվերը անհայտ են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ջուղայեցին ծնվել է մինչև 1610-ական թվականներին` ստեղծագործելով մինչև 1660-ական թվականները, գուցե և ավելի, քանի որ երբ Առաքել Դավրիժեցին 1662 թվականին ավատել է «Պատմությունը», Մինաս Ջուղայեցին դեռևս ողջ է եղել։

Աստուած պահեսցէ հաստատուն հավատով քրիստոնէութեան, և անփորձ կենօք իրովք զավակօք ընդ երկայն աւուրս. ամէն[2]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արվեստաբան Արամ Երեմյանի՝ Մինասը եղել է ջուղայեցի մեծահարուստ խոջա Պետրոս Վելիջանյանի որդին (XVII դար), քանի որ Փոքր Մեյդան թաղում գտնվող խոջա Պետրոս Վելիջանյանի տան պատի վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ նշվում է, որ Մաթեոսը՝ հիշյալ Մինասի տղան, նկարիչ լինելով, վերանորոգել ու փչացրել է իր հոր կատարած հոյակապ գործը[3]։

Յամս թագաւորութեան սրբոյ էջմիածնայ Յակոբ կաթողիկոսին ի թւին ՌՃԺ և է-ին (1668), ձեռամբ մեղաւոր Մաթէոսին որ է որդի Մինասին, որ մանուկ տիավք հանգաւ ի քրիստոսի, սբ էբ ամաց Ւ և Ե֊ի (25) , մաղթեմ զձենջ ով սիրելիք, յորժամ տեսիլն սորա դիպիք յիշել զՄաթեոսին և զծնօղն իւր և զպապն իւր հեզահոգի և ողորմած խաեճա / խոջա/ Պետոսն և իւր մերձաւորն. զոր նսրոգեաց զտունս ցանկալի ի վայելումն սրդւոց իւրոց Պետրոս ջանին[3][6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական կրթությունը ստացել է Հալեպում, «ֆրանկ» (եվրոպացի, կաթոլիկ) վարպետի մոտ[7]։ Լրացուցիչ տեղեկություններ Հալեպում Մինասի ուսուցման վերաբերյալ պահպանել է Արտավազդ արքեպիսկոպոս Սուրմեյանը, որն ընդգծել է Մինասի՝ որպես միջնորդի կարգավիճակը եվրոպացի նկարիչների և տեղական սպահանցի նկարիչների միջև[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով հայրենի քաղաք՝ ձևավորել է ապարանքներ, որոնցից պահպանվել են հատվածներ։ Մինաս Ջուղայեցին աշխատել է թղթի, փայտի, պղնձի, պատի ծեփի, կտավի վրա, աշխատել է յուղաներկով, ջրաներկով և ածուխով։ Նկարազարդել է նաև գրքեր։ Ջուղայեցու աշխատանքներին բնորոշ էին անիմալիստական մոտիվները, կատարել է դիմանկարներ, որոնց բնորոշ է բնորդի հետ արտաքին հատկանշական գծերի նմանությունը, ինչ-որ չափով նաև հոգեկան վիճակն ու տրամադրությունը։ Հեռանալով մանրանկարչության դասական սկզբունքներից՝ Մինաս Ջուղայեցին մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերին, որոնք ընդգրկել են կենցաղային տեսարանները։ Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք այդ ժանրերի առաջին օրինակներն էին հայ իրականության մեջ, արևելյան արվեստի շքեղության կնիքն ունեն։ Իսկ ժանրային սահմանազատումներն ու հաստոցային նկարչության սկզբունքները Մինաս Ջուղայեցու արվեստ մուտք են գործել եվրոպական արվեստից։

Ժամանակակից ուսումնասիրողները ինչ-որ տեղ նրա արվեստը մոտեցնում են նաև «օրիենտալ» համարվող նկարչությանը (17-18-րդ դարի Եվրոպայի նկարիչները, լինելով Արևելքում, ստեղծում էին յուրօրինակ սինթեզված արվեստ)։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ջուղայեցու աշխարհիկ նկարչության լավագույն նմուշներից են Խոջա Պետրոս Վելիջանյանի տանը պահպանված որմնանկարները, որոնք ներկայացնում են եվրոպական հագուստներով բարձրաստիճան պալատական անձանց և այլ տեսարաններ[7]։

Աշխատել է նաև Սպահանի պարսիկ մեծահարուստների պալատներում (Օր.՝ շահ Աբբասի և շահ Սեֆի պալատներում կատարած ֆրեսկաները), նրան են նաև վերագրում Ամենափրկիչ վանքում արված որմնանկարների մի մասը[9]։ Մինաս Ջուղայեցու երկու հաստոցային աշխատանք պահպանվել է Ամենափրկիչ վանքի թանգարանում, Նոր Ջուղայի նշանավոր խոջաներ, մեծահարուստ հայր և որդի՝ Ոսկան և Հակոբջան Վելիջանյանները։ Հակոբջան և Ոսկան Վելիջանյանների դիմանկարներում Մինասը կարողանում է շարժման մեջ դնել ֆիգուրները, նմանությունից զատ շեշտել նրանց տարիքային առանձնահատկությունը։ Դեմքերն ու հագուստը մանրամասն մշակված են, լավ տրված է հագուստի ֆակտուրան։ Ֆոնի մոխրագույնը, զգեստների ձևը, կապաների սպիտակը, ուրարի նուրբ ծաղկանկարը այս աշխատանքներն առանձնացնում են Նոր Ջուղայի մյուս նկարիչների պահպանված գործերից[3]։ Ջուղայեցին կատարել է խոջա Սաֆրազենց, խոջա Վելիջանյանի, խոջա Տեր-Բարսեղենց տների նկարազարդումները[3][10]։

Արհեստանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Ջուղայում Մինաս Ջուղայեցին ունեցել է արվեստանոց և աշակերտներ, որոնց հետ որմնանկարներ է կատարել տեղի մի շարք եկեղեցիներում (Ամենափրկիչ վանք)։ Իրանցի մեծ նկարիչ, Սպահանի գեղանկարչական դպրոցի հիմնադիր Ռեզա Աբբասին հենց Մինասի աշակերտներից է եղել, ումից էլ ժառանգել է եվրոպական գեղանկարչության հնարքները։ Եկեղեցու խորանի մոտ կա նաև արձանագրության, որտեղ ասվում է․

“Նկարեցաւ պատկերս ձեռամբն Մինասին, Մարտիրոսին։ Նկարեցաւ ծաղիկս ձեռամբն Աստուծատուրին…”

Աստուածատուրը ամենայն հավանականությամբ նույն Բոգդան Սալթանովն է, ով 1667 թվականին ճամփորդել է Մոսկվա և նկարազարդել ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչի պալատները։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ջուղայեցին տիրապետել է նաև բժշկությանը[3]։ Ըստ Առաքել Դավրիժեցու`

“.հմուտ էր բժշկական արուեստի, մարդկայնոց ներհակ կրից և հիւանդութեան և չորից տարերաց խառնուածոց, և դեղօրէից բնութեան և կազմելոյն. ևս առաւել սպեղանեաց կազմելոյ և զվէրս բժշկելոյ ”
- [3]

Իրանի մայրաքաղաքը Կազվին տեղափոխվելուց հետո Նոր Ջուղայի կարգավիճակը փոխվում է։ Մեծահարուստ ընտանիքները տեղափոխվում են նոր մայրաքաղաք և նկարիչները դադարում են պատվերներ ստանալ։ Այդտեղից էլ սկսվում է նրանց թափառական կյանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՈՈՅ ՍՐԲՈՅ ԷՏՄԻԱԾՆԻ
  2. 2,0 2,1 Haykakan kerparvesti patmut'yun XVII-XIX History of Armenian Portraiture in the 17th-19th Centuries
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «ՆՈՐ ՋՈԻՂԱՅԻ XVII ԴԱՐԻ ՀԱՅ ՆԿԱՐՉՈԻԹՅՈԻՆԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  4. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ(չաշխատող հղում)
  5. ՍՊԱՀԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ, ՌԵԶԱ ԱԲԲԱՍԻՆ ՈՒ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 1999 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
  6. Նախիջևան՝ Գլուխ հինգերորդ
  7. 7,0 7,1 Hay zhoghovrdi patmut'yun History of the Armenian People-4 /էջ 590/
  8. From the Workshops of New Julfa to the Court of Tsar Aleksei Mikhailovich
  9. «Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  10. Ջուղայի դպրոց (լուսանկարներ)
  11. Իմ մեծ, չաղ, պարսկական ճամփորդությունը․ մաս 11․ պտոյտ մը Նոր Ջուղայի թաղերու մեջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

تبیین جایگاه میناس،نقاش ارمنی،در تاریخ نقاشی ایران Արխիվացված 2021-05-13 Wayback Machine