Կումրանի ձեռագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումրանի ձեռագրեր, Մեռյալ ծովի հյուսիս-արևմտյան ափին, Վադի-Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված (1947 թվականից) եբրաերեն, արամեերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն հին ձեռագրերի պայմանական անվանումը։ Գրելանյութերը՝ մագաղաթ, պապիրուս, աղյուս, պղինձ, փայտ։

Շուրջ 600 երկի ավելի քան 40 հազար ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ՝ չհրատարակված) պատկանել են մեր թվարկությունից առաջ II- մեր թվարկության 68 թվականիին խուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին։ Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ)։

Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ։ Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, Դամասկոսյան վավերագիրը, Պատերազմի գալարը, Ձոները, աստվածաշնչային գրքերի մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները։ Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են։

Մասադա ամրոցի (Մեռյալ ծովի ափի հարավ-արևմյան մասում) պեղումներով (1963—1965 թվականներին) հայտնաբերվել են եբրայեցերեն և արամեերեն (այդ թվում՝ խեցիների վրա գրված տնտեսական 795 փաստաթուղթ), հունարեն, և լատիներեն ձեռագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև Կումրանի ձեռագրերի թվագրման համար։ Մասադայի արխիվը դեռևս հրատարակված չէ, բացի Բեն-Սիրի պարականոն ստեղծագործությունների ձեռագրերից։ Հրեական անապատի քարայրերում 1952 թվականին և 1960—1961 թվականներին աստվածաշնչային ձեռագրերի հետ գտնվել են գործնական, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ (եբրայեյերեն, արամեերեն, նաբաթեերեն և հունարեն), որոնք լույս են սփռում Հրեաստանի և Նաբաթեայի հարաբերությունների վրա 2-րդ-3-րդ դարերում։ Առայժմ հրատարակված է միայն Վադի-Մուրաբբաատի արխիվը։ Հերբեթ-Միրդում (Վադի-Կումրանից հարավ-արևմտյան) 1952—1953 թվականներին հայտնաբերվել են առավելապես ասորերեն և հունարեն, ինչպես նաև արաբերեն (4-րդ—8-րդ դարերում) ձեռագրեր։ Գտնված են Նոր կտակարանի և պարականոն գրականության հատվածներ, գործնական փաստաթղթեր, ինչպես և մի հատված Եվրիպիդեսի «Անդրոմաքե»-ից։

Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մեր թվարկության I դարում ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png