Հողմածաղիկ պսակավոր (լատին․՝ Anemone coronaria), հրանունկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա արմատապալարավոր ծաղկաբույս ։ Հայրենիքը Փոքր Ասիայի լեռներն են (այս բույսի մի քանի տեսակներ աճում են նաև ՍՍՀՄ-ում և ունեն բուժիչ նշանակություն)։ Գեղեցիկ թուփ է՝ 30-50 սմ բարձրությամբ, ծաղիկներն ունեն ամենատարբեր գունավորում, հասարակ են, կիսալիաթերթ և լիաթերթ։ Ծաղկում են ապրիլ-հունիս ամիսներին։ Ամենագեղեցիկ վաղ գարնանային ծաղկաբույսերից մեկն է։ Արմատապալարները կոնաձև են, չոր կոշտ։ Մեր հանրապետության մերձարևադարձային շրջաներում, ինչպես նաև Արարատյան դաշտում դրանք հաջողությամբ ձմեռում են և չեն ցրտահարվում։ Հանրապետության մնացած շրջաններում անհրաժեշտ է աշնան վերջերին կամ ձմեռնամուտին հանել, հողից մաքրել, պահեստավորել (նախօրոք դրանք թրջում են և կիսում)։
Ջերմասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ, գերադասում է փուխր, ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերը։ Խոնավասեր է, հատկապես Արարատյան դաշտ|Արարատյան դաշտում և Մեղրիում առատ ոռոգում է պահանջում։ Բազմանում է նաև ցանքի միջոցով։ Ցանքը պետք է կատարել արկղերում կամ ջերմոցներում սերմերը հավաքելուց անմիջապես հետո։ Ծիլերը երևում են ցանքից 25-30 օրվա ընթացքում։ Մեկ-երկու վերատնկումից հետո սածիլները դաշտ են տեղափոխում, երբ ցրտահարությունների վտանգն անցնում է։ Օգտագործում են պարտերային տիպի ծաղկային ձևավորումներում, քարապարտեզներում, ալպինարիաներում[1]։