Հայ-մոնղոլական դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-մոնղոլական դաշինք
Հայ-մոնղոլական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1254 թվական
Կարակորում
Ստորագրել են Հեթում Ա (Կիլիկյան Հայաստան) և Մանգու մեծ խան (Մոնղոլական կայսրություն)
Կողմեր Կիլիկյան Հայաստան

Մոնղոլական կայսրություն

Հայ-մոնղոլական դաշինք, խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիր Կիլիկյան Հայաստանի և Մոնղոլական կայսրության միջև։ Կնքվել է Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ի և Մոնղոլական կայսրության մեծ խան Մանգուի միջև 1254 թվականին Կարակորումում[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1243 թվականին Չմանկատուկի ճակատամարտում մոնղոլները պարտության են մատնում Իկոնիայի սուլթանին, որին օգնություն էր ցուցաբերում Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ն։ Վերջինս պատվիրակություն է ուղարկում մոնղոլ զորավար Բաչուի մոտ, որի մեջ առաջարկում է բարեկամություն հաստատել և դաշինք կնքել երկու պետությունների միջև։ Տեղում նման մի պայմանագիր է կնքվում Հեթում Ա-ի և մողոլների միջև՝ Խաչենի իշխանության Հասան Ջալալի միջնորդությամբ։ Հայ-մոնղոլական այս դաշինքի արդյունքում մոնղոլական զորքերը չեն ներխուժում Կիլիկիա։ Դաշինքը ոչ միայն ձեռնտու էր Հայաստանին, այլև Մոնղոլիայի կայսրությանը՝ ընդդեմ սելջուկների, Սիրիայի և Եգիպտոսի։ 1246 թվականին Հեթում Ա-ն իր եղբոր՝ Սմբատ սպարապետի գլխավորությամբ, պատվիրակություն է ուղարկում Կարակորում՝ Գոյուկ մեծ խանի մոտ։ Սմբատը Գոյուկ մեծ խանի կողմից լավ ընդունելության է արժանանում, և Կարակորում մայրաքաղաքում Գոյուկ մեծ խանի և Հեթում Ա-ի միջև հայ-մոնղոլական բարձր հանդիպում է նախապատրաստում։ Հանդիպման ժամանակ Սմբատ սպարապետը խանին հայտնում է, որ՝

  • Կիլիկյան Հայաստանը մնում էր Մոնղոլիայի կայսրության դաշնակիցը։
  • Հայերը մոնղոլներին հարկեր էին վճարում։
  • Մոնղոլները պարտավորվում էին հայերին ցույց տալ ռազմական օգնություն Իկոնիայի սուլթանության դեմ։
  • Գոյուկ մեծ խանը, ի նշան պայմանագրի հավաստման, սպարապետ Սմբատին է հանձնում «Սղամիշ յառլախ և փազիաս ոսկիս»[3]։

Սմբատ սպարապետի Կարակորումում կատարած այցի ժամանակ երկու կողմերը պայմանավորվել էին Հեթում Ա-ի Մոնղոլիա կատարելիք այցելության մասին։ Մոնղոլիայում տեղի ունեցող գահակալական կռիվներով պայմանավորված, Հեթում Ա-ի Մոնղոլիա այցն ուշացել էր երկու տարով։ Գահակալական կռիվների արդյունքում հաղթում է Մանգու խանը, որը, Բաթու խանի միջոցով, Կիլիկյան Հայաստանի արքային Կարակորում է հրավիրում։ Հեթումը իր Մոնղոլիա ուղևորությունը սկսում է 1954 թվականի գարնանը, բուն Հայաստանից և Անդրկովկասից[4]։

Պայմանագրի կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը կնքվում է 1254 թվականին Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորումում Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ի և կայսրության նորըտիր խան Մանգուի միջև։

1254 թվականի կիլիկիո-մոնղոլական պայմանագրի պատմական մեծագույն նշանակությունը կայանում է նրանում, որ դրա շնորհիվ Կիլիկյան Հայաստանը զերծ է մնում մոնղոլական արշավանքների արհավիրքներից, որոնք բաժին էին հասել Անդրկովկասին և այլ երկրների[2]։

Կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1254 թվականին Կարակորումում կնքված մոնղոլա-հայկական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիրը բաղկացած էր հինգ գլխավոր կետերից[2]՝

  • Կողմերը պայմանավորվում էին պատերազմի ժամանակ միմյանց օգնել։ Կիլիկյան Հայաստանը օգնում է մոնղոլներին Միջագետքը, Սիրիան ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլները պարտավորվում են պաշտպանել Կիլիկյան Հայաստանն Իկոնիայի, Եգիպտոսի և շրջակա իսլամադավան մյուս պետությունների հարձակումներից[5]։
  • Միմյանց միջև հաստատվում են հավերժական բարեկամություն և խաղաղություն[6]։
  • Առանց Կիլիկյան Հայաստանի պետության համաձայնության ու պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները իրավունք չէին ունենում անցնելու Կիլիկյան Հայաստանի սահմանները[7]։
  • Նախկինում Հայոց պետությանը պատկանած այն հողերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մոնղոլիայի տիրապետության տակ, վերադարձվում էին Հայաստանին։
  • Մոնղոլիան իր կայսրության ամբողջ տարածքում հայոց եկեղեցուն շնորհում էր անձեռնմխելիություն և բոլոր տեսակի հարկերից ազատման արտոնություններ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 529-532
  2. 2,0 2,1 2,2 Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 41-44
  3. Գրիգոր Ակներցի, «Պատմութիւն վասն ազգին նետողաց», (տե՛ս Մաղաքիա Աբեղայի «Պատմութիւն վասն ազգին նետողաց»), Սանկտ-Պետերբուրգ, 1870թ., էջ 17։
  4. 4,0 4,1 Կիրակոս Գանձակեցի, նշվ. աշխ., գլ. ԾԸ, էջ 263։
  5. 103 “Receuil des Historiens des Croisades”: “Documents arméniens”, Paris, 1869, t. II, p.161-165.
  6. Հեթում Պատմիչ, «Պատմութիւն թաթարաց», Վենետիկ, 1842թ., էջ 43։
  7. “Путешествие в Восточные страны Плано Карпини и Ребрука”, Москва, 1957г., (перевод Малеина), стр. 115.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 197