Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ՝ պրոկարիոտներ և էուկարիոտներ։ Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։