Մարգո Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգո Ֆրանկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1926(1926-02-16)[1][2]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[3]
Մահացել էփետրվար 1945
Մահվան վայրԲերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիա[3]
Կրոնռեֆորմիստական հրեականություն
Մասնագիտությունուսանող
Ծնողներհայր՝ Օտտո Ֆրանկ, մայր՝ Էդիթ Ֆրանկ
 Margot Frank Վիքիպահեստում

Մարգո (Մարգոթ) Բեթթի Ֆրանկ (գերմ.՝ Margot Betti Frank, փետրվարի 16, 1926(1926-02-16)[1][2], Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[3] - փետրվար 1945, Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա), Աննա Ֆրանկի ավագ քույրը, ով 1942-1944 թվականներին Երրորդ Ռայխի կողմից բռնազավթված Ամստերդամում վարել է օրագիր։ Մարգո Ֆրանկը և նրա ընտանիքը համարվում են նացիստական նացիոնալ-սոցիալիզմի ամենահայտնի զոհերից մեկը։ Համաձայն Աննայի օրագրի, Մարգոն նույնպես վարել է իր օրագիրը, սակայն այն կորել է և չի գտնվել։

Օրագրի գրական տարբերակում Էդիթը հանդես է գալիս «Բեթթի Ռոբին» (հոլ.՝ Betty Robin), իսկ պաշտոնական տպագրության մեջ նրա անունը փոխված է «Բեթթի Աուլիսի» (հոլ.՝ Betty Aulis

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգոն անվանվել է ի պատիվ մորաքրոջ Բեթինա Հոլենդերի (1898—1914)։ Իր կյանքի առաջին տարիներին նա անց է կացրել Մայնի Ֆրանկֆուրտում ծնողների և կրտսեր քրթջ հետ։ Այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը 1933 թվականին Ֆրանկֆուրտում հաղթեցին համայնքային ընտրությունները, Մարգոն սովորում էր Լյուդվիգ-Ռիխտերի ֆրանկֆուրտյան դպրոցում։ Երբ սկսվեցին հակասեմական շարժումները, հրեա դպրոցականներին հեռացրեցին հանրային դպրոցներից։ Այդժամ Մարգոյի հայրը Օտտոն արտագաղթեց Ամստերդամ, որտեղ դարձավ «Օպեկտա» բաժնետիրական ընկերության տնօրեն։ Մարգոն մոր և քրոջ հետ 1933 թվականի հունիսին տեղափոխվեցին Ախեն՝ տատիկի մոտ, որտեղից էլ Էդիթը սեպտեմբերին տեղափոխվեց Օտտոյի մոտ Ամստերդամ։ Դեկտեմբերին նրանց միացավ Մարգոն, իսկ 1934 թվականի փետրվարին նաև Աննան։

Ամստերդամում Մարգոն ընդունվեց իրենց ոչ շատ հեռու գտնվող Յակուշտրաատի տարրական դպրոց, որը գտնվում էր Ամստերդամի հարավում։ Այնտեղ նա հասավ ակադեմիական բարձր ցուցանիշների և սովորեց մինչ այն պահը, երբ 1940 թվականին գերմանական զորքերը ներխուժեցին Նիդերլանդներ։ Ամստերդամում հաստատված հակասեմական օրենքների պատճառով, Մարգոն ստիպված եղավ ուսման անցնել հատուկ հրեական վարժարանում, որտեղ նույնպես ցուցաբերեց բարձր առաջադիմություն։ Իր դասարանցիների հուշերում նա հիշվում է որպես բարի և կրոնապաշտ աղջիկ։ Իր օրագրում Աննան նկարագրում է տարբեր իրավիճակներ, երբ մայրը Աննային խրատում էր օրինակ վերցնել Մարգոյից։ Չնայած Աննան միշտ հիանում էր ավագ քրոջով, նա ձգտում էր դառնալ այնպիսի անձ, ով նման չի լինի ոչ մեկի և կձգտի լինել անհատականություն։

Աննայի նման, ում մտերիմ ընկերուհին է Սյուզան Լեդերմանը, Մարգոն մտերիմ հարաբերություններ ուներ Սյուզանի ավագ քրոջ՝ Բարբարա Լեդերմանի հետ, ով հետագայում դարձել է ամերիկացի կենսաքիմիկոս Մարտին Ռոդբելի կինը։

Եթե Աննան և նրա հայրը երկակի վերաբերմունք ունեին Թորայի նկատմամբ, ապա Մարգոն, հետևելով մոր օրինակին, անդամակցեց Ամստերդամի հրեական համայնքին։ Նա սովորեց եբրայերեն, հաճախում էր սինագոգ, իսկ 1941 թվականին դարձավ Հոլանդական սիոնիստական երիտասարդական ակումբի անդամ, ովքեր ցանկանում էին արտագաղթել իսրայելական հողեր։ Համաձայն Աննայի օրագրի, Մարգոն այնտեղ ցանկանում էր դառնալ մանկաբարձուհի։

Մարգոն 16 տարեկան էր, երբ 1942 թվականի հուլիսի 5-ին Ֆրանկների ընտանիքին՝ Մարգոյի անունով գեստապոյից ծանուցում եկավ, որտեղ հրամայվում էր Մարգոյին ներկայանալ բաժանմունք՝ Վեստերբորկ համակենտրոնացման տրանզիտային ճամբար ուղարկելու համար։ Այդ ժամանակ ընտանիքը որոշում է հաջորդ իսկ օրը թաքնվել Պրինսենգրախտ 263 հասցեում գտնվող շենքում, որտեղ գտնվում էր «Օպեկտան» և որը պատկանում էր Օտտո Ֆրանկին։ Որպեսզի ուշադրություն չգրավեն, ընտանիքը որոշում է բաժանվել։ Վաղ առավոտյան, մինչև լուսաբաց, հոր գործընկերուհին՝ Միպ Գիզը Մարգոյին վերցրեց տնից և տարավ «Օպեկտա»։ Մարգոն խիստ ռիսկի էր դիմում, քանի որ հեծանվով էր գնում, իսկ նրա շորից հանված էր «Դավթի աստղը»։ Մի քանի ժամ անց «Օպեկտա» եկան նաև Օտտոն, Էդիթը և Աննան։

Կազմակերպության աշխատակիցների ջանքերով տան հետին հատվածը վերածվեց ապաստարանի։ Ավելի ուշ, նրանց միացան նաև ընտանիքի ընկերները՝ վան Պելս ընտանիքը իրենց որդու Պետերի հետ, ով հաճախում էր միևնույն վարժարանը, ինչ Մարգոմ և ատամնաբույժ Ֆրից Պֆեֆֆերը։ Ապաստարանում նրանք թաքնվել են երկու տարի, որից հետո 1944 թվականի օգոստոսի 4-ին նրանց ապաստարան ներխուժեց ոստիկանությունը՝ ՍՍ-ի սպա Կառլ Զիլբերբաուերի գլխավորությամբ։ Ոստիկանությանը տվյալ էր տվել մի անձ, ում ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։

Բոլոր ութը չորս օր պահվել են Վետերինգսխանս փողոցի վրա գտնվող բանտում, այնուհետև տեղափոխվել Վեստերբորկ տրանզիտային համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, պաշտոնական ծանուցումից խուսափելու պատճառով, տեղավորվել են «տուգանային բաժին» և ուղարկվել ամենածանր աշխատանքների։ Սեպտեմբերի 3-ին ճամբարականները Վեստերբորկից տեղափոխվել են Օսվենցիմ։ Ճակատագրի դաժան բերումով դա վերջին էշելոնն էր, որը հոլանդացի հրեաներին տեղափոխում էր հայտնի մահվան ճամբար։ Դրանից հետո Վեստերբորկից Օսվենցիմ պատանդների տեղափոխությունը դադարեցվեց։ Հոկտեմբերի 30-ին, երբ խորհրդային զորքերը գտնվում էին ճամբարից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա, Օսվենցիմ-Բիրկենաուի կանանց բաժնում հայտարարվել է սելեկցիա։ Ամբողջ բաժանմունքը բուժզնման է անցել բժիշկ Ժոզեֆ Մենգելեի մոտ, որն ընտրեց առողջ բանտարկյալներին՝ այլ ճամբարներ ուղարկելու համար։ Աննան և Մարգոն անջատվեցին Էդիթից և 634 այլ կանանց հետ միասին ուղարկվեցին Բերգեն-Բելզեն։ Նոյեմբերին նրանց միացավ նաև տիկին վան Պելսը։ 1944-1945 թվականների ձմռանը հակասանիտարական խայտառակ պայմանների արդյունքում համակենտրոնացման ճամբարում տիֆի համաճարակ ստեղծվեց, որի զոհը դարձան նաև Ֆրանկ քույրերը։ Յաննի Բրանդիս Բրիլեսլեյպերը և նրա քույրը՝ Լին Յալդատին, ովքեր ընկերացել էին Ֆրանկ քույրերի հետ, հիշում էին, որ կյանքի վերջին օրերին Մարգոն նառից ընկել է բետոնե հատակի վրա և անզգայացած ընկած մնացել։ Սենյակում առկաներից և ոչ մեկը ի վիճակի չի եղել նրան օգնելու բարձրանալ։ Աննան ունեցել է շատ բարձր ջերմություն և հաճախ զառանցել։ Մարգո Ֆրանկը մահացել է 1945 թվականի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին՝ 18 կամ 19 տարեկանում հասակում (եթե մահացել մինչև փետրվարի 16-ը, ապա 18 տարեկան հասակում), իսկ մի քանի օր անց մահացել է նաև Աննան։ Լին և Յաննին նրանց թաղել են Բերգել-Բելզենի եղբայրական գերեզմաններից մեկում։ 1945 թվականի ապրիլի 15-ին ճամբարն ազատագրվել է անգլիացիների կողմից։

Աղջիկների հայրը՝ Օտտո Ֆրանկը ութ անլեգալներից միակն էր, ով կարողացավ փրկվել համակենտրոնացման ճամբարներում։ Երբ նա վերադարձավ Ամստերդամ, նրա կոլեգան՝ Միպ Գիզը նրան տվեց Աննայի օրագիրը, որը կարողացել էր փրկել ձերբակալության ժամանակ։ Համաձայն Աննայի օրագրի, Մարգոն նույնպես վարել է իր օրագիրը, սակայն այն կորել է և չի գտնվել։ 2003 թվականին հրապարակվել են Ֆրանկ քույրերի նամակները, որոնք նրանք, գտնվելով ապաստարանում, գրել էին իրենց ամերիկացի ընկերներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ֆրանկի թանգարանի պաշտոնական կայք էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ֆրանկ» հոդվածին։