Ջալալ Ա
| †1261 | ||||||
|---|---|---|---|---|---|---|
Ջալալ Ա-ի խորաքանդակը Գանձասարում (1238), |
||||||
| Խաչենի և Առանի իշխան Արցախի թագավոր |
||||||
|
||||||
|
Ջալալ Ա (Հասան-Ջալալ[2]). Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ իշխել են Արցախի Խաչեն գավառում։
Բովանդակություն |
[խմբագրել] Ընտանիք
Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր Սյունիքի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261-ին)։ Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր Զաքարյաններին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։
[խմբագրել] Իշխանության առաջին շրջան
Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը Գանձասարի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց 1216-ին և ավարտվեց 1238-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը [3], իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին[4], ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։
Հասան-Ջալալի հանձանարարությամբ և հովանավորությամբ Տեր-Իսրայել եպիսկոպոսը Գանձասարում ստեղծել է հայկական «Հայսմավուրքը»։ Շինարարական և մշակութային գործունեություն ծավալել նաև Արցախից դուրս։ Այսպես 1248-ին Հասան-Ջալալը վերականգնել է թաթարների ավերած Կեչառիսի վանական համալիրը[5]։
[խմբագրել] Մոնղոլական տիրապետություն
Դարասկզբի տնտեսական և մշակութային բուռն վերելքը մասամբ կասեցրեցին մոնղոլ-թաթարների արշավանքները ու ասպատակությունները։ 1236-ին մոնղոլական արյունարբու բանակի ներխուժմանն է ենթարկվում Արցախը։ Մոնղոլները սպանում ու գերում են հարթավայրում բնակվողներից շատերին, նրանց ձեռքն է ընկնում նույնիսկ անառիկ Հավքախաղաց բերդը։ Հասան-Ջալալը Իշխանաբերդում պատսպարեց շրջակա ողջ ազգաբնակչությանը։ Երբ մողոլները եկան այն պաշարելու, տեսան, որ այդ ամրությունները հնարավոր չէ գրավել և խաղաղության առաջարկություն արեցին։ Կայացավ հաշտության համաձայնություն, որով մոնղոլները ճանաչեցին Խաչենի ինքնիշխանությունը և նույնիսկ մեծացրեցին նրա սահմանները։ Հասան-Ջալալը պարտավորվեց իր բանակով նրանց հետ պատերազմի գնալ ընդդեմ սելջուկների։
[խմբագրել] Արևմտյան արշավանքներ
Այնուհետ Հասան-Ջալալը իր զորքով ստիպված էր մասնակցել թաթար-մոնղոլների արշավանքներին դեպի արևմուտք (Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա և այլն)։ Նրա հետ էր Վերին-Խաչենի իշխան Գրիգոր Ա-ը, ինչպես նաև այլ հայկազուն իշխաններ՝ Ավագ և Շահնշահ Զաքարյանները, Վահրամ իշխանը։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ այս իշխանների հետ Հասան-Ջալալը և Գրիգոր Ա-ն գնեցին և ազատ արձակեցին գերի ընկած բազմաթիվ տղամարդկանց, կանանց, մանուկների ու ծերերի։ Նրանք գնում էին նաև ձեռագիր մատյաններ, որոնք չնչին գնով վաճառվում էին դրանք հափշտակած այլազգիների կողմից[6]։ Այս շրջանին է վերաբերում նաև Հասան-Ջալալի այն գործարար միջնորդությունը, որի շնորհիվ Կլիկիայի հայոց թագավոր Հեթում-ի և մոնղոլների միջև ստեղծվեց բարեկամական հարաբերություն և Կիլիկիան փրկվեց հարևան երկրներին վիճակված ավերածություններից [7]։
[խմբագրել] Ճամփորդություն Մոնղոլիա
Վերադարձից հետո Հասան-Ջալալը առերեսում է տեղական մահմեդական իշխողների թշնամանքին, որոնց դուր չէր գալիս, որ քրիստոնյա մի իշխան պահպանել է իր երկրի ինքուրույնությունը և գլուխ չի խոնարհում իրենց առջև։ Դրությունը հատկապես ծանրանում է, երբ Մանգու մեծ խանի հրամանով Անդրկովկաս է գալիս Արղուն ոստիկանը՝ որպես անսահմանափակ իրավունքներ ունեցող վերակացու։
1255-ին Հասան-Ջալալը ճանապարհորդում է դեպի հեռավոր Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ Մանգու խանի մոտ։ Ա յստեղ նա հանդիպեց նաև Սարթախ զորավարին՝ քրիստոնյա մի մոնղոլ, որին Մանգու խանը նշանակեց Ոսկե հորդայի տիրակալ։ Հասան-Ջալալը Սարթախից ստացավ պաշտոնական գրություն, որը ևս մեկ անգամ հաստատում էր Արցախի իշխանության և ինքնուրույնության իրավունքը[8]։
[խմբագրել] Վերադարձ և մահ
Հասան-Ջալալը հայրենիք վերադարձավ 1260-ին։ Նա գտավ իր կնոջը Մամքանին վախճանված։ 1261-ին նրա պատվերով ընդօրինակված մի ավետարանի հիշատակարանում Հասան-Ջալալը հիշում է իր հեռավոր ճամբորդությունը և այն վիշտը, որ պատել էր նրան, կնոջ մահվան պատճառով. «Եվ ես եկեալ գտի զպայծառ տուն իմ լի սգով, արտասուաւք անմխիթարելի. զի նա էր ամենայն զաւրաց և հեծելոց, նաև եկեղեցոյ և քահանաից սփոփիչ և մխիթարութիւն»[9]։
Վերադարձից ընդամենը մեկ տարի անց, վրացական մի հարձակումից հետո, Արղուն ոստիկանը ձերբակալում է Հասան-Ջալալին, Զաքարե Բ Զաքարյանին, և այլ քրիստոնյա իշխանների։ Հատկապես Հասան-Ջալալի նկատմամբ բոլոր մահմեդականները ատելությամբ էին լցված։ Նրան անասելի խոշտանգումների են ենթարկում, ապա Ղազվին քաղաքում մահապատժի են ենթարկում՝ անդամ-անդամ հոշելով[10]։
Հասան-Ջալալի մահը ժամանակակիցների կողմից ընդունվեց որպես քրիստոնեական նահատակություն։ Նրա զավակ Աթաբակը հավատարիմ մարդկանց ուղարկեց ու գողանալ տվեց հոր մարմինը։ Արցախի թագավորի սուրբ մասունքները ամփոփվեցին Գանձասարի վանքի գավթում։
[խմբագրել] Գրականություն
[խմբագրել] Տես նաև
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 111: Այս արձանագրության մեջ Հասան-Ջալալը շեշտում է Արցախ նահանգի իր լիիանկախ իշխանությունը և, որ նա հայրենի երկրի բնիկ («բնակավոր») զավակ էր, և ոչ օտար բռնակալ։
- ↑ Միջնադարյան աղբյուրներում կոչվել է նաև Հասան Ջալալ Դաւլա (արդի ուղղագրությամբ՝ Հասան Ջալալ Դոլա)։ Այս անվան ծագման և նշանակությունների մասին տե՛ս Գանձասար կայքը։
- ↑ Իշխանաբերդը նաև կոչվել է Խոխանաբերդ, Թարխանաբերդ։
- ↑ Այս բնակավայրը այժմ էլ կա, Խաչեն գետակի ձախ կողմում, և կոչվում է Վանք։ Խաչենի իշխանության ավարտից հետո (1827 թ) տեղափոխվել է փոքր-ինչ արևելք։
- ↑ Բագրատ Ուլուբաբյան. Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանցը և իր «Համառոտ պատմությունն Աղվանից»։ Երևան 1979։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԴ, ԼԵ։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԶ։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԵԹ։
- ↑ Մատենադարան, ձեռագիր №387, էջ 8բ, 9ա
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԿԳ։