Հայերի ցեղասպանության իրավաբանական և տնտեսական ասպեկտները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերի ցեղասպանության իրավաբանական և տնտեսական ասպեկտները (իսպ.` «Aspectos Juridicos у Economicos del Genocido Armenio»), հոդվածների ժողովածու, հրատարակվել է Բուենոս Այրեսում 1984 թ., իսպաներեն։ Հրատարակիչ՝ Արգենտինահայկական պրոֆեսիոնալ խորհուրդ։

Ժողովածուն բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է ներածականով։ Առաջին մասի (իրավական ասպեկտը) մեջ են մտել Պասկուալ Օհանյանի «Արևմտյան Հայաստանի ցեղասպանությունը աշխարհաքադաքական տեսակետից», Էստեբան Տիրատուրյանի և Դանթե Ասիլյանի «Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի վերլուծությունը», Ռոբերտո Մալխասյանի «Հայերի ցեղասպանության համար թուրքական պետության միջազգային պատասխանատվությունը», Կարլոս Ֆայտի «Եկեղեցական դպրոցի փակումը» հոդվածները։ Բաժնում տեղ է գտել նաև ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայի տեքստը։

Պ. Օհանյանի հոդվածում քննության են առնվում եվրոպական տերությունների շահերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում, շարադրվում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համառոտ պատմությունը։ Հեղինակն օգտագործել է երիտթուրքերի համագումարների նյութերը, նրանց գաղափարախոսների ելույթները, Թալեաթի ստորագրած փաստաթղթերը և այլ նյութեր։ Է. Տիրատուրյանի և Դ. Ասիլյանի հոդվածներում ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայի վերլուծությանը զուգահեռ քննարկվում է ազգային-մշակութային եղեռն հասկացությունը, ինչպես նաև ցեղասպանության կանխման՝ միջազգային համագործակցության հնարավորությունը։ Ռ. Մալխասյանը, որպես ցեղասպանության կազմակերպիչների դեմ ներգործող միջոց, առաջարկում է տնտեսական արգելքը (էմբարգո)։

Ժողովածուի երկրորդ մասի մեջ է մտել Կարլոս Պոլատյանի «Եվրոպական շահերը Մերձավոր Արևելքում և Հայկական հարցը» հոդվածը։ Հեղինակը քննում է միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը XIX-XX դդ., Օսմանյան կայսրության տնտեսական վիճակը, հատկապես նրա արդյունաբերության և սոցիալական կառույցների զարգացումը, հայերի սոցիալ-տնտեսական դրությունը Թուրքիայում, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գաղութատիրական շահերը այդ աշխարհաշըրջանում։ Հեղինակը առանձնացնում է տնտեսական երեք գործոն, որոնք, նրա կարծիքով, թուրքական կառավարող շրջաններին դրդեցին վերջ տալ հայկական հարցին ցեղասպանության միջոցով։ Դրանք են.

  1. Արևմուտքի կապիտալիստ, տերությունների իմպերիալիզմի և ֆեոդ. Թուրքիայի իմպերիալիզմի միջև եղած կոնֆլիկտը։ Թուրքիան տնտեսականական, առևտրական, ֆինանսական, ռազմաքաղաքական կախման մեջ էր ընկել Արևմուտքից։ Եվ նման փոխհարաբերությունների պայմաններում շահագործման գլխավոր օբյեկտ էին դարձել հումքային պաշարները, այլ ոչ թե մարդկային աշխատանքը։ Դա կործանարար նշանակություն ունեցավ արևմտահայ էթնոսի ճակատագրի համար,
  2. Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանում, արևմտաեվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշվում էր նախ և առաջ նրանց տնտեսական շահերով,
  3. տերությունները որքան շատ են շահագրգռված տնտեսապես տվյալ աշխարհաշրջանումն այնքան քիչ են նրանք պաշտպանում այդտեղ ապրող ժողովուրդների քաղաքական անկախության գաղափարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։