Հայ վիմագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարյան Հայաստանի պատմությունը լուսաբանող գրավոր սկզբնաղ­բյուր­ների շարքում մեծապես կարևորվում են վիմագրական հուշարձանները, որոնք տարաբնույթ իրադարձությունների՝ շինարարական-նորոգչական աշխա­տանք­ների, նվիրա­տվու­թյունների, կանոնաիրավական նորմերի հաստատման, ապա­հարկման, կոթողների կանգնեցման և նմանօրինակ այլ երևույթների մասին վկայող քարակերտ վավերագրեր են։

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկորի տաճարի արձանագրությունը, 480-ական թթ., ՀՊԹ

Հայ իրականության մեջ վիմագրերի աղբյուրագիտական արժեքը իրենց պատմագրական երկերում հիշատակել են մատենագրեր ՝Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Զաքարիա Քանաքեռցին, Եսայի Հասան-Ջալալյանը և այլն, իսկ առավել համակարգված դրանք ընդօրինակվել ու հրատա­րակ­վել են սկսած 19-րդ դարից, երբ վիմագրագիտությունը, հայագիտական մի շարք այլ բնագավառներին զուգահեռ, ձևավորվել է իբրև առանձին գիտակարգ։ Հայ վիմագրագիտական մտքի զարգացման գործում էական նշանակություն ունի դեռևս վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու (կաթողիկոս՝ 1843-1857 թվականներ) 1825 թվականի շրջաբերական նամակը՝ ուղղված Սանահինի վանքի առաջնորդ Հարություն վարդապետ Տեր-Բարսեղյանցին[1]։ Այդ փոքրա­ծավալ գրությունը, որի բնօրինակը պահվում է Մատենադարանում գտնվող Ներսես Աշտարակեցու անհատական արխիվային հավաքածուում (թղթ. 166, վավ. 378), վիմագրերի հավաքչական աշխատանքների, ընդօրինակման սկզբունքների ու չափանիշների առաջին փաստա­կան վկայագիրն է, որտեղ հստակ սահմանվում են վիմագրերի կարևորությունը, դրանց խնամքով ու բնագրին համապատասխան ընդօ­րինակումը, այլև՝ վիմագրերի տեղադրությունը նկատառելով (լեռների գագաթին, խոր ձորերի ու կիրճերի մեջ, անմատչելի վայրերում և այլն)՝ հավասարապես արժևորումը՝ անկախ ծավալից, ժամանակից ու բովանդակու­թյունից։ Այս շարքում առանձնանշելի են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հով­հաննես եպս. Շահխաթունյանցի, Աբել արք. Մխիթար­յանցի, Մակար եպս. Բարխուդարյանցի, Մես­րոպ արք. Սմբատյանցի, Մես­րոպ Մա­գիստրոս արք. Տեր-Մովսիսյանի, Վենետիկի Մխիթարյան միաբանու­թյան անդամներ Հ. Ներսես վրդ. Սարգիսյանի, Հ. Ղևոնդ Ալիշանի և մեր մյուս երախ­տավորների աշխատություն­ները, որոնցում ամփոփ­ված են հայ վիմագրության հազարից ավելի բնագրեր:Միևնույն ժամանակա­շրջա­նում հայերեն վիմագրերն արժա­նա­ցել են նաև օտարազգի գիտնականների ուշադրու­թյանը. տարբեր առիթներով վիմագրեր են հի­շատակված Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի, Վիկտոր Լանգլուայի, Մարի-Ֆե­լի­սիտե Բրոսսեի, Յոզեֆ Ստրժիգովսկու և ուրիշների մեծարժեք աշխատություններում։

Գանձասարի կաթողիկե եկեղեցու վիմագրություն

Չնայած նրան, որ վիմագրերը մշտապես տեղագիր-ուսումնասիրողների ուշա­դրության կենտրոնում են եղել, այդուհանդերձ դրանց ընդօրինակման և հրատարակման սկզբունքները դեռևս հեռու են եղել ժամանակի գիտական պահանջները բավարարելուց։ Միայն 1890-ականներից Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքում նշանավոր հայագետներ Նիկողայոս Մառի և նրա աշակերտ Հովսեփ Օրբելու գլխավորությամբ իրականացված հնագիտական պեղումները նաև տեղի վիմագրերի ուսումնասիրման առիթ հանդիսացան։ Մեծանուն հայագետների կողմից մշակվել են վիմագրերի ընդօրինակման նոր սկզբունքներ՝ բնագրերն ընդօրինակել իրենց բնորոշ առանձնահատկություններով՝ պահպանելով տառերի հնագրությունը, տողերի քանակը, բնագրային վերականգնումները՝ հատուկ պայմանական նշաններով, նշել վիճակը, փորագրման եղանակը (փորագիր, ելնդագիր, ծաղկագիր), կցել գրչանկար և լուսանկար, ըստ անհրաժեշտության՝ ծանոթագրել։ Ահա այս չափանիշներով էլ հետագայում կազմվել են «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի պրակները, որի անդրանիկ՝ Անիի վիմագրերին նվիրված հատորը հրատարակվեց Հովսեփ Օրբելու մահից (1961 թվական) տարիներ անց՝ 1966 թվականին, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի խմբագրությամբ և ծավալուն առաջաբանով։ Ցայսօր հրատարակվել է մատենաշարի տասը պրակ, որոնցում ամփոփված է Հայաստանից և որոշ գաղթավայրերից (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Մոլդովա) ընդօրինակված յոթ հազարից ավելի վիմագիր։

Վերծանության սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն վիմագրերը կազմելիս՝ գրիչները դիմել են որոշակի հնարամտության, որն իր հերթին խրթին է դարձնում վերծանությունն ու մասնագիտական մոտեցում պահանջում։ Վիմագրերում բառանջատում հիմնականում չի արվել, բառերն ու տառերը փորագրվել (սակավ նաև՝ ներկագրվել) են կցված, երբեմն էլ՝ մեկ ամբողջ բառ կամ բառակապակցություն ներկայացվել է ընդամենը մեկ տառամայր գրի ստեղնների վրա այլ գրերի համակցմամբ։ Ընդունված է սրանց կոչել սղագրու­թյան, որոշ առումով էլ՝ գաղտնագրության միջոցներ, քանի որ վիմագիր կազմող գրիչը ժամանակի ու տեղի խնայողության, ինչպես նաև բնագիրն անմատչելի դարձնելու նպատակ է ունեցել։ Հայերեն վիմագրերում առավել տարածված են սղագրության հետևյալ տարատեսակները.

  • Համառոտագրություն, որը հիմնականում կիրառելի է տերունական բառերի (ՏՐ, ԱԾ, ՅՍ, ՔՍ, ՍԲ ևն), բառաթեքման ու բառաբարդման ժամանակ, ինչպես նաև ձայնավորների սղման դեպքում, որոնց վրա հիմնականում հորիզոնական (հաճախ ոճավորված)՝ «պատիվ» նշան է դրվում։
  • Ավանի տաճարի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը, ՀՊԹ
    Կցագրություն, երբ բառի մեջ մի քանի տառաստեղններ իրար են հա­մակց­վում, որով սղվում է վիմագրի փորագրելի դաշտն ու գրի ճանաչելիությունն անմատ­չելի դառնում։
  • Փակագրություն, երբ համակցվում է տվյալ բառի կամ բառերի ողջ տառա­ֆոնդը։ Սա սովորաբար բուն բնագրից փոքր-ինչ առանձնացված է ներկայացվում, երբեմն էլ վերնամասում ոճավորված «պատիվ» նշան է դրվում[2][3]։
  • Թվակիր վաղագույն վիմագիրը, Թալինի Կաթողիկե, 783 թ.
    Գաղտնագրման կամ գիրն այլընտրանքային ձևով արտահայտելու միջոց են նաև զարդագրությունն ու ծածկագրությունը։ Առաջինը հանդիպում է պատկերաքան­դակ­ներին զուգահեռ, խիստ բուսականացված և առաջին հայացքից գիրը չի զատո­րոշ­վում։ Հայկական զարդագրության կամ ծաղկագրության հրաշալի օրինակներ ունենք Նորավանքից, Տաթևից, Հառիճավան­քից, Կապուտանի Ս. Մինաս եկեղեցուց, Լորի որմնափակ խաչքարից և այլ հուշարձաններից։ Ինչ վերաբերում է ծած­կագրությանը (cryptography), ապա ի տարբերություն մատենա­գրա­կան աղբյուրների՝ վիմագրերում այն առավել սակավա­դեպ է։ Այդուհանդերձ, դեռևս 6-7-դդ. վիմագրե­րում արդեն կիրառվել են ինչպես սղագրման միջոցները, այնպես էլ ծածկագրումը[4][5]։ Մեզ հայտնի ծածկագրման եղանակներից վիմագրերին առավել բնորոշ են փոխարինագիր, սյունակետագիր, շրջագիր, գումարգիր, եղբայրա­գիր, աջից ձախ գրությամբ գաղտնագրման տեսակ­ները[6][7]։

Ինչպես ձեռագիր, այնպես էլ վիմագիր բնագրերի վերծանման կարևորագույն բաղադրիչներից է նաև թվականը, որը միջնադարում արտահայտվել է հիմնականում հայոց այբուբենի տառերի թվային համարժեքով, ինչպես նաև՝ տոմարական որոշակի հաշվարկներով։ Վիմագրերում առավելապես հիշատակվում է Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թվականի հուլիսի 11-ը, հետևաբար վկայված թվականին հարկ է գումարել մնացյալ 551-ը, մերօրյա Փրկչական թվականի համարժեքն ստա­նալու համար։ Վաղագույն թվակիր արձանագրությունը պահպանվել է Թալինի Կաթողիկե եկեղեցու հարավարևելյան մույթի արևմտահայաց նիստին։ Վիմագրի համաձայն՝ Հայոց ՄԼԲ., այսինքն՝ 783 թվականին (232+551) Ուխտատուր վանականն ու իր եղբայր Տուտին ջուր են բերել Թալին ու աղբյուր կառուցել, Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարին հարավից պա­տա­կից գավիթ-սրահը կառուցվել է Հայոց ՆՂԲ., այսինքն՝ 1043 թվականին (492+551), կամ Մարմաշենի Կաթողիկե եկեղեցու կառուցման աշխատանքներն սկսվել են Հայոց ՆԼԷ. (988) թվականին (437+551), ավարտվել՝ Հայոց ՆՀԸ. (1029) թվա­կանին (478+551), իսկ, Տեղերի վանքի գավթի արևմտյան մուտքի ճակա­տակալ քարի վիմա­գրում Մխիթար գրիչը նշում է վանքի մեծ ու փոքր եկեղեցիների և ժամատան շինա­րարությունը Հայոց ՈՁԱ. (1232) թվականին ավարտելու մասին, որն իրականացվել է Վաչե Վաչուտյանի կողակից Մամախաթունի նախաձեռնությամբ, Աղբայրիկ վարդ­պետի ձեռամբ։

Փոքր-ինչ այլ է անթվակիր վիմագրերի դեպքում, երբ բնագիրը թվագրվում է համաձայն արձանագրության հնագրական հատկանիշների, ինչպես նաև վիմա­գրում վկայված անձանց ապրած ժամանակն ու տվյալ հուշարձանի պատմական համա­տեքստը նկատառելով։ Նմանօրինակ արձանագրությունների շարքում հատկանշելի է մեզ հայտնի վաղագույն՝ Տեկորի տաճարի շինարարական արձանագրությունը, որի վերջին հետազոտողներից հնագետ-վիմագրագետ Կարո Ղաֆադարյանն այն հստակ թվագրում է 480-ական թվականներին՝ նկատառելով արձանա­գրության հնագրական ոճը, վկայված անձանց գործունեության ժամանակաշրջանն ու հուշարձանի ճարտարապետական-հորինվածքային լուծումները։ Բացի այդ, անթվա­կիր վիմագրերից շատերն էլ համա­ռոտ հիշատակագրություններ են՝ կերտված այցելու-ուխտավոր­ների, տարբեր նվիրատուների անունից։ Սրանք առավել նման են գրաֆիտային բնույթի վիմագրերին, երբ գիրն աչքի չի ընկնում իր գեղագրությամբ, պահպանված չեն անգամ տողերի ու տառերի համաչափությունները և, որ ամենաէականն է, ունի կամայական տեղայնացում, մի բան, որը հարիր չէ դասական վիմագրությանը։ 

Բովանդակային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմագրերի բովանդակային առանձնահատկությունները ևս տարաբնույթ են։ Առավելապես հոգևոր, սակավ նաև աշխարհիկ շինությունների որմերին, ինչպես կոթողային հուշարձաններին պահպանված վիմա­գրերը բովանդակությամբ շինարարական, նվիրատվական ու հիշատակագրային են։ Համեմատաբար սակավաթիվ են կանոնական ու իրավական նորմերի սահմանման, հարկատվության կամ ապահարկման, կրոնական-բարոյախոսական, սուրբգրա­յին-բարեմաղթանքային բնույթի վիմագրերը։ Հատկանշելի են նաև շինարար վարպետ­նե­րի, գրիչների, սրբերի անուններ բովանդակող, կամ էլ զուտ տարեթիվն արձանագրող վիմագրերը, որոնք իրենց աղբյուրագիտական նշանակությամբ բնավ չեն զիջում ըն­դար­ձակ, բովանդակալից բնագրերին[8][9]։

Տաթևի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման արձանագրությունը, 1295 թ.

Ինքնին հետաքրքիր են կոթողային հուշարձանների, մասնավորապես՝ խաչքա­րերի արձանագրությունները։ Մեզ հասած վաղագույն խաչքարերի մասին գաղափար ենք կազմում հենց նրանց վրա պահպանված թվագրերի շնորհիվ։ Այդպիսիք են, օրինակ, Արցախի Վաղուհաս գյուղի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում գտնվող ՅԺԵ. (866), ՀՀ Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիից հայտնի ՅԻԵ. (876) (այժմ՝ Պարույր Սևակի տուն-թանգարանում), Գառնիում՝ Հայոց Կատրանիդե թագուհու անվանակիր ՅԻԸ. (879), Մեծ Մազրայում՝ Գրիգոր Ատրներսեհ իշխանի կանգնեցրած ՅԼ. (881), Դաշտադեմում (Ներքին Թալին)՝ Սուսեի ՅԼԱ. (882), Կեչուտում՝ Ս. Գևորգի անվանակիր ՅԼԵ. (886) և այլ հնավայրերից հայտնի թվակիր խաչքարերը։

Խաչքա­րային արձանագրությունների հիմամբ հստակեցվում է նաև խաչքար-կոթողների կանգնեցման գործառութային նշանակությունը։ Եթե գերեզ­մանոց­ներում, տապանա­քարերին կից կանգնեցված խաչքարերը խորհրդանշում են հիմնականում ննջեցյալի հոգու փրկությունն ու անմահության գաղափարը, ապա զարգացած միջնադարի խաչ­քարերից շատերն էլ կանգնեցվել են կատարված տարատեսակ իրադար­ձությունների հավերժացման, Ս. Նշանով վավերացման ու սերունդներին ավանդման նպատակով։ Իբրև այդպիսին հիշատակելի են եկեղեցիների, կամուրջ­ների, հյուրատների և զանազան այլ շենք-շինությունների կառուցման կամ նորոգ­ման, ինչպես նաև ջուր բերելու, ջաղաց կառուցելու ու այգի տնկելու, երկիրը թշնամիներից ազատագրելու, գյուղ հիմնելու առթիվ կամ էլ իբրև հոգևոր զավակ խաչքար կանգնեցնելու ուշագրավ դեպքերը[10]։ Կոթողային հուշարձանների վիմագրերն աչքի են ընկնում առավելապես շինարար վարպետների անունների հիշատակման տեսանկյունից՝ հատկանշված կազմող, հորինող, նկարող, աշխատող, գործող, իսկ եկեղեցիների կառուցման դեպքում նաև՝ վարդպետ (ճարտարապետ, քարգործ վարպետ) պատվական կոչումներով[11][12]։   

Վիմագրագիտությունը, իբրև աղբյուրագիտության առանձին գիտակարգ, այսօր էլ շարունակում է իր դինամիկ զարգացումը։ Օրեցօր ընդարձակվում է հայ վիմագրու­թյան շտեմարանը, հնագիտական պեղումներով ու դաշտային-հավաքչական աշխա­տանք­ներով ի հայտ են գալիս վիմագրական ուշագրավ էջեր[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աբրահամյան Ա․ (1978 թվական). Հայկական ծածկագրություն. Երևան: ԵՊՀ հրատ.
  2. Գրիգորյան, Գրիգոր (2000 թվական). Հայկական վիմագրություն. Երևան: «Զանգակ-97»,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Օրբելի, Հ.Ա. (1966 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ I. Երևան.
  4. Բարխուդարյան, Ս. Գ. (1960 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ II. Երևան.
  5. Բարխուդարյան, Ս.Գ (1967 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ III. Երևան.
  6. Բարխուդարյան, Ս.Գ (1973 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ IV. Երևան.
  7. Բարխուդարյան, Ս.Գ (1982 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ V. Երևան.
  8. Ս. Ա. Ավագյան և Հռ. Մ. Ջանփոլադյան (1977 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ VI. Երևան.
  9. Գրիգորյան, Գ.Մ (1999 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ VII. Երևան.
  10. Գրիգորյան, Գ.Մ (1999 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ VIII. Երևան.
  11. Բարխուդարյան, Ս.Գ (2017 թվական). Դիվան հայ վիմագրության, պրակ X. Երևան.
  12. Հարությունյան, Ա (2016 թվական). Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները. Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.
  13. Harutyunyan, Arsen (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.