Հումայունի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐delhitourism.gov.in/delhitourism/tourist_place/humayun_tomb.jsp(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հումայունի դամբարան[1] (հինդի՝ हुमायूँ का मकबरा, ուրդու՝ ہمایون کا مقبرہ), մողոլ միապետ՝ փադիշահ Միրզա Նասր ալ-Դին Մուհամմադ Հումայունի՝ Դելիում գտնվող դամբարանը[2]։ Կառուցվել է նրա այրու՝ Բեգա Բեգումի (հայտնի է նաև Հաջի Բեգում անունով) պատվերով ու հովանավորությամբ[3][4][5][6][7][8][9]։ Համարվում է մեծ մողոլների տոհմական առաջին դամբարանը[10] և ճարտարապետական տեսանկյունից կապող օղակ է հանդիսանում Լենկթեմուրի աճյունն ամփոփող Գուր-Էմիր դամբարանի ու նրա ծոռի՝ շահ Ջահանի պատվերով հետագայում կառուցված Թաջ Մահալի միջև։ Շինարարությունն սկսվել է 1562 թվականին, ավարտվել 1571 թվականին[10]։ Ճարտարապետները ազգությամբ պարսիկ հայր ու որդի են[11]՝ Միրաք Միրզա Ղիյասը և Սայիդ Մուհամմադը[12], որոնց ընտրել է հենց ինքը՝ կայսրուհի Բեգա Բեգումը։ Մինչ այդ նրանք աշխատել են Հերաթում՝ Հուսեին Բայքարայի համար, ինչպես նաև Բուխարայում՝ տեղի ուզբեկ տիրակալի համար[13]։

Հումայունի դամբարանը, որ նմանատիպ առաջին կառույցն է Հնդկական ենթամայրցամաքում[14], 1993 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[14]։ Դրան հաջորդել են այստեղ իրականացված վերականգնողական մեծածավալ աշխատանքները[15]։

Դամբարանը տեղակայված է 1538 թվականին Հումայունի հիմնադրած Փուրանա Քիլայի՝ Հին բերդի մերձակայքում, շրջապատված է ընդարձակ պարտեզներով։ Հնդկաստանյան առաջին կառույցն է, որի շինարարության ընթացքում այդքան մեծ ծավալով կարմիր ավազաքար է կիրառվել[15]։

Դամբարանում, Հումայունի շիրմից զատ, ամփոփված են փադիշահուհի Բեգա Բեգումի, նրանց ծոռ Դարա Շիքահի, ինչպես նաև՝ հաջորդած մի քանի մողոլ շահերի՝ Ջահանդարի, Ֆարուքսիյարի, Ռաֆի Ուլ-Դարյաթի, Ռաֆի Ուդ-Դավլաթի, Մուհամմադ Քամ Բախշիի, Ալամգիր II-ի գերեզմանները[16]։

Հումայունի դամբարանն էապես տարբերվում է նրա հոր՝ Բաբուրի՝ Քաբուլում գտնվող համեստ դամբանից, թեև հենց վերջինս է դրել դրախտային պարտեզում հանգչելու ավանդույթի հիմքը[17]։ Որոշ չափով ընդօրինակելով հանդերձ Լենկթեմուրի աճյունն ամփոփող սամարղանդյան Գուր-Էմիրին՝ Հումայունի դամբարանը ճարտարապետական տեսանկյունից ոստյուն էր մողոլական արքայական դամբարանների կառուցման արվեստի ու արհեստի մեջ, որն իր գագաթնակետին է հասել Թաջ Մահալի տեսքով[18][19][20]։

Ուշագրավ է հետևյալ փաստը. մողոլ վերջին կայսրը՝ Բահադուր Շահ Զաֆարը, 1857 թ. հնդկական ապստամբության ժամանակ իր երեք իշխանների հետ պատսպարվել է Հումայունի դամբարանում և հենց այստեղ էլ նրանց գերի է վերցրել կապիտան Ուիլյամ Հոդսոնը, որից հետո նրանք Ռանգուն են աքսորվել[21][22]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {{БРЭ|Дели|id=1945748|автор=Н. Н. Алексеева, Е. М. Կաղապար:Гороховик, О. П. Дешпанде, Н. Р. Лидова, А. Л. Сафронова
  2. Burke, S. M. (1989). Akbar, the Greatest Mogul. Munshiram Manoharlal Publishers. էջ 191.
  3. Eraly, Abraham (2007). The Mughal world : Life in India's Last Golden Age. Penguin Books. էջ 369. ISBN 978-0143102625.
  4. Smith, Vincent Arthur (1919). Akbar: The Great Mogul 1542–1605. Clarendon Press. էջ 125.
  5. Henderson, Carol E. (2002). Culture and Customs of India. Greenwood Press. էջ 90. ISBN 978-0313305139.
  6. Centre, UNESCO World Heritage. «Humayun's Tomb, Delhi». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  7. «Mausoleum that Humayun never built». The Hindu. 2003 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  8. Jain A. K. The Cities of Delhi. — 2nd ed.. — Management Publishing Company, 1994. — P. 61. — 151 p. — ISBN 9788186034002
  9. Nicholson L. Delhi, Agra and Jaipur. — 3rd ed.. — Local Colour, 1998. — P. 99. — 241 p. — ISBN 9789622174917
  10. 10,0 10,1 Streusand D. E. Islamic Gunpowder Empires: Ottomans, Safavids, and Mughals. — Routledge, 2018. — P. 393. — 410 p. — ISBN 9780429979217
  11. Placzek A. K. Macmillan Encyclopedia of Architects. — Free Press, 1982. — Т. 2. — P. 194. — ISBN 9780029250006
  12. «Humayun's Tomb». ArchNet. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  13. Hattstein M., Delius P. Islam: Art and Architecture. — Könemann, 2004. — P. 475. — 639 p. — ISBN 9783833111785
  14. 14,0 14,1 Humayun's Tomb, Delhi World Heritage Committee, UNESCO.
  15. 15,0 15,1 «Facelift for Humayun». The Indian Express. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. Mausoleum of Humayun, Delhi Արխիվացված 2011-05-14 Wayback Machine British Library.
  17. Humayun's Tomb and gateway Արխիվացված 2011-05-14 Wayback Machine British Library.
  18. Humayun's Tomb Արխիվացված 17 Ապրիլ 2010 Wayback Machine archnet.org.
  19. Humayun's Tomb Frommer's India, by Pippa De Bruyn, Keith Bain, Niloufer Venkatraman, Shonar Joshi. Published by Frommer's, 2008. 0-470-16908-7. p. 316.
  20. The Monuments at Delhi World Heritage Monuments and Related Edifices in India, by Ali Javid, Tabassum Javeed. Algora Publishing, 2008. 0-87586-482-1. pp. 105–106.
  21. Humayun's Tomb Արխիվացված 10 Ապրիլ 2009 Wayback Machine Archaeological Survey of India.
  22. «The Ex-king of Delhi – Question. (Hansard, 11 December 1857)». Parliamentary Debates (Hansard). 1857 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Catherine B. Asher: Architecture of Mughal India (= The New Cambridge History of India. 1, 4). Reprinted edition. Cambridge University Press, Cambridge u. a. 2003, ISBN 0-521-26728-5.
  • Ajit S. Bhalla: Royal Tombs of India. 13th to 18th Century. Mapin Publishing u. a., Ahmedabad 2009, ISBN 978-0-944142-89-9.
  • Hermann Forkl, Johannes Kalter, Thomas Leisten, Margareta Pavaloi (Hrsg.): Die Gärten des Islam. Edition H. Mayer, Stuttgart u. a. 1993.
  • Bamber Gascoigne: Die Großmoguln. Glanz und Größe mohammedanischer Fürsten in Indien. Sonderausgabe. Prisma-Verlag, Gütersloh 1987, ISBN 978-3-570-09930-8.
  • Markus Hattstein, Peter Delius (Hrsg.): Islam. Kunst und Architektur. Könemann, Köln 2000, ISBN 3-89508-846-3, S. 475 f.
  • Ebba Koch: Mughal Architecture. An Outline of Its History and Development (1526–1858). Prestel, München 1991, ISBN 3-7913-1070-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հումայունի դամբարան» հոդվածին։