Հին քարի դարի միջին շրջանի բնական պայմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին քարի դարի միջին շրջանի բնական պայմաններ, բնական պայմաններ, որոնք գործել են հին քարե դարի միջին շրջանում։ Միջին պալեոլիթի մշակույթը վերաբերում է մ. թ. ա. մոտավորապես 100.000 — 40.000 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանին և համապատասխանում է երկրի պատմության չորրորդական դարաշրջանի կեսերին՝ մինդել-ռիսյան միջսառցային և ռիսյան առավելագույն սառցապատման շրջաններին Ռիսյան մեծ սառցապատման փուլում Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասը ծածկվում է սառցե վիթխարի վահանով, որի հետքերն են մինչև այժմ էլ բևեռային շրջաններից հազարավոր կիլոմետրեր հարավ պահպանված մորենների հսկայական կուտակումները։
Հայաստանի լանդշաֆտը, բնական պայմանները, կլիման, բուսական ու կենդանական աշխարհն այդ շրջանում զգալիորեն փոխվում են։ Ռիսյան շրջանի վերջում Հայաստանի սառցակալումը հասնում է առավելագույն չափերի։ Սառցային ծածկույթը, հետզհետե մեծանալով, տարածվում է մինչև Մասիսի (Արարատի), Արագածի, Նեխ-Մասիքի (Սիփանի) և այլ գագաթներն ու լեռնաշղթաների լանջերը։ Սառցադաշտերի հարաճուն շարժման և դրան ուղեկցող նոր սառցակալման հետևանքով վերանում են անտառները, փոխվում տափաստանները, բաց տարածությունները դառնում են լանդշաֆտի գերակշռող տիպ։ Փոխվում է և կենդանական աշխարհը, անհետանում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են հին հարավային փիղը, մերկառնգեղջյուրը և մինչ այդ Հայաստանում գոյություն ունեցող հիպոպոտամը (գետաձի)։ Նախկին ջերմասեր կենդանիների փոխարեն Հայաստանի նախալեռներից հյուսիս հանդես են գալիս հյուսիսային ազնիվ ու հսկա եղջերուները, սառցային ժամանակի այլ կենդանիներ։ Այժմ Հայաստանի ֆաունայի բնորոշ ներկայացուցիչներ են դառնում մամոնտը (նախնական փիղ), բրդոտ ռնգեղջյուրը, վայրի ցուլը, գի­շատիչների բազմաթիվ տեսակներ և այլն, որոնց մնացորդները հայտնաբերվել են Հայաստանի ռիսյան շրջանի նստվածքներում։
Սակայն կյանքը շարունակում էր հարատևել սառցային հսկայածավալ մեռյալ անապատից դուրս, գետերի խիտ ցանցով կտրտված ցածրադիր հովիտներում ու դաշտերում։ Չնայած դաժան կլիմայական պայմաններին և երկարատև ձմռանը, գետերի առատորեն ոռոգվող հովիտները ամռանը հրաշալի արոտավայր են դառնում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բազմաթիվ հոտերի համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Ժողովրդի Պատմություն էջ 78