Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 15, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին
Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին

Ադրիանո Չելենտանոն (իտալ.՝ Adriano Celentano, ծնվ. հունվար 6, 1938, Միլան), իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա):

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է: Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս): 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը: Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն շարունակել...