Մալիք իբն Անաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալիք իբն Անաս
مالك بن أنس
Դիմանկար
(իրավագետ, աստվածաբան)
Ծնվել էմոտ 711[1][2]
ԾննդավայրՄադինա, Հիջազ, Օմայյան խալիֆայություն[3][4]
Մահացել էհունիսի 7, 795(0795-06-07)
Մահվան վայրՄադինա, Հիջազ, Աբասյան խալիֆայություն
ԳերեզմանԱլ Բաքի
Կրոնիսլամ
ԵրկերMuwatta Imam Malik?
Մասնագիտությունմուհադիս, ֆաքիհ և 'ālim
 Malik ibn Anas Վիքիպահեստում

Մալիք իբն Անաս ( 711 / 93 Հիջ. – 795 / 179 Հիջ.) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عبد الله مالك بن أنس بن مالك بن أبي عامر الأصبحي الحميري المدني‎‎, Աբու Աբդալլահ Մալիք իբն Անաս իբն Մալիք իբն Աբի Ամիր ալ-Ասբահի ալ-Համիրի ալ-Մադանի, արաբ մուսուլման իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ մալիքիականության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիք իբն Անաս ալ-Ասբահի (713-795)` ֆակիհ, մուհադդիս, մալիքիական մազհաբի հիմնադիր և անվանատու։ Ծնվել է Մադինայում` նիզակներ պատրաստող վարպետի ընտանիքում։ Ինքը՝ Մալիքը, մետաքսե կտորներ էր վաճառում։ Վաղ մանկությունից նա իր բարեկամների մոտ, որոնց թվում էր իր հորեղբայրը՝ հադիսների հայտնի գիտակ Աբու Սուհայլ Նաֆի’ն, սովորում էր ղուրանական գիտություններ։ Բացի այդ, Մալիքը ֆիկհ էր սովորում Ռաբի’ի իբն Աբդ առ-Ռահմանի մոտ, այնուհետև 13 տարի անցկացրել է Աբդ առ-Ռահման իբն Հիրմիզ ալ-Ա’րաջ ալ-Հաշիմի գրական շրջանակում՝ սովորելով նրա և նրա աշակերտներ Շիհաբ ազ-Զուհ-րի և Աբու ազ-Զինադայի մոտ։

Ժամանակի ընթացքում Մալիքը դարձավ Մադինայի ամենահեղինակավոր ֆաքիհը և նրա հոգևոր առաջնորդը (իմամ)։ Նա չէր հարում ոչ մի քաղաքական հոսանքի, սակայն հակված էր իշխանության ընտրովի լինելու սկզբունքին։ Նա հրաժարվում էր ցանկացած ադմինիստրատիվ նշանակումներից և սկզբունքային էր իր համոզմունքների պաշտպանման մեջ։ Հայտնի է, որ նա ենթարկվել է մարմնական պատժի այն բանի համար, որ պաշտպանել է իր հետևյալ տեսակետը. «այն երդումը, որը տրվել է ստիպողաբար, իսկական չէ»։ Ծանր քրոնիկ հիվանդությամբ տառապելով՝ Մալիքը գրեթե չէր լքում Մադինան, քննարկումներին և գիտական հանդիպումներին քիչ էր մասնակցում։ Բացի այդ, նա համարում էր, որ «գիտությունը կռիվ չէ աքլորների և ոչխարների միջև»։

Մալիքը կազմեց «ալ-Մուվատտա’» (արաբերեն՝ الموطأ) ժողովածուն, որն ներառում է հադիսները, Մուհամմադի կողմնակիցների արտահայտություններն ու որոշումները` խմբավորված ըստ որոշակի իրավական թեմաների։ «Ալ-Մուվատտա’ն» պահպանվել է 2 հրատարակություններով՝ առաջինը պատկանում է նրա ամենահայտնի աշակերտ Մուհամմադ աշ-Շայբանիին (մահ. 805 թ.), երկրորդը՝ Յահյա ալ-Լայսի ալ-Անդալուսիին (մահ. 848-849 թ.)։ Այնուհետև Ասադ իբն ալ-Ֆուրատ աթ-Թունիսին (մահ. 828-829 թ.) վերամշակեց այդ ժողովածուն և այն անվանեց «ալ-Մուդավվանա» (արաբերեն՝ المدونة)։ ‘Աբդ աս-Սալամ աթ-Թանուհին (մահ. 854-55 թ.) իր հերթին վերամշակեց և լրացրեց այն` հրատարակելով «ալ-Մուդավվա-նա ալ-քուբրա» (արաբերեն՝ المدونة الكبرى) անունով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիքը մեծ ուսուցչական գործունեություն էր վարում։ Արդեն նշված աշ-Շայբանիի հետ միասին նրա աշակերտների թվում էր նաև Մուհամմադ իբն Իդրիս աշ-Շաֆի’ին (մահ. 820 թ.)՝ շաֆի’իական մազհաբի հիմնադիրը, որում օգտագործվել են Մալիքի կողմից մշակված շատ դրույթներ։

Մալիքի հասարակա-քաղաքական հայացքները ուղղված էին նրան, որ բարձրագույն իշխանությունը պատկանում է խալիֆային, որը պետք է լինի կուրեյշիական, բայց ոչ անպայման հաշիմիական կամ ալիական։ Նրան իշխանությունը պետք է հաստատի հատուկ ներկայացուցչական մի խումբ (արաբերեն՝ شُورَى շուրա), որը կազմված է նախկին խալիֆայի կողմից նշանակված մարդկանցից։ Նրանք անպայման պետք է լինեն մադինացիներ և մեքքացիներ. Քանի որ միայն նրանց երդումն է օրինական և պարտադիր։

Եթե իշխանության գլխին է հայտնվել անարդար կառավարիչ կամ նրա իշխանությունը ինչ-ինչ պատճառներով անօրինական է, ապա նրա դեմ ապստամբություն բարձրացնելը և նրան ուժով գահազրկելն անթույլատրելի է, քանի որ անկարգությունների հասցրած վնասներն ավելի մեծ են, քան բռնապետության կամ անօրինական իշխանության հասցրած վնասները։ Մալիքն ազատ կամքի արտահայտման (արաբերեն՝ قدر, կադար) կողմնակից էր և յուրաքանչյուր մարդու լիովին պատասխանատու էր համարում իր արարքների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ислам։ Энциклопедический Словарь. Москва, 1991

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]