Վիլհելմ I Նվաճող
Վիլհելմ I Նվաճող (նաև` Վիլհելմ Նորմանդացի, Վիլհելմ Ապորինածին; անգլ.՝ William I the Conqueror, William the Bastard, ֆր.՝ Guillaume le Conquérant, Guillaume le Bâtard; 1027/1028 — 1087թ. սեպտեմբերի 9), Նորմանդիայի դուքս, (որպես Վիլհելմ II; 1035 թվականից) և Անգլիայի թագավոր (1066 թվականից), Անգլիայի նորմանական նվաճման կազմակերպիչ և ղեկավար, XI դարի Եվրոպայի խոշորագույն պետական գործիչներից մեկը:
Իմանալով Էդվարդ Խոստովանողի մահվան մասին` պահանջ է ներկայացնում Անգլիայի գահին տիրելու համար: Կառուցելով շուրջ 700 նավ իր զորքը (մոտ 7000 մարդ) տեղափոխում է Անգլիա` ափ իջնելով 1066թ. սեպտեմբերի 28-ին Պիվենսիում: Անգլիայի թագավոր Հարոլդ II-ը շտապում է հարավ, սակայն նրա ռազմական ուժերը թուլացած էին դրանից քիչ առաջ տեղի ունեցած նորվեգացիների հարձակումը հետ մղելուց հետո: Վճռական ճակատամարտը կայացել է 1066թ հոկտեմբերի 14-ին` Հաստինգսի մոտ` ավարտվելով անգլիացիների պարրտությամբ: Ճակատամարտում զոհվում են Հարոլդը և անգլոսաքսոնական ազնվականությունից շատերը: Շուտով Լոնդոնը, երկրի հյուսիսը և հարավը հնազանդվում են Վիլհելմ Նվաճողին, և նա 1066թ. դեկտեմբերի 25-ին թագադրվում է Վեստմինստերում` որպես Անգլիայի նոր թագավոր:
1068թ. Լոնդոնի մոտ սկսում է կառուցվել թագավորական ամրոցը` Թաուերը: 1069թ. նոր թագավորի դեմ ապստամբում են երկրի հյուսիսային շրջանները: Վիլհելմ I-ի զորքը մեծ դաժանությամբ ճնշում է այն:
1085թ. Վիլհելմը անց է կացնում բնակչության մարդահամար: Համաձայն այդ մարդահամարի տվյալների` Անգլիայի բնակչությունը կազմում էր շուրջ 2 մլն մարդ և նրանցից 95% ապրում էր գյուղերում: Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը` Վիլհելմը Անգլիայի ամբողջ հողատարածքը հայտարարեց արքունական սեփականություն, որպես հողատարածքների (ֆեոդների) տիրելու պայման պարտավորեցնելով բոլոր հողատերերին անձնական հավատարմության երդում տալ թագավորին:
Անգլիայի նվաճումը արագացրեց գյուղացիության ճորտատիրացման գործընթացը, որի հետևանքով ազատ գյուղացիների թիվը զգալի չափով նվազեց: Ֆեոդալիզացման ավարտը նպաստեց հասարակության հետագա զարգացմանը: Երկրում հաստատվեց բավականին ուժեղ կենտրոնական իշխանություն, որին աջակցում էին մանր և միջին ֆեոդալները, առևտրականները և եկեղեցին:
Վիլհելմը I-ը մահացել է 1087թ. Ռուանում` կտակելով Անգլիայի գահն իր որդուն` Վիլհելմ II-ին:
Աղբյուրներ[խմբագրել]