Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստուգված է

Armine Harutyunyan1/Ավազարկղ13
Հիմնական տվյալներ

Կուտանսի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Coutances), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Ֆրանսիայի Նորմանդիա երկրամասում, Կուտանս համայնքում: Կառուցված է գոթական ճարտարապետական ոճով։ Կուտանսի տաճարը կառուցվել է 1210-1274 թվականներին: Տաճարն իր մեջ ընդգրկում էր ավելի վաղ կառուցված Նորմանի տաճարի մնացորդները:

Կուտանսի տաճարը համարվում է Կուտանս և Ավրանշ եպիսկոպոսական թեմի նստավայրը, սակայն նախկինում եղել է միայն Կուտանսի եպիսկոպոսի նստավայրը:

Տաճարի բարձրությունը կազմում է 80 մետր: Ունի գերիշխող դիրք քաղաքի նկատմամբ, և տեսանելի է նույնիսկ Ջերսի կղզուց ( Մեծ Բրիտանիա)։ Այն նորմանդական գոթական ճարտարապետության վառ օրինակ է՝ երկար, ուղիղ, ուղղահայաց գծերի համադրմամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտանսի տաճարի առաջին շինարարությունը սկսվել է 5-րդ դարում Սուրբ Էրեփթիոլուսի գլխավորությամբ, ով նաև տաճարի առաջին եպիսկոպոսն է: Այս տաճարն ավերվել է 9-րդ դարում նորմանների ներխուժման ժամանակ:

11-րդ դարի կեսերից Կուտանսի եպիսկոպոս Ռոբերտը ձեռնամուխ է լինում տաճարի վերակառուցմանը՝ իրականացնելով այն ռոմանական կամ նորմանական ճարտարապետական ոճերով: Վերակառուցումը սկսվել է նավից: Ռոբերտը կարճ ժամանակ անց մահանում է, իսկ աշխատանքը շարունակվում է 1048 թվականին նրա հաջորդ՝ Ջեֆրի դե Մոնբրե եպիսկոպոսի կողմից։ Ջեֆրին լավ հարաբերություններ ուներ Վիլհելմ I Նվաճողի հետ, և վերջինս ներկա է եղել 1056 թվականին նոր տաճարի օծմանը։ Հետագայում եպիսկոպոսը Վիլհելմին ուղեկցել է Անգլիայի նվաճման ժամանակ։ Տաճարը մեծապես շահել է այդ նվաճման հսկայական շահույթներից։

Ռոմանական տաճարը հետագայում լրջորեն վնասվել է հրդեհի պատճառով։ 1210 թվականին Հյուգ դե Մորվիլ եպիսկոպոսը սկսեց կառուցել ներկայիս գոթական տաճարը՝ պահպանելով տաճարի չափսերը և ռոմանական շինության զգալի մասը։ Հիմնական մնացորդները ընդգծված են ներկայիս տաճարի պատերից ու աշտարակներից շատերում։

Նոր տաճարի շինարարությունն ավարտվել է 1274 թվականին և հիմնովին մնացել է անփոփոխ։ Քույր աշտարակների բարձրությունը հասնում է գրեթե 80 մետրի, իսկ ութանկյուն աշտարակը կանգնած է 57 մետր բարձրության վրա։

1562 թվականին տեղի ունեցած Հուգենոտյան պատերազմների ժամանակ որոշակի վնաս է հասցվել տաճարին, սակայն շուտով վերանորոգվել է։ 1794 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ տաճարի արտաքին տեսքը վնասվել է` որմախորշերից հեռացվել է արձանների մի մասը, իսկ մյուսները թրատվել են: Տաճարն օգտագործվում էր որպես թատրոն, հացահատիկային պահեստ, և չնայած մեծ կորուստներին և վնասներին, այն կարողացել է գոյատևել:

Երկրորդ համաշխարհային պատերազմը Կուտանսի քաղաքին մեծ վնաս է հասցրել, սակայն տաճարը կրկին մնացել է կանգուն։

Կառույցի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտանսի տաճարի մուտքի մոտ ժամանակակից պատուհան է, որի վրա արձանագրված է 1048 և 1218 թվականների տաճարի հիմնադիրների անունները:

Հարավային ենթակողմի սյան վրա պատկերված են միջնադարյան տիկնայք:

Լուսարձակային աշտարակը նախատեսված է տաճարի կենտրոնում լույսի մշտական առկայությունն ապահովելու համար: Շրջանի կենտրոնում պատկերված են աչքեր, որոնք ներկայացնում են երկինքը, երկիրը՝ քառակուսին է, իսկ ութանկյունը ներկայացնում է Հարությունը:

Գլխավոր խորանի ետևում տեղակայված են վեց զույգ սյուներ, որոնց վրա հենված է տանիքը։ Դրանք ներկայացնում են Տասներկու առաքյալներին: Պատուհանները թվագրվում են 15-րդ դարին:

Հարավային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Հովսեփի մատուռը, որի պատին նկարված պատկերում (1381 թվական) ներկայացված են Սուրբ Երրորդությունը, Քրիստոսը խաչի վրա և Սուրբ Հոգին՝ որպես աղավնի:

Սուրբ Լոուդի մատուռը, ինչպես նաև հարավային ամբուլատորիան, տաճարի ամենահին մասերից են: Վիտրաժներում ներկայացված են դրվագներ Սուրբ Լոյի կյանքից:

Հյուսիսային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Մարկոֆի մատուռը, որի պատուհանում ցուցադրում է տեսարաններ սրբի կյանքից: Հյուսիսային ամբուլատորիայում նաև պահվում են սուրբ յուղեր, որոնք օգտագործվում են մկրտության և օծման, ինչպես նաև քահանաների ձեռնադրման ժամանակ:

Հյուսիսային հատվածում կա 13-րդ դարի վիտրաժային պատուհան, որում ներկայացված է Սուրբ Թոմաս Բեկետի, Սուրբ Գևորգի և Վլասիի կյանքը:

1468 թվականից ի վեր տաճարն ունի երգեհոն։ Ներկայիս գործիքը կառուցվել է 1728 թվականին։ Տաճարի արևմտյան պատուհանը մասամբ գտնվում է երգեհոնի ետևում։

Հարավային սյունասրահի վերևում գտնվում են չորս ավետարանիչների խորհրդանիշները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]