Մարիա Մալիբրան
Մարիա Մալիբրան (իսպ.՝ María Malibrán, ի ծնե տրված անունը՝ իսպ.՝ María Felicia García Sitches, վերցրել է ամուսնու ազգանունը, 1808թ. մարտի 24, Փարիզ — 1836թ. սեպտեմբերի 23, Մանչեսթեր), իսպանացի օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), XIX դարի արվեստի նշանավոր գործիչներից մեկը: Երգչուհու դրամատիկական տաղանդը առավել լիարժեք բացահայտվել է խորը զգացումով, պաթոսով և կրքով լի դերերգերում:
Նրա կատարումներին բնորոշ էին իմպրովիզացիոն ազատությունը և տեխնիկական կատարելությունը: Մալիբրանի ձայնն առանձնանում էր հատուկ էքսպրեսիվությամբ և ստորին ռեգիստրում տոնի գեղեցկությամբ: Համարվել է Ռոսսինիի և Բելլինիի օպերաների լավագույն կատարողներից մեկը: Նրանով էին հիացած Ռոսսինին, Դոնիցետտին, Բելլինին, Շոպենը, Մենդելսոնը, Լիստը, Տեոֆիլ Գոտիեն, Կարլ Բրյուլովը: Նրան բանաստեղծություններ էին ձոնում Մյուսսեն և Լամարտինը, նա ծառայել է որպես նախատիպ Ժորժ Սանդի «Կոնսուելո» վեպի գլխավոր հերոսուհու կերպարի համար: