Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 07, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Մարկո Պոլո
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մարկո Պոլո (իտալ.՝ Marco Polo, սեպտեմբերի 15, 1254, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - հունվարի 8, 1324, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն)), իտալացի վաճառական, ճանապարհորդ և գրող։ 1300 թվականին իր շարադրած «Աշխարհի հրաշքների մասին» (ֆրանսերեն՝ Livres des merveilles du monde) գրքում ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը։ Գիրքը ներկայացնում է եվրոպացիներին Չինաստանի ընդարձակ տարածքները, հարստությունները, նրա մայրաքաղաք Պեկինը և ասիական այլ երկրների քաղաքները և երկրները։ Մարկո Պոլոն առևտրական գործը սովորել է իր հորից և հորեղբորից՝ Նիկոլո և Մատեո Պոլոներից, ովքեր ճանապարհորդել էին Ասիայում և հանդիպել Խուբիլային։ 1269 թվականին նրանք վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին։ Ապա կրկին ճանապարհ են ընկնում Ասիա՝ այս անգամ երեքով և վերադառնում են Վենետիկ 24 տարի անց։ Վենետիկն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Ջենովայի հետ։ Մարկոն բանտարկվում է և իր պատմությունները թելադրում բանտախցի ընկերոջը։ 1299 թվականին ազատ է արձակվում, դառնում ունևոր վաճառական, ամուսնանում և ունենում երեք երեխա։ Մահացել է 1324 թվականին և թաղվել Վենետիկի Սան Լորենցո եկեղեցու գերեզմանատանը։

Մարկո Պոլոն Չինաստան հասած առաջին եվրոպացին չէր, բայց նա առաջինն էր, որ թողել է իր ճանապարհորդությունների մասին մանրամասն ժամանակագրություն։ Նրա գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել 14-16-րդ դարերում ծովագնացների, քարտեզագիրների և գրողների վրա։ Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի սեղանի գիրքը՝ նրա Հնդկաստանը որոնելու ճանապարհորդության ընթացքում։

Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ հետո և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար։

Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։ Մարկո Պոլոյի գիրքը նաև ոգեշնչել է եվրոպական քարտեզագիրներին և նրա հիման վրա ստեղծվել է Ֆրա Մաուրոյի քարտեզը... Ավելին