Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մարտ 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Մարտ ամսվա հոդվածները
Մարտի 1
«Չելսի» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Chelsea Football Club), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում:

Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը: «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ական թվականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.:

Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են «Աբրամովիչի դարաշրջան»: Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն է կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: շարունակել...

Մարտի 2
Աֆրիկական վայրի շներ
Աֆրիկական վայրի շներ

Շնազգիներ (լատիներեն՝ Canidae) կամ գայլեր գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Ամենավառ ներկայացուցիչներն են գորշ գայլը, շունը, աղվեսը, ենոտաշունը, շնագայլը և կոյոտը։ Շնազգիները բաժանվում են երկու ճյուղի՝ Caini ՝ գայլանմաններ և Vulpini ՝ աղվեսանմաններ։

Վերջին ժամանակներում գիտության կողմից կատարված կտրուկ առաջընթացի շնորհիվ գիտնականները կարողացել են հստակ կամ ոչ այնքան հստակ կարծիքներ հայտնել շնազգիների առաջացման վերաբերյալ։ Տարբեր քննարկումներ են տեղի ունեցել նաև գայլազիների զբաղեցրած տեղանքների վերաբերյալ։ Մոլեկուլային հետազոտությունները ցույց են տվել, որ այժմյա շնազգիները ունեն հյուսիսամերիկյան ծագում, իսկ կարմիր գայլը, աֆրիկական վայրի շունը կամ հնդկական գայլը՝ աֆրիկական ծագում։

Մեծ քննարկումներ են տեղի ունեցել նաև շների առաջացման թեմայի շուրջ։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե երբ և որտեղ է առաջացել ընտանի շունը՝ մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին: Այն, որ շունը առաջացել է գայլից, դա հստակ է։ Մինչ այս վարկածը հաստատելը գիտնականները կարծում էին նաև, որ շները կարող էին առաջացած լինել ոչ միայն գայլերից, այլ նաև կոյոտներից կամ շնագայլերից, բայց կատարված անալինզների և համակարգչային ուսումնասիրություններից հետո պարզվեց որ շան ԴՆԹ-ն ավելի մոտ է գայլի ԴՆԹ-ին շարունակել...

Մարտի 3
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում

Ֆոտոն (հին հունարեն՝ φῶς՝ «լույս»), տարրական մասնիկ է, էլեկտրամագնիսական ճառագայթման (նեղ իմաստով` լույսի) քվանտը: Ֆոտոնը չունի հանգստի զանգված և կարող է գոյություն ունենալ միայն լույսի արագությամբ շարժվելիս: Ֆոտոնի էլեկտրական լիցքը նույնպես զրո է:

Ֆոտոնը կարող է գտնվել միայն երկու սպինային վիճակներում` շարժման ուղղության վրա 1 սպինի պրոյեկցիայով (պարույրությամբ): Դասական էլեկտրադինամիկայում այս հատկությանը համապատասխանում է էլեկտրամագնիսական ալիքների շրջանային աջ և ձախ բևեռացումը: Որպես քվանտային մասնիկ` ֆոտոնին ներհատուկ է ալիքամասնիկային երկվությունը, այսինքն` ֆոտոնն ունի և մասնիկին, և դը Բրոյլի ալիքիին բնորոշ հատկանիշներ:

Հանգստի զանգվածի զրոյական լինելու փաստը հաշվի առնելով` մի շարք հեղինակներ ֆոտոնը համարում են քվազիմասնիկ: Քվազիմասնիկների նման, ֆոտոնն ունի զրոյական հանգստի զանգված, սակայն տարածման համար միջավայրի կարիք չունի, ինչպես մյուս տարրական մասնիկները։ Ֆոտոնը նշանակվում է տառով, այդ պատճառով հաճախ այն անվանում են գամմա-քվանտ (հատկապես բարձր էներգիայով ֆոտոնները) շարունակել...

Մարտի 4
Հայկական մարզը 1828 -1840 թթ., (ռուսերեն՝ Армяская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ Նիկոլայ Առաջին ցարը 1827 թ. Երևանը միացրել է Ռուսաստանին։ 1828 թ. վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը՝ Երևանի խանության տարածքի հիման վրա։

Մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ. կմ,՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որն ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին։

1840 թ. Կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ՝ Թիֆլիս կենտրոնով շարունակել...

Մարտի 5
Կիլոգրամի միջազգային նախատիպի պատկերը
Կիլոգրամի միջազգային նախատիպի պատկերը

Զանգված, սկալյար ֆիզիկական մեծություն, ֆիզիկայի կարևորագույն հասկացություններից: Մատերիայի իներցիոն և գրավիտացիոն հատկությունների ֆիզիկական բնութագիրն է: Սկզբնապես՝ XVII - XIX դարերում, բնութագրում էր «նյութի քանակը» ֆիզիկական ծավալում:

Ըստ այն ժամանակվա պատկերացումների՝ զանգվածից էր կախված կիրառված ուժին դիմադրելու մարմնի հատկությունը (իներցիա), ինչպես նաև գրավիտացիոն հատկությունները՝ կշիռը: Սերտորեն կապված է «էներգիա» և «իմպուլս հասկացությունների հետ: Ժամանակակից պատկերացումների համաձայն, զանգվածը համարժեք է հանգստի էներգիային:

Ներկայիս ֆիզիկայում «նյութի քանակ» հասկացությունը այլ իմաստ ունի, իսկ «զանգված» հասկացությունը կարելի է մեկնաբանել մի քանի եղանակներով շարունակել...

Մարտի 6
Մամեդ Էմին Ռասուլզադե
Մամեդ Էմին Ռասուլզադե

Մամեդ Էմին Ախունդ Մոլլա Ալեքպեր օղլու Ռասուլզադե (ադրբ.՝ Məhəmməd Əmin Axund Hacı Molla Ələkbər oğlu Rəsulzadə, 1884 հունվարի 31, Նովխանի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն — 1955 մարտի 6, Անկարա, Թուրքիա), ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, ժուռնալիստ, դրամատուրգ, Ադրբեջանի Ազգային Խորհրդի նախագահ 1918 թվականին, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր։

Ռասուլզադեն իր աշխատություններում հասնում էր ծայրահեղ ռասիզմի, քարոզում էր թուրքերի բացառիկությունը։

Մամեդ Էմին Ռասուլզադեն ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի մոտ գտնվող Նովխանի գյուղում մոլլայի ընտանիքում։ Չնայած իր կրոնականությանը, Մամեդ Էմինի հայրը նրան տալիս է ռուս-թաթարական աշխարհիկ դպրոց, որի տնօրենն էր Ս.Մ. Գանիզադեն։ Ավարտելով այդ դպրոցը, Մամեդ Էմինը շարունակում է ուսմունքը Բաքվի տեխնիկական ուսումնարանում։ 1902 թվականին Մամեդ Էմինը ուսանողների շրջանակներում ստեղծում է «Մուսավաթ» («Հավասարություն») երիտասարդական կազմակերպությունը շարունակել...

Մարտի 7
Բեքհեմը Լոս-Անջելես Գելաքսիում, 2007թ.
Բեքհեմը Լոս-Անջելես Գելաքսիում, 2007թ.

Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմ (անգլերեն՝ David Robert Joseph Beckham, ծնվ. 1975 թ. մայիսի 2, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբներում ինչպես նաև Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որտեղ նա հանդիսանում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը։ Հայտնի է ստանդարտ դիրքերի և տուգանայինների իրականացման փայլուն տեխնիկայով։

Բեքհեմի ֆուտբոլային կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ նա 17 տարեկան հասակում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գրավել է 6 չեմպիոնական տիտղոսներ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի, 2 անգամ Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի։ 2003 թվականին նա տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որտեղ հանդես եկավ չորս մրցաշրջան` վերջին մրցաշրջանում հաղթելով իսպանական Լա Լիգան։

2007 թվականին Բեքհեմը 32.5 մլն դոլլարի դիմաց 5 տարվա պայմանագիր կնքեց Ամերիկյան Բարձրագույն լիգայում հանդես եկեղ (MLS) «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ։ Լինելով «Գելաքսիի» խաղացող, Բեքհեմը 2009-2010 թվականներին վարձակալությամբ խաղացել է իտալական «Միլանի» կազմում։ Այնուհետև «Պարի Սեն-Ժերմենի» կազմում մեկ մրցաշրջան խաղալուց հետո Բեքհեմը ավարտեց ֆուտբոլային կարիերան շարունակել...

Մարտի 8
Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը` Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե - 2007 մայիսի 16, Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թվականին հայրենադարձվել է։

1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ» շարունակել...

Մարտի 9
Երևանի կուսակալություն (պարսկերեն՝ بیگلربیگی ایروان‎ — Beglarbegi-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1724 թթ.։ Թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թ. այն միացրել է Պարսկաստանին։ 1502 թ. վերջնականապես ձևավորվում է Երևանի կուսակալությունը՝ թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա։

Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 45,000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը։ Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք ամբողջությամբ պատկանում են Թուրքիային, և Նախիջևանից, որը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում։

1722-1728 թթ. թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թ. Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թ. կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակել...

Մարտի 10
Էմփայր Սթեյթ Բիլդինգ
Էմփայր Սթեյթ Բիլդինգ

Էմփայր Սթեյթ Բիլդինգ (անգլ.՝ Empire State Building), 102 հարկանի երկնաքեր, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում։ Կառուցվել է 1929 թ - ից մինչև 1931 թ։ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը համարվում էր աշխարհի խոշորագույն երկնաքերներից մեկը։ Երբ 2001 թվականին, փլուզվեզին երկվորյակ աշտարակները, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը, և մնաց այդպես մինչև 2012 թվականը։ Ճարտարապետության առումով շենքը պատկանում է արվեստի Դեկո ոճին։

1986թ. Էմփայր Սթեյթ Բիլդինգը մտավ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակը։ 2008-ին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից համարվեց ամերիկյան ճարտարապետության լավագույն լուծումը։ Շինության սեփականատերը W&H Properties ընկերությունն է։ Գտնվում է 5-րդ պողոտայում։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը ներկա պահին բարձրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 22-րդը աշխարհում։

Անվանումը ծագել է Նյու Յորք նահանգի ալտերնատիվ անվանումից (Կայսերական նահանգ, Empire State)։ Նախագիծն իրագործել է Shreve, Lamb and Harmon ճարտարապետական ընկերությունը։ Գլխավոր ճարտարապետն էր Վիլլիամ Լամբը։ Ֆինանսավորումն ապահովել են Ջոն Ռասկոբը և Պիեռ Դյուպոնը շարունակել...

Մարտի 11
Գալիումի բյուրեղ
Գալիումի բյուրեղ

Մետաղը (լատ.՝ metallum բառից, նշանակում է «հանքահոր») առանձնահատուկ մետաղե հատկություններ տարրերի մի խումբ է, որոնք ունեն բարձր էլեկտրա և ջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից, բարձր գեղակերտություն և այլն։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով: Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտածործման համար անհրաժեշտ է զատել դրանք հանքաքարերից և զտում կատարել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է լեգիրում և մետաղների այլ մշակում: Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է մետալուրգիա կոչվող գիտությունը: Այն տարբերում է սև (երկաթի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների հանքաքարեր: Ոսկին, արծաթը և պլատինը պատկանում են նաև թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին: Բացի այդ՝ փոքր քանակությամբ դրանք առկա են նաև ծովի ջրում, բույսերում, կենդանի օրգանիզմներում (կարևոր նշանակություն ունենալով):

Հայտնի է, որ մարդու օրգանիզմը 3%-ով կազմված է մետաղներից: Մեր բջիջներում ամենաշատը առկա են կալցիումը (ոսկորներում) և նատրիումը, որը հանդես է գալիս էլեկտրոլիտի դերում միջբջջային հեղուկում և ցիտոպլազմայում շարունակել...

Մարտի 12
Իբն Խալդունի կիսանդրի
Իբն Խալդունի կիսանդրի

Իբն Խալդուն ( 1332 / 732 Հիջ. – 1406 / 808 Հիջ.) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي‎‎, Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի, արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, համարվում է ժամանակակից պատմագրության, սոցիոլոգիայի և տնտեսագիտության հիմնադիրներից մեկը։

Նրա գրքերից հատկապես հայտնի է ալ-Մուկադդիմա (որը հայտնի է նաև հունարեն Պրոլեգոմենա անվամբ): Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դ. պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար։ Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դ. եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով։

Իբն Խալդունի կենսագրությունը բավական մանրամասն պահպանվել է, քանի որ փիլիսոփան գրել է ինքնակենսագրական շարունակել...

Մարտի 13
Հայկական մուֆլոնը, Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից մեկը
Հայկական մուֆլոնը, Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից մեկը

ՀՀ կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

ՀՀ տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը ՀՀ կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու փոքրասիական գորտ, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը շարունակել...

Մարտի 14
Երևանի խանության դրոշը
Երևանի խանության դրոշը

Երևանի խանություն (պարս.՝ خانات ایروان‎ — Khānāt-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1828 թվականներին: Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին: 1747թ. վերջնականապես ձևավորվում է Երևանի խանությունը՝ Երևանի կուսակալության տարածքի վրա:

Խանության տարածքը կազմել է շուրջ 19,500 քառ. կմ,՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները` Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը: Այժմ խանության տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Երևանի խանությունը Նախիջևանի խանության և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Հայկական մարզ` Երևան կենտրոնով:

16-րդ դարի սկզբին Իրանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը: Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով նրանք հիմնում են մի շարք խանություններ շարունակել...

Մարտի 15
Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին
Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին

Ադրիանո Չելենտանոն (իտալ.՝ Adriano Celentano, ծնվ. հունվար 6, 1938, Միլան), իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա):

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է: Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս): 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը: Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն շարունակել...

Մարտի 16
«Off the Wall»-ը ամերիկյան փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի 5-րդ ստուդիական ալբոմն է և առաջինն է, որը Մայքլին բերեց համաշխարհային ճանաչում։ Ալբոմի թողարկումը եղավ 1979 թվականի օգոստոսի 10-ին, ալբոմը թողարկվեց Epic Records-ի կողմից։

Մինչ թողարկումը ալբոմը արժանացել էր կինոքննադատների դրական խոսքերին, «Վիզ» ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմում նկարահանվելիս Մայքլը և Քուինսի Ջոնսը ընկերացան, և Ջոնսը համաձայնվեց աշխատել Ջեքսոնի հետ իր հաջորդ ալբոմի վրա։ Ալբոմի ձայագրությունը կատարվեց 1978 թվականի դեկտեմբերից մինչ 1979 թվականի հունիս, երգերը ձայնագրվեցին Լոս Անջելեսի Allen Zentz Recording, Westlake Recording Studios և Cherokee Studios ստուդիաներում։ Ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակ Մաքյլը համագործակցում էր բազում երգահանների և կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Ստիվի Ուանդերը և Ռոդ Թեմփերթոնը։ Մայքլը ինքը գրեց մի քանի երգ, այդ թվում «Don't Stop 'til You Get Enough» սինգլը։

Քննադատները նշեցին, որ «Off the Wall»-ը իր մեջ ներառում է այնպիսի երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը, ջազը։ Այս ալբոմի շնորհիվ Մայքլը արժանացավ իր առաջին «Գրեմմիին»։ Մայքլը դարձավ առաջին մենակատարը ում մեկ ալբոմից 4 սինգլ մտնում էին Billboard Hot 100-ի առաջին տասնյակը։ Ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, մինչ այժմ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակ և 20 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում շարունակել...

Մարտի 17
Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաան ( 724 / 106 Հիջ. – 759 / 142 Հիջ.) ամբողջական անուն՝ արաբ․՝ - أبو مٰحَمَّد عبد الله روزبه بن داذویه‎‎, Աբու Մուհամմադ Աբդալլահ Ռոզբիհ իբն Դազոի, պարսիկ մուսուլման գրականագետ էր և արձակագիր, համարվում է ադաբի գրականության հիմնադիրը։ Նրա ստեղծագործություններից ամենահայտնին արևելյան առակների ժողովածու Կալիլա ուա Դիմնան է:

Իբն ալ-Մուկաֆֆաան ծնվել է 724թ. Իրաքի Բասրա քաղաքում, Իրանի Ֆարս նահանգից սերող ընտանիքում: Հայրը Օմայյաների (661-750) իշխանության շրջանում հարկահան պաշտոնյա էր, ով պաշտոնական դիրքը չարաշահելու համար պատժվում է և դառնում հաշմանդամ (արաբերեն՝ مقفع, մուկաֆֆաա): Իբն ալ-Մուկաֆֆաան սպանվել է Աբբասյան երկրորդ խալիֆ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի հրամանով՝ հերետիկոսության մեղադրանքով: Պարսիկ բանասերը զրադաշտական էր, որ ձևականորեն իսլամ էր ընդունել:

Իբն ալ-Մուկաֆֆաայի Կալիլա ուա Դիմնան համարվում է միջնադարյան արաբամուսուլմանական մշակույթի գոհարներից մեկը: Այն թարգմանված է Պանչատանտրա (հնդկերեն՝ 5 գիրք) գրքից, և հարստացված է պարսկական ու արաբական հեքիաթներով: Նա հիմք է դրել արաբական արձակին և ճանապարհ հարթել հետագա գրականագետների ու արձակագիրների համար: Ստեղծագործել է միջին պարսկերեն և արաբերեն լեզուներով շարունակել...

Մարտի 18
Տրիտոնի լուսանկարը, կատարված է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից
Տրիտոնի լուսանկարը, կատարված է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից

Տրիտոն (հին հունարեն՝ Τρίτων), Նեպտուն մոլորակի ամենամեծ բնական արբանյակն է, հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1846 թվականի հոկտեմբերի 10-ն։ Անվանվել է հունական դիցաբանության ծովի խորքերի աստվածի՝ Տրիտոնի պատվին։

Տրիտոնը Արեգակնային համակարգի միակ մեծ արբանյակն է, որն ունի հակադարձ ուղեծիր, այսինքն այն պտտվում է մոլորակի պտույտին հակառակ ուղղությամբ։ Այն ունի 2 700 կմ տրամագիծ, այն մեծությամբ յոթերորդ արբանյակն է Արեգակնային համակարգում։ Իր հակադարձ շարժման, ինչպես նաև իր կառուցվածքի Պլուտոնին նմանության պատճառով, հավանական է որ Տրիտոնը որսացվել է Նեպտունի կողմից Կոյպերի գոտուց: Տրիտոնի մակերևույթը հիմնականում կազմված է սառած ազոտից, հիմնականում ջրային սառույցի կեղևով, այն ունի սառցե մանտիա և նրա ներոսում քարե և մետաղական միջուկ: Միջուկը կազմում է արբանյակի զանգվածի մոտավորապես երրորդ մասը։ Տրիտոնի միջին խտությունը կազմում է 2,061 գ/սմ³, և բաղկացած է մոտավորապես 15–35%-ով ջրային սառույցից:

Տրիտոնը Արեգակնային համակարգի այն քիչ թվով արբանյակներից է, որը երկրաբանորեն ակտիվ է։ Արբանյակը հայտնաբերվել է բրիտանացի աստղագետ Ուիլիամ Լասսելի կողմից 1846 թվականի հոկտեմբերի 10-ին շարունակել...

Մարտի 19
Արիության լեռը, նույն ինքը՝ Գոմշասարը
Արիության լեռը, նույն ինքը՝ Գոմշասարը

Արցախի ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Կուրի և Արաքսի հովիտների միջև։ Հյուսիս-արևմուտքում ընդգրկում է Քարվաճառի, հարավ-արևմուտքում՝ Քաշաթաղի ենթաշրջանները։

Մակերևույթն արևմուտքում լեռնային է, ձգվում են Փոքր Կովկասի արտաքին շարի հարավ-արևելյան հատվածի լեռնաշղթաները, հյուսիսում Մռավի լեռնաշղթան է, որը, աստիճանաբար ցածրանալով, արևելքում ձուլվում է Դարաբաղյան հարթավայրին (բարձր.՝ 200-400 մ), վերջինս ձևավորվել է Թարթառ, Խաչեն, Կարկառ գետերի և Արաքսի մի շարք վտակների արտաբերման նյութերի կուտակումներից։

Լեռնաշղթայի լանջերը զառիթափ են՝ մասնատված խոր հովիտներով, գերիշխում են ժայռոտ լերկ կատարները, քարացրոնևերը, սողանքները։ Միջին բարձրություններն անտառապատ են։ Շրջանի կենտրոնով, գրեթե միջօրեականի ուղղությամբ, ձգվում է Արցախի լեռնաշղթան, որի ամենաբարձր տեղամասը Կուսանաց լեռնաշղթան է: Լեռներին հատուկ է միաթեք կառուցվածքը (հյուսիս-արևմուտքից հարավվ-արևելք), միջին բարձրության գոտիներին՝ հարթեցված մակերևույթները, որոնք ռելիեֆին տալիս են աստիճանաձև տեսք շարունակել...

Մարտի 20
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկիրը ներկայացնում է միջազգային թիմային մրցաշարերում։

Թիմը կազմավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեքական անգամ դարձել է օլիմպիադաների և աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, մեկական անգամ էլ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ձևավորվել է Հայաստանի անկախանալուց անմիջապես հետո՝ 1992-ին։ Եվ հենց առաջին մրցաշարում, որին մասնակցեց թիմը՝ համաշխարհային օլիմպիադայում (1992, Մանիլա, Ֆիլիպիններ), գրավեց մրցանակային երրորդ տեղը (2012) շարունակել...

Մարտի 21
Չարեք վանքը (նաև՝ Չարեքավանքը, Չարեքա անապատ) գտնվում է Փիփ գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ Շամխոր գետի ձախ ափին՝ Գետաբեկ վտակի և Շամխոր գետի միախառնման տեղից վերջինիս հունն ի վեր շուրջ 3,5 կմ հարավ-արևմուտք, նույնքան և նույն ուղղությամբ հեռու Չարեք բերդից, ծովի մակերևույթից 1070 մ բարձրության վրա։

Վանքն իր անունն ստացել է ոչ հեռու գտնվող համանուն բերդից։

Գլխավոր կառույցների (եկեղեցի, գավիթ, զանգակատուն, մատուռ, շրջապարիսպ, միաբանական և օժանդակ այլ կառույցներ) շինարարությունն իրականացվել է 17-րդ դարում։ Եղել է գրչօջախ և ուսումնական հաստատություն։ Բազմիցս ավերվել ու վերաշինվել է։ Ունեցել է ինչպես ծաղկման, այնպես էլ անկումային տարիներ։ Տիրապետել է ընդարձակ կալվածքների։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո իշխանությունները բռնագրավել և պետականացրել էին վանքի կալվածները, իսկ վանքում բնակություն էր հաստատել մի խաշնարած թուրք ընտանիք։

Հետևելով Առաքել Դավրիժեցու վկայությանը՝ ընդունված է վանքի հիմնադրումը վերագրել Տաթևի Մեծ Անապատում ուսանած և ծննդավայր վերադարձած Դավիթ եպիսկոպոսին շարունակել...

Մարտի 22
Medieval II: Total War (թարգմանաբար` Միջնադար 2. համընդհանուր պատերազմ), Creative Assembly ընկերության կողմից 2006թ. թողարկած համակարգչային խաղ է, 2002 թ. թողարկած Medieval: Total War-ի շարունակությունն է, Total War սերիայի չորրորդ խաղը: Խաղում, ինչպես ամբողջ սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է ռեալ ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են 1080-ից մինչև 1530 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Ինչպես առաջին խաղում, Medieval II-ի հիմնական գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:

Սակայն, ի տարբերություն նախորդի, խաղի իրադարձությունները անցնում են «Նոր Աշխարհի» հայտնագործման դարաշրջան, որից հետո քարտեզի վրա բացվում է Կենտրոնական Ամերիկան ացտեկների կայսրությամբ շարունակել...

Մարտի 23
«Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush), աշխարհահռչակ Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1925 թվականին:

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է՝ 1925 թվականի հունիսի 26-ին, ԱՄՆ-ում: Համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը:

1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ: Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, ով եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ շարունակել...

Մարտի 24
Մարդկային գործոն, սոցիալական հաղորդաշար թոք-շոու, եթեր է հեռարձակվում Արմենիա հեռուստաընկերության եթերում, յուրաքանչյուր աշխատանքային օր։ Հաղորդաշարն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2013 թվականի հունիսի 10-ին։ Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի օգնությամբ բարձրաձայնվում են հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ, խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն և ի վերջո մարդկային ճակատագրեր, որոնք օգնության կարիք ունեն։

Մարդկային գործոն հաղորդման նպատակներից մեկը իրազեկելն է, որպեսզի հասարակությունը որևէ խնդրի վերաբերյալ ունենա համապատասխան տեղեկություն և ճիշտ քայլեր ձեռնարկի։ Ծրագրի ընթացքում հրավիրվում են խնդրին վերաբերող բոլոր կողմերի ներկայացուցիչներ, որպեսզի քննարկումը որքան հնարավոր է լինի անաչառ։

Ըստ ՀՀ սահմանադրության յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է զրկել ազատությունից օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Հենց այս դեպքերն ու կարգերը խախտած անչափահասների կյանքի պատմությանն էլ անդրադարձավ «Մարդկային գործոն»-ը 2013 թվականի նոյեմբերի 25-ին շարունակել...

Մարտի 25
Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար
Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար

Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei; նաև` Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը:

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10):

Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18։15, 20։3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19։27, 20։2, 21։7) շարունակել...

Մարտի 26
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ; հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը: Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ:

Դերասանուհիներ Լուիզա Ռայների և Մորին Օ'Հարայի պես, Հեվիլլենդը մնում է ներկայումս կենդանի, Հոլիվուդյան 1930-40 ական թթ. աստղերից մեկը։

Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր շարունակել...

Մարտի 27
Տահա Հուսեյն
Տահա Հուսեյն

Տահա Հուսեյն, Եգիպտոսի նոր գրական դպրոցի խոշորագույն դեմքը։ Մանկուց կույր գրողը գիտելիքի հանդեպ մեծ տենչ ու կամք ունենալով ավարտեց մուսուլմանական բարձրագույն ուսումնական հաստատություն ալ-Ազհարը,Կահիրեի համալսարանը, Սորբոնի համալսարանը և դարձավ իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը։

Իր դոկտորական ատենախոսության մեջ, որ պաշտպանել է 1915թ. և որ նվիրված էր 11-րդ դարի արաբ պոետ-փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի ստեղծագործության վերլուծությանը, Տահա Հուսեյնը առաջին անգամ արաբական գրականագիտության մեջ փորձ է անում կիրառել քննադատական վերաբերմունքի գիտական մեթոդը աղբյուրների ուսումնասիրման գործում։ Ալ-Մաարրիի կենսագրությունից բացի նա դիտարկում է նաև սոցիալ-տնտեսական նախապայմանները հին պոետի ստեղծագործության համար։ Ընդգծելով գրականության հին ժառանգության հանդեպ քննադատական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նա ուսումնասիրում է Ղուրանի լեզուն։

1920-ական թթ.-ին, երբ եգիպտական հասարակության մեջ ուժեղ էին առաջադիմական տենդենցները, Տահա Հուսեյնը դառնում է նոր գրականական դպրոցի առաջատար գործիչ շարունակել...

Մարտի 28
«Բաչա» պարը, Սամարքանդ, 1905-1915 թթ., Սերգեյ Պրոկուդին-Գորսկու լուսանկար
«Բաչա» պարը, Սամարքանդ, 1905-1915 թթ., Սերգեյ Պրոկուդին-Գորսկու լուսանկար

Բաչա բազի (պարս.՝ بچه‌بازی «երեխաների խաղ», որը ծագում է պարս.՝ بچه «երեխա, մանուկ»), սեռական ստրկության և մանկական մարմնավաճառության տեսակ, որի շրջանակներում մինչպուբերտատային տարիքի տղա երեխաները կանացի կերպարանքով էրոտիկ պարեր են կատարում հաճախորդների առջև, որոնք կարող են նաև «գնել» այդ երեխային սեռական բավարարում ստանալու համար։ «Բաչա բազիի» տարածման հիմնական շրջաններն են Աֆղանստանը և Պակիստանը։

«Բաչա բազիների» պրակտիկան արգելված է և պաշտոնապես գոյություն չունի, չնայած իրականում այն լայն տարածված է։ Բազմաթիվ պատվիրատուներն էլ ռազմական հրամանատարներ են, իսկ ոստիկանները երբեմն համամասնակիցներ են:

Աֆղանստանի խորհրդարանի անդամ Աբդուլհաբիր Ուչկունը Բի-բի-սի հեռուստաընկերության հարցազրույցում հաղորդել է, որ վերջին տարիների ընթացքում բաչա բազիների թիվը աճում է: Մանկության և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցչուհին 2009 թվականին հայտարարություն արել, որտեղ կոչ էր անում վերջ դնել նման պրակտիկային: «Բաչա բազի» սովորույթը տարածաշրջանում առաջացել է դեռ 9-րդ կամ 10--րդ դարում շարունակել...

Մարտի 29
Ղարաբաղի կուսակալության դրոշ
Ղարաբաղի կուսակալության դրոշ

Ղարաբաղի կուսակալություն (պարսկ.՝ بیگلربیگی قره‌باغ‎ — Beglarbegi-e Ḡara-bāḡ), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1726 թթ.։ Թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501թ. այն միացրել է Պարսկաստանին։ 1554թ. վերջնականապես ձևավորվում է Ղարաբաղի կուսակալությունը։

Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 35, 000 քառ. կմ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներն ամբողջությամբ, Սյունիքի նահանգից՝ Զանգեզուրը։ Այժմ հիմնականում համապատասխանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ ազատագրված տարածքներով հանդերձ, ՀՀ Սյունիքի մարզին, իսկ Կուր գետի հովիտը, այդ թվում՝ Գանձակը, ամբողջությամբ պատկանում են Ադրբեջանի հանրապետությանը։

1722-1728թթ. թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Ղարաբաղը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736թ. Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747թ. կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Ղարաբաղի և Գանձակի խանությունները շարունակել...

Մարտի 30
Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից: Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում: Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում: Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն:

Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ X-XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը. նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։ XIX-XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին, որոնց մի մասը հետագայում՝ ներգաղթեց Հայաստան։

Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով շարունակել...

Մարտի 31
Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)
Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)

Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով)։ Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ

Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ժայռապատկերները, սեպագիր արձանագրություններ]ը, գաղափարագրերը, մեհենագրերը (հիերոգլիֆները), տապանագրերն ու որմնագրերը։ Իսկ առաջին նկարելուկները ծնվել են Ֆրանսիայում XV դարում։ Սկզբնապես Պիկարդիայում (պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա դիմակահանդեսների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ De rebus, quae geruntur, բառացիորեն՝ կատարվող գործերի մասին

Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների վահաններին, ազնվականների զինանշաններին, մեդալներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա։ Միայն հետագայում ռեբուս բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր