Հարբեցատենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարբեցատենդ, սպիտակ տենդ, բելայա գորյաչկա (delirium tremens), քրոնիկական ալկոհոլամոլության հետևանքով առաջացած հոգեկան սուր խանգարում։ Նկարագրել են Սատոնը (Sutton) 1913 թվականին և Ռայեն (Rayer) 1918 թվականին։ Հարբեցատենդը ալկոհոլային ծագում ունեցող հոգեկան խանգարումներից ամենահաճախ հանդիպող ձևն է։ Հիվանդությանը սովորաբար նախորդում է օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ տևող նախանշանային շրջանը, որն արտահայտվում է քնի խանգարմամբ, մղձավանջային երազներով, գլխացավով, դյուրագրգռությամբ, ինքնազգացողության վատացմամբ։ Շատ հիվանդների մոտ վերոհիշյալ երևույթները հաճախ շփոթում են ալկոհոլային քաղցի հետ։ Սակայն հարբեցատենդը կարող է սկսվել նաև սուր ձևով, գիտակցությունը հանկարծակի մթագնում է, կողմնորոշումը խանգարվում, հանդես են գալիս հատկապես տեսողական վառ ցնորքներ (երևում են զանազան կենդանիներ, ահռելի գազաններ, սարսավւելի արարածներ, ուրվականներ)։ Միաժամանակ լսում են զանազան ձայներ, մռնչյուններ, իրենց ուղղված սպառնալից ու կշտամբական խոսքեր։ Այս բոլորն ուղեկցվում է զառանցական մտքերով և հոգեշարժական գրգռվածությամբ։ Հարբեցատենդը կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ Օր (աբորտիվ ձև), 2-7 Օր (կլասիկ ձև), կամ ավելի երկար (ձգձգվող ձև)։ Հիվանդությունը սովորաբար ավարտվում է երկարատև ու խոր քնով, հետագայում զարգանում է անձի ասթենիա (հոգեկան ֆունկցիաների հյուծվածություն) ու հիվանդության սուր շրջանի մասնակի անհիշություն։ Հարբեցատենդի կարևոր ախտանշաններից են լյարդի մեծացումը, ձեռքի մատների բնորոշ դողը, որը կարող է տարածվել նաև ստորին վերջույթների, ամբողջ մարմնի ու լեզվի վրա, առատ քրտնարտադրությունը, լեյկոցիտոզն ու էրիթրոցիտների նստման արագության բարձրացումը։ Ինչպես հիվանդության նախանշանային, այնպես էլ բուռն զարգացման շրջանում և հետո, ներշնչման միջոցով հիվանդների մոտ կարելի է առաջացնել տեսողական և լսողական ցնորքներ։ Բուժումը. օրգանիզմը թունազերծող, ամրապնդող, հոգեշարժական գրգռվածությունը վերացնող ու հանգստացնող դեղամիջոցներ (ամինագին, տիզերցին, հալոպերիդոլ և այլ նեյրոլեպտիկներ), որոնց դեղաչափը որոշվում է քնի առաջացման արագությունից ու տևողությունից ելնելով։ Միաժամանակ նշանակվում են վիտամիններ, սրտային դեղամիջոցներ ու խնամք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png